Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչի պատվիրակները հանդիպել են հայ ռազմագերուն. նա տեղեկություններ է փոխանցել

Մարտ 31,2015 12:55

«Կարմիր խաչի Բաքվի պատվիրակները երեկ հանդիպել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային  կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա փոխանցմամբ` Կարմիր խաչի պատվիրակները տեղեկություններ են փոխանցել Անդրանիկին իր ընտանիքի մասին, նա էլ որոշ ընտանեկան բնույթի տեղեկություններ է փոխանցել ՀՀ-ում  գտնվող իր ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը:

Զառա Ամատունի

Զառա Ամատունի

Իսկ մարտի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին «հարցազրույց» հայ գերու հետ եւ ցուցադրել շփման գիծը «հատելու պահը»: ԼՂՀ ՊԲ-ն այդ տեսանյութը կեղծ է անվանել: Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք` միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի նման պահվածը իրավաչա՞փ է, նա պատասխանեց. «Մեր կազմակերպությունը նման գնահատականներ չի տալիս, քանի որ բոլոր տեսակի նկատառումները, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավական նորմերին, մենք ուղղում ենք անմիջապես իշխանություններին` փակ երկխոսության շրջանակներում»:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ փուլում է Անդրանիկ Գրիգորյանի գործի ընթացքը, հայրենադարձության մասին խոսք կա՞, համագործակցու՞մ են ՊՆ-ի հետ, Զառա Ամատունին պատասխանեց. «Մենք մշտապես երկխոսություն վարում ենք իշխանությունների, բոլոր ներգրավված կողմերի հետ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա խոսքը վերաբերում է պարբերական տեսակցելու, իր և իր ընտանիքի միջև կապը պահելուն, իր կամքի հետ կապված աջակցելուն, եթե կողմերը համաձայնության գան»:

Հարցրինք` Անդրանիկ Գրիգորյանը ցանկություն  հայտնե՞լ է Հայաստան վերադառնալ, Զառա Ամատունին պատասխանեց. «Ռազմագերին ընտանեկան լուրեր է փոխանցել: Կամք ասելով ոչ միայն  իր կամքի մասին եմ ասում, այլև հայրենադարձման: Երբ նման հարց լինի, Կարմիր խաչն իր անկախ միջնորդի ծառայությունն առաջարկում է: Մենք առայժմ կարող ենք փաստել, որ տեսակցել ենք, առայժմ հետագայի մասին խոսել չենք կարող»:

Հաջորդ տեսակցության մասին Զառա Ամատունին ևս ժամկետներ ու մանրամասներ չհայտնեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031