Հրանուշ Հակոբյանի կոչը` Բարեգործականին. «4 տարին մեկ հայրենիքում հանգստացեք, դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք». (Տեսանյութ)

Հրանուշ Հակոբյանի կոչը` Բարեգործականին. «4 տարին մեկ հայրենիքում հանգստացեք, դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք». (Տեսանյութ)

Այսօր ապրիլի 4-ին, շարունակվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)  88-րդ Ընդհանուր ժողովը՝ Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանն իր ելույթում նշեց, որ պետք է Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը դիտարկել որպես մեկ ամբողջություն, ներդրումներ կատարել Հայաստանում եւ Արցախում: Նա նաեւ մտահոգություն հայտնեց Միջին Արեւելքի տագնապալի իրավիճակի առիթով:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ուրախ է ՀԲԸՄ-ի ընդհանուր ժողովը Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին կայանալու առիթով:   Նախարարի խոսքով, հարափոփոխ աշխարհում կան ներքին մարտահրավերներ, իսկ Հայաստանն ունի արտաքին եւ համաշխարհային մարտահրավերներ, որոնք կարելի է միասնաբար լուծել հզորացած  հայրենիքով: Նախարարն անդրադարձավ արտագաղթին եւ աղքատությանը, ասաց որ դրա լուծումը աշխատատեղերի ավելացնումն է, ներդրումների ծավալի մեծացումը, շեշտեց, որ պետք է այս համատեքստում ճիշտ հաշվառել Բարեգործականի ներուժը, ու սփյուռքահայերը ավելի շատ ներդրումներ անեն հայրենիքում: Նա մի քանի առաջակ արեց, ասաց, որ օրինակ, եթե ամեն յոթերորդ հայ հաշիվ բացի հայաստանյան որեւէ բանկում, մեր տնտեսությունը կհզորանա, սփյուռքահայերն էլ օգուտ կստանան ու կօգնեն Հայաստանի հզորացմանը:

HBYM-2

 

Նկատելով, որ սա Պերճ Սեդրակյանի չորրորդ այցն է Հայաստան, կոչ արեց սփյուռքահայերին. «Չորս տարին մեկ էլ հայրենիքում հանգստացեք, դուք կհանգստանաք, մենք էլ կհարստանանք»: Հրանուշ Հակոբյանը կոչ արեց, որ Բարեգործականը ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի եւ Հայ Դատի լոբբինգին, նաեւ  աջակցի, որ ավելի շատ օսմանագետներ ու թուրքագետներ  պատրաստվեն. «Պետք է  ավելի շատ կիրթ գրագետ, զարգացած մարդիկ ունենանք, եւ եթե Ադրբեջանը գլուխ է գովում իր նավթային  դոլարներով,  որը փառք աստծո, անվերջ չէ, մենք պետք է գլուխ գովենք մեր մարդկային  հզոր ներուժով»: Նախարարը ակնկալեց Բարեգործականի աջակցությունը Թուրքիայի ծպտված հայերին Հայաստանի հետ կապելու ուղղությամբ:

HBYM_3

Նախարարը Սփյուռքի նախարարության  Ոսկե մեդալ շնորհեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին:

Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց Վեհափառի ուղերձը, նաեւ շնորհակալություն հայտնեց նախարարին ոգեշնչող ելույթի համար, ապա հանձնեց Մայր Աթոռի պարգեւը՝ «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը Անիտա Անսրյանին՝ բեղմնավոր գործունեության համար, ՀԲԸՄ-ին մատուցած ծառայությունների համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    «Չորս տարին մեկ էլ հայրենիքում հանգստացեք, դուք կհանգստանաք, մենք էլ կհարստանանք»:

    Քիչ թալանեք, ժողովուրդն էլ կհարստանա:

    Չորս տարին մեկ հայրենիքում թողեք ձեզնից հանգստանանք, ու օրիանական ընտրություններ անցկացնենք:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք