Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով պատերազմը շարունակվում է

Ապրիլ 01,2015 15:05

«Միանշանակ նոր զարգացումներ պետք է սպասել», – Aravot.am-ի հարցին` զարգացումներ սպասե՞լ քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկի» սպանությունից հետո, մանավանդ, որ մեկ օր առաջ կրակել են նրա ընկերոջ վրա, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Պոպովի փողոցում անհայտ անձը կրակել էր 36-ամյա Վարդան Կարապետյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Լուրեր կան, որ Վարդան Կարապետյանը վերջերս Նուբարաշենում սպանված քրեական աշխարհում «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանի ընկերն է:

Artur_SaquncԱրթուր Սաքունցը կարծում է, որ նման զարգացումները անխուսափելի են` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ «մեր երկրում քրեական աշխարհը կարող է իր համագումարը լիովին իրավական, բաց, անթաքույց անցկացնել, քրեական աշխարհի ներկայացուցչի թաղմանը օրը ցերեկով մասնակցում են քաղաքական ղեկավարությունը, պատգամավորներ, նրանց ընտանիքի անդամներ ու չեն էլ թաքցնում, որ ախպերական առնչություններ ունեն քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ:

Այս առիթով պարոն Սաքունցը նկատեց. «ՀՀ-ում քաղաքականությունը, այդ թվում նաև ընտրությունները իրականացվում են քրեական մեթոդներով և քրեական աշխարհի գործիքներով: Հետևաբար, նման մասշտաբի հանցագործությունը օրը ցերեկով քրեակատարողական հիմնարկի մոտ կատարելը ընդվզում է իրավական համակարգին»:

Արթուր Սաքունցին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ քաղաքական շրջանակներից հայտարարություն չի հնչել, թե պայքարում են քրեական աշխարհում տեղի ունեցող միտումների դեմ և չեն համարել դրանք որպես անթույլատրելի, ժողովրդավարական պետությանը ոչ հարիր: Այս հանգամանքից ելնելով` իրավապաշտպանը հայտարարում է, որ «Երրորդմասցի Լյովիկի» գործով հայտարարված պատերազմը ավարտված չէ». «Իհարկե, այդ մասին մանրամասներ կհայտնեն այդ հանցագործության քննությամբ զբաղվող իրավապահները, օպերատիվ հետախուզական ատյանները պիտի հասկանան մոտիվները, որոնք ընկած են սպանությունների կատարման շարժառիթների հիմքում: Բայց մեզ` որպես հանրություն, դա հուզում է այն առումով, որ այդ դեպքերը չեն կասեցվում, վստահություն էլ չունենք, որ կասեցվելու են: Ավելին, նույնիսկ կասկածում ենք, որ կարող է նույնիսկ որոշ քրեական ներկայացուցիչներ հովանավորվում են քաղաքական ֆիգուրների կողմից: Քաղաքական դերակատարություն ունեցող անձանց կողմից, որոնք իրենց բովանդակությամբ քրեական են, բայց քաղաքական դիմակով ու կարգավիճակով: Նրանք այնքան են սերտաճած քրեական աշխարհի հետ, որ նրանց գործառույթները միահյուսված են պետական գործառույթներին»:

Արթուր Սաքունցը նկատում է, որ քաղաքական ղեկավարությունը անգամ որևէ հայտարարություն չի անում այն մասին, որ ԱՄՆ-ից ժամանելու է մեկ այլ օրենքով գող` «Երրորդմասցի Լյովիկի» հորեղբորորդի Պզոն. «Քաղաքական ոլորտում չեն բացառում, որ կգա մեծ ախպերը: Փաստորեն ամոթ, անթույլատրելի չի համարվում քրեական աշխարհի հետ առնչություն ունենալը, այլ նորմալ է համարվում: Ու ինձ մոտ` որպես քաղաքացի այլևս չի կարող վստահություն լինել իրավական համակարգի արդյունավետության, որպես հանցագործությունները կանխող, բացահայտող և պատասխանատվության ենթարկող մարմին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930