Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչաղբյուր-2»-ի մոտ ապօրինի ծառահատումներից 500մ երկարությամբ սողանք է առաջացե՞լ

Մարտ 31,2015 16:10

2014թ. նոյեմբերին Իջեւանի տարածաշրջանում, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի մերձակա տարածքում  ապօրինի անտառհատումներ էին կատարվել: Հայկական բնապահպանական ճակատն  այդ մասին համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում էր, որ ապօրինի հատողները փայտի կտորներով ծածկել են հատված ծառերի բները, որպեսզի քողարկեն դրանք: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ այդ տարածքում, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի ճանապարհին, ընդհանուր առմամբ հատվել է 34 հատ ծառ, որից 28-ը գտնվում  է Իջեւանի անտառտնտեսության, 6-ը՝ Սեւքարի անտառտնտեսության տարածքում: Ըստ տեղեկությունների՝ այդ ծառերը հատվել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարների կողմից՝ անտառում ճանապարհ բացելու եւ այլ նպատակներով: Այդ հատումների հետեւանքով  500 մետր երկարությամբ սողանք է առաջացել: Տվյալ տարածքում վաղուց գոյություն ունի սողանքային գոտի, ուստի ծառահատումներ չպետք է կատարվեին:

Մեր տեղեկություններով՝ նշված տարածքից վերեւ գտնվող հատվածում հատվել են  արջատխլենու ծառեր: Այդ ծառերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, դրանց հատումն արգելված է: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  Տավուշի բաժնի աշխատակիցները որոշել են ստուգել 34 ծառերի հատման հետեւանքով սողանքի առաջացումը, սակայն  բարձրադիր այդ տարածքում դեռեւս առկա ձյան հաստ շերտը դրա հնարավորություն չի տվել:  Նշենք,որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի դեմ բնությանը պատճառված վնասների համար քրեական գործ է հարուցված, որի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը: Այդ տարածքում առկա ձյունը թույլ չի տալիս նշված քրեական գործով նշանակված մի շարք փորձաքննություններ կատարելու:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, շինարարական աշխատանքներ են կատարվել, որի ժամանակ աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցումը: 2012-ի դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառած վնասի համար քրեական գործ հարուցելու համար: 2013թ. հունիսի 3-ին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ժայռը փլվել է, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարց է առաջանում, մարզի իրավապահ մարմիններն ինչու մինչ այժմ որևէ կերպ այս խնդրին չեն արձագանքում, առավել ևս, որ հոդվածի հեղինակը պարբերաբար անդրադարձ է կատարում ու նշում կատարված իրավախախտումների մասին: Իմ կարծիքով, վաղուց ժամանակն է, նշված անօրինականություններով զբաղվողների հետ մեկտեղ, պատասխանատվության ենթարկել նաև մարզի իրավահամակարգի այդ մասով պատասխանատու պաշտոնատար անձանց, ցուցաբերած անգործության համար, առավել ևս, որ համայնքի բնակիչները դեռևս 2012թ. դիմել են ՀՀ Գլխավոր դատախազին, չնայած նույնպես անարդյունք: Մեկ կարևոր հանգամանք ևս, ծառերի հատման պատճառով առաջացող սողանքներից բացի, ՀԷԿ-երի կառուցումը նպաստում է նաև գետի հունից սկիզբ առնող աղբյուրների անհետացմանը, ինչն էլ իր հերթին վտանգում է բնակավայրերին խմելու ջրով ապահովելուն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031