Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Սիլվա Կապուտիկյան» պատկերագրքի շնորհանդեսը

Մարտ 31,2015 23:26

Այսօր՝ մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Սիլվա Կապուտիկյան» պատկերագրքի շնորհանդեսը, որը տպագրվել է բանաստեղծի ծննդյան 95-ամյա հոբելյանի կապակցությամբ: Շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

zara2

 

Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը, որը նաև գրքի հեղինակներից է, պատմում է, թե Կապուտիկյանի կյանքի համայնապատկերը գրելու միտքը առաջացել է դեռ շատ վաղ. «2006 թվականի օգոստոսին բնակարանում երկար մենակ մնալուց հետո, վերցրի Կապուտիկյանի գրքերից մեկը և սկսեցի կարդալ: Կարդացի մի գործ, որը լույս էր տեսել Կապուտիկյանի մահից մի քանի ամիս առաջ: Եվ ահա հենց այդ գրքում հանդիպեցի մի գրվածքի, որտեղ Կապուտիկյանն ասում էր, որ նա ամենայն հավանականությամբ չի հասցնի գրել իր կյանքի համայնապատկերը. այն կմնա հետագա գրականագետներին կամ կենսագիրերից որևէ մեկին: Չգիտեմ՝ հանդգնությունս ինչով սնվեց, բայց ակամայից մտածեցի՝ իսկ եթե այդ կենսագիրներից մեկը ես լինեմ»:

zara1

Ռաֆլետա Հաջյանը, լավ ճանաչելով Սիլվա Կապուտիկյանին, գտնում է, որ նա իր ծնունդով ապացուցեց եղեռնի գոյությունը. «Կապուտիկյանը եղել է երկու գաղթական վանեցիների ժառանգ: Նա ոչ միայն գաղթականների ժառանգ էր, այլ ապրում էր այնպիսի բակում, որը լցված էր տարբեր վայրերից եկած գաղթականներով: Ես համոզված եմ, որ ընդունակ ու ամեն ինչ ընկալող փոքրիկ Սիլվան այդ ժամանակվանից զգացել է կարոտը պատմական հայրենիքի նկատմամբ: Եվ արդեն իր գիտակից կյանքում էլ Սիլվան երբեք անտարբեր չի եղել Եղեռնի նկատմամբ:

Նա 1962 թվականից, շրջելով սփյուռքում, հայկական գաղթօջախներում, տվեց 2 աշխատություն, որոնք կոչվեցին ՝ «Սփյուռքապատում»:

Ս. Կապուտիկյան գրական հիմնադրամի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանն էլ ներկայացնելով գիրքը նշեց, որ շապիկին Հարություն Կալենցու կողմից արված նկարն է . «Թեպետ այս նկարը համարվում էր անավարտ, բայց քանի որ Կապուտիկյանը այս նկարը շատ բարձր էր գնահատում, որոշեցինք, որ գեղագիտորեն էլ այս գիրքը պետք է արժեք ունենա ու ընտրեցինք հենց սա: Գրքում զետեղել ենք նաև Մարտիրոս Սարյանի, բանաստեղծի որդու՝ Արա Շիրազի աշխատանքները, որոնց մի մասը հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ: Գիրքը բաժանել ենք հետաքրքիր խորագրերի, որոնց մեջ երևում է Կապուտիկյանը հայ օտար մեծերի, իր ժամանակակիցների հետ, նրա անցած էպոպեան՝ 1919 թվականից մինչև 2006 թվականը»:

Ներկաների շարքում էր նաև Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Երանուհի Մարգարյանը, որը շնորհավորելով բոլորին այս տոնի կապակցությամբ, նշեց, որ անհնարին է պատկերացնել հայ ժողովրդի գրական պատմությունն առանց Սիլվա Կապուտիկյանի: Խոսելով պատկերագրքի մասին՝ Երանուհի Մարգարյանը փաստեց, որ հրաշալի աշխատանք է տարվել գիրքը ստանալու համար. «Հեղինակները ամենայն բարեխղճությամբ ուսումնասիրել են Կապուտիկյանի արխիվը, վեր են հանել շատ նյութեր,որոնք անհայտ են մեր սերնդին ու հավաքել են մեկ գրքում: Ամբողջացվել են ոչ միայն Սիլվա Կապուտիկյանի թողած մտքերն, այլ նաև ամբողջացվել է մի ամբողջ դարաշրջան»:

Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաեւ Սիլվա Կապուտիկյանի խոսքերով գրված երգեր, հատվածներ նրա նամակներից ու ստեղծագործություններից:

Զարուհի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031