Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Մկրտչյանի կին. «Պետք չէ նրան կուռքի վերածել»

Ապրիլ 01,2015 15:10

Երեկ «Հայ գիրք» գրախանութում կազմակերպված «Չտեսնված Մհեր» գիրք-ալբոմի քննարկումից հետո Aravot.am-ը զրուցեց գրքի հեղինակ, Մհեր Մկրտչյանի կին՝ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանի հետ: Մեր հարցին, թե նկատել է՝ ինչպե՞ս է նոր սերունդը գնահատում մեծ դերասանի արվեստը, նա պատասխանեց. «Նոր սերունդը, որը իրեն չի տեսել անձամբ, եւ չի տեսել նրա բեմական դերերը, միայն կինոյով է ճանաչում, երբեմն շատ անհիմն կուռքի վերածելու միտում ունի: Կուռքեր ստեղծելը կյանքում շատ վատ բան է, նույնիսկ Ավետարանը թույլ չի տալիս, պատվիրանը թույլ չի տալիս, պետք չէ նրան կուռքի վերածել»:

Տիկին Թամարան կարծում է, որ նոր սերունդն ավելի շատ պետք է խորամուխ լինի դերասանի գործի ուսումնասիրությանը. «Ես խորհուրդ կտայի, որ ավելի երիտասարդ սերունդը ավելի խորը ուսումնասիրեր նրան, տեսներ՝ այդ ի՞նչ բան էր, այդ ի՞նչ գաղտնիք էր, որ նա անում էր, մենք չենք անում դեռ, ոչ թե կապկել, նմանակել, այլ հասկանալ, թե գաղտնիքը որն է: Ուրիշ հարց, որ չկան նաեւ լավ դասավանդողները: Ես դա տեսնում եմ: Զուտ մեր ոլորտի մասին խոսեմ. շատ ցավալի բան է. անկարելի է, որ տաղանդավոր մարդ չլինի, բայց յուրաքանչյուր տաղանդավոր մարդ պետք ունի, որ ոլորտը լինի լավ, զարգացած, որովհետեւ մենակ գործել չի կարող տաղանդավոր մարդը: Եւ հետո ինչ-որ դպրոց լինի, ինչ-որ կարելիներ-չկարելիներ լինեն,- ասում է Մհեր Մկրտչյանի կինը, եւ շարունակում,-լավ սովորեցնողներ են պետք: Ես կարող եմ շատ բան անել, բայց ինձ էլ խանդավառ չեն ընդունում»:

Թամարա Հովհաննիսյանը համարում է, որ ինքը շատ բան կարող է փոխանցել Մհեր Մկրտչյանից, քանի որ ամբողջ ընթացքում հետեւել է նրա արվեստին. «Ես նրանից շատ բան եմ սովորել: Դրանք լուրջ բաներ են, սովորեցնելու բաներ են, դե եթե հաջողեմ գրեմ այդ ամենը, գուցե փոքրիկ ձեռնարկի նման մի բան լինի, որովհետեւ ամեն դերի վրա աշխատելուց, ամեն դերը ստեղծելուց այդ ճանապարհը նա նորից էր անցնում»,- ասում է տիկին Թամարան:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930