Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ազգագրագետը մեռելոցների մասին. «Իշխանությունը չպետք է եկեղեցի-ժողովուրդ հարաբերությունը կարգավորի»

Ապրիլ 06,2015 20:22

2008-ից սկսած  5 տաղավար տոներին հաջորդող Մեռելոցները  հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր: Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Այս տարի ապրիլի 6-ի աշխատանքային օրը եւս տեղափոխվել  ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը: Կառավարության այս քայլը միանշանակ չի ընդունվել: Օրինակ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի ձեւակերպմամբ` Հայ առաքելական եկեղեցին նմանվում է Հանրապետական կուսակցությանը, քանի որ առաջնորդվում է ոչ թե հանրային, այլ՝ սեփական շահերով։

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեռելոցների ոչ աշխատանքային օր հայտարարվելուն՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց. «Աշխատանքային օր լինել-չլինելը խնդիր է, որը կարող էր առհասարակ հրապարակային քննարկման նյութ չլինել, եթե կառավարության համապատասխան որոշումը չլիներ: Դա մաքուր եկեղեցական եւ կրոնական երեւույթ է, որին կառավարությունը չպետք է խառնվի, դա ոչ թե իրավունքի խախտում է, այլ երկրի աշխարհիկության»:

Նրա ձեւակերպմամբ, մեր բնակչության 80 եւ ավելի տոկոսը այդպիսի պահանջ չունի, եւ հարցն էլ, ըստ ազգագրագետի, որեւէ առնչություն չունի մեր պատմական եւ մշակույթի ժառանգորդման խնդրի հետ: Նրա ասելով,  ավանդաբար տաղավար տոներին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, բայց այդ ոչ աշխատանքայինը  եւս շատ հարաբերական է. «Ի՞նչ է նշանակում, օրինակ` Ցարական Ռուսաստանում կամ Օսմանյան Թուրքիայում ոչ աշխատանքային օր՝ հայ եկեղեցու համար: Դա ընդամենը հայ գյուղացու համար առաջադրանք էր, եթե իր համար էր հողակտորի վրա էր աշխատում կիրակի օրը պետք է գնար եկեղեցի, հաջորդ օրը՝ մեռելեցի: Իսկ եթե իր հողի վրա չէր աշխատում, ֆեոդալն է որոշում նրա անելիքը, սա ժողովրդի կյանքի բաղկացուցիչ չէ, եւ այն կանոնակարգում է եկեղեցի-հասարակություն հարաբերությունները, որը կրկնում եմ՝  ո՛չ  մշակույթի ժառանգորդման խնդիր է լուծում, ո՛չ էթնիկ ինքնության, ո՛չ հայ մշակույթի դիմանկարի հետ կապ ունեցող խնդիր է, ուղղակի հարց է, որ փորձ է արվում իշխանության միջամտությամբ եկեղեցի-ժողովուրդ հարաբերությունը կարգավորել»:

Հրանուշ Խառատյանը փաստում  է. «Քանի որ մարդիկ ավանդաբար անգամ խորհրդային բռնաճնշումների տարիներին, այնուամենայնիվ, գերեզման գնալը չմոռացան, հիմա ավանդույթը պահում են, դրա համար եկեղեցին առաջարկում է գերեզման գնալ երկուշաբթի, կիրակի՝ եկեղեցի: Հիմա կգնա՞ն  եկեղեցի, թե չե՞ն գնա, սա այլ մեկնաբանության խնդիր է: Եկեղեցի գնալու հասարակական պահանջը այդպես չպետք է ձեւավորվի, մանավանդ՝ ովքեր եկեղեցի չէին գնալու, առանց սրա էլ չեն գնալու, իսկ ով որ գնալու էր՝ առանց այս նորամուծության էլ կգնա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930