Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն 52 մլն դոլար վարկ է տալիս Հայաստանին` էլեկտրահաղորդման ցանցի բարելավման համար

Մարտ 31,2015 15:44

Համաշխարհային բանկը (ՀԲ) 52 միլիոն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին` «էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար:

Այսօր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում այս մասին հայտարարեց գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Նրա ներկայացմամբ` ծրագրի առաջին «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը ուղղվելու է ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտների հիմնանորոգմանը։

ՀԲ գրասենյակի ներկայացմամբ` Աշնակ ենթակայանը կհիմնանորոգվի` հիմնական սարքավորումները կփոխարինվեն, ինչի արդյունքում կկրճատվի սարքավորումների խափանումների քանակը եւ տեւողությունր, կբարելավվի էլեկտրամատակարարման հուսալիությունր շուրջ 120000 էլեկտրաէներգիա սպառողների համար։ Այս ենթակայանը շահագործման է հանձնվել 1983 թվականից եւ այն երբեւէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել։

Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երեւանի ԶԷԿ) ենթակայանը, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան ծավալի 20%-ը:

ՀԲ հայաստանյան գրասենյակի վստահեցմամբ` այս ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի հուսալիությունը եւ ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին: Ծրագրի իրականացումը թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հաճախականության ավելացումից, նաեւ դրան առնչվող զգալի սոցիալական եւ տնտեսական ծախսերից խուսափելու հնարավորությունից։

Ծրագրի 2-րդ բաղադրիչով` «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում», նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն։ Մասնավորապես, այն կարեւորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երեւանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը եւ վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից։ Կարգավարական պահուստային կենտրոնը նման խափանման դեպքում կտա էլեկտրաէներգետիկ համակարգի վերահսկողությունը ու կառավարումն անմիջապես վերականգնելու հնարավորություն։

ՀԲ-ի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանն ասաց, որ Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 ՄՎտ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն` մինչեւ 2020 թվականը մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար: ՀՀ կառավարությունն էլ, ըստ ՀԲ-ի, նախատեսում է կառուցել համակցված ցիկլով աշխատող գազային տուրբին, որի համար կպահանջվեն նախապատրաստական մի շարք աշխատանքներ, որոնց համար ֆինանսավորումը մատչելի չէ։

ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացմամբ` ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն դոլար, որից 17.16 միլիոն դոլարը կտրամադրի Հայաստանի կառավարությունը։

Համաշխարհային բանկի 52 միլիոն վարկը փոփոխական տոկոսադրույքով է` 14.5 տարի արտոնյալ ժամկետով, եւ 25 տարի մարման ընդհանուր ժամկետով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031