Լրահոս
Օրվա լրահոսը

Եկան, սպառնացին, գնացին

Ապրիլ 04,2015 12:00

Եթե ՀՀ եւ ՌԴ իշխանությունների
ու հասարակությունների միջեւ իրական վստահություն լիներ

Օրեր առաջ Հայաստան էր ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որի գլխավորած պատվիրակությունն ԱԺ-ում քննարկեց ԵՏՄ-ի հեռանկարները: Հայաստանի որոշումը` անդամակցել ԵՏՄ-ին, տպավորություն է ստեղծվում, որ ռուսներն են նույնիսկ համարում արհեստականորեն արված քայլ: Ահա, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են Երեւան, իրենց պարտքն են համարում բացատրել Երեւանում, թե ինչ կպատահեր Հայաստանի հետ, եթե մենք ընտրեինք եվրոպացիների առաջարկած ուղին եւ «ձեռքի հետ» էլ Արեւմուտքին են քննադատում:
Նարիշկինի կարծիքով՝ Բրյուսելի եւ Վաշինգտոնի կողմից կիրառվող քաղաքական ու տնտեսական «կոպիտ շանտաժից»՝ հակառուսական պատժամիջոցներից առավելապես տուժել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինան եւ Մոլդովան: Իսկ Եվրասիական տնտեսական միության անդամները, ըստ Նարիշկինի, պաշտպանված են: «Անօրինական պատժամիջոցների հարուցած դժվարությունները ոչ միայն բարեհաջող հաղթահարվում են, այլեւ նպաստում են եվրասիական ինտեգրացիային»,- նշել էր Պետդումայի նախագահը` հավելելով. «Վերջին տարվա իրադարձությունները ցույց տվեցին, թե միջազգային համագործակցությանը ինչ վնասներ կարող է հասցնել անդրօվկիանոսյան տարադրամի մոնոպոլիան»: Նա կարեւորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միասնական արժույթի անցնելու նախաձեռնությունը: Ըստ ռուս պաշտոնյաների` ԵՏՄ-ն թույլ է տալիս հավասարը հավասարի հետ քննարկել այդ խնդիրները, գտնել միասնական լուծումներ, հակառակ պարագայում այդ հնարավորություններն ավելի քիչ կլինեին, եւ ԵՏՄ-ին անդամագրումը հիմնված է հավասարության եւ ինքնիշխանության սկզբունքի վրա: Նարիշկինը նշել է, որ ի տարբերություն ԵՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միությունները պահանջում են, որ միության շահը գերակայի անդամ պետությունների ազգային շահերին, ու ընդգծել է, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամագրվելու որոշումը կայացրել են հենց ՀՀ քաղաքացիները:

Հայաստանի հասարակության մեծ մասն, իհարկե, շարունակում է համարել, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ապագա չունի, սակայն ԵՏՄ-ին անդամակցության որոշումը չի կարելի ասել, թե կայացրել են ՀՀ քաղաքացիները: Բացի այդ, ինչո՞ւ են անհանգստացած ռուսաստանցի պաշտոնյաները, եթե իսկապես համարում են, որ ՀՀ քաղաքացիներն են այդ «անշրջելի» որոշումը կայացրել, եւ հարկ են համարում խոսել «այլ աշխարհաքաղաքական ընտրության», «այլ միությունների հետ ասոցացման» վնասների մասին: Գուցե, այնուամենայնիվ, կասկածնե՞ր ունեն:
Իսկ ո՞րն է մեր օգուտը ԵՏՄ-ում: Արդեն երեք ամիս գործող ԵՏՄ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի միջեւ ներքին առեւտուրը հունվարին նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 36 տոկոսով. սա ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ ռուս տնտեսագետները հորդորում են «դանդաղ շտապել» եւ վաղաժամ դատողություններ չանել։

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցեր, թե ոչ՝ վստահաբար ռուսական ռուբլու փոխարժեքի փոփոխությունը բացասաբար էր ազդելու Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության վրա. սա պարզ է: Բայց ռուսները հարմար «արդարացում» են գտել` «ստեղծված իրավիճակը կապված է համաշխարհային տնտեսությունում առկա երեւույթների, մասնավորապես՝ նավթի գնի անկման հետ»։ Սակայն ակնհայտ է ԵՏՄ-ի կայացման եւ դրա շրջանակներում մեր երկրի տնտեսական զարգացման հնարավորությունների հարցն ընդհանրապես՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ Բելառուսի ու Ղազախստանի դեպքում։

Թե մեր հասարակությունում, թե ռուսական իշխանական վերնախավում բոլորն էլ հստակ գիտակցում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պարտադրված, արհեստական քայլ էր, մեր երկրի որեւէ իշխանություն չէր կարող խուսափել այդ միությանն անդամակցելուց: Այժմ «խաղադրույքը» կարծես միայն ժամանակի վրա է` երբ կարձանագրվի այդ կառույցի ոչ կենսունակ լինելը:

Գանք հաջորդ հարցին: Իսկ գուցե ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության օգուտը իսկապես անվտանգությա՞ն ոլորտում է: Այս դեպքում էլ, սակայն, ամեն ինչ հարթ չէ: Նարիշկինը հրապարակայնորեն պատասխանել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ արած հայտարարությանը. «ՀՀ հանդեպ դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանին պարտավորեցնում են արտաքին ագրեսիայի դեպքում պաշտպանել Հայաստանին, եւ դուք որեւէ կասկած չպետք է ունենաք, որ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում այդ պարտավորությունները կկատարի: Ինչ վերաբերում է զենքի առեւտրին, ապա այստեղ, անշո՛ւշտ, կա կոմերցիոն բաղադրիչ: Ցանկացած պետություն, որը արտադրում է ժամանակակից սպառազինություն, բնականաբար, մտադրություն ունի եւ պլաններ է մշակում այդ սպառազինությունը վաճառել եւ դրա դիմաց ստանալ եկամուտ: Այդ միջոցները օգտագործվում են կառուցողական, ստեղծագործ նպատակներով, այդ թվում՝ նաեւ այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու, համագործակցելու»:
Այսինքն՝ Նարիշկինն առաջին ռուս պաշտոնյան էր, որն արձագանքեց Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մտահոգությանը: Ինչպես եւ կարելի էր ենթադրել՝ Կրեմլի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի հետ՝ «միայն բիզնես», ուրիշ ոչինչ, այն էլ՝ «կառուցողական, ստեղծագործ նպատակներով»: Բայց Ռուսաստանի «ռազմավարական դաշնակից» Հայաստանն ակնհայտորեն Ադրբեջանի կողմից հաճախ ագրեսիայի է ենթարկվում, ՀՀ սահմանների ուղղությամբ են ռուսական հարձակողական զենքից կրակոցներ հնչում, հետաքրքիր է, թե ինչու են այս փաստը հետեւողականորեն անտեսում Ռուսաստանի իշխանությունները:

Հայ-ռուսական «դարավոր բարեկամության», հակառուսական տրամադրությունների անթույլատրելիության մասին բարձրաձայնողներն ամենաշատը պետք է հետաքրքրված լինեն, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հավասարը հավասարի, ռազմավարական որակ ու մակարդակ ունենան գործնականում: Այդպիսի հարաբերությունների առկայության պայմաններում ռուս պաշտոնյաները ստիպված չեն լինի ՀՀ մայրաքաղաքում շեշտել, որ ՀՀ քաղաքացիներն են ԵՏՄ անդամակցության որոշումը կայացրել ու այլ կառույցների անդամակցության վտանգների ու սպառնալիքների մասին բարձրաձայնել: Դրա անհրաժեշտությունը պարզապես չի լինի, եթե երկու երկրների իշխանությունների եւ հասարակությունների միջեւ իրական վստահություն լինի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930