Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Գեւորգ Կոստանյանը խաբել է»

Ապրիլ 06,2015 22:22

«Այն գործառույթները, որը հիմա ունի գլխավոր դատախազությունը, լիովին բավարար է, որ արդյունավետ կատարի իր գործունեությունը` նաեւ նախաքննության նկատմամբ հսկողությունն, այդ թվում եւ Քննչական կոմիտեի, եւ Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ դատախազությունն Ազգային ժողով է ուղարկել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի տարեկան հաղորդումը: Գեւորգ Կոստանյանը խորհրդարանից լրացուցիչ լիազորություններ է խնդրել` համակարգելու իրավապահ մարմինների գործունեությունը, որպեսզի հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի: Գլխավոր դատախազն այս առիթով նաեւ դատախազության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան:

«Լրացուցիչ լիազորությունների ձեռքբերումը, որպեսզի համակարգի իրավապահ մարմինների գործունեությունը, չի բխում դատախազական կառույցների գործառույթների վերաբերյալ ԵԽ հանձնարարականներից»,- նկատեց Արթուր Սաքուցը` բերելով կոնկրետ փաստաթղթերի անվանումներ եւ կետեր, որոնք հստակ սահմանում են` դատախազությունը չի կարող հանդիսանալ իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող: Ավելին, ըստ մեր զրուցակցի, ԵԽ-ն գտնում է, որ դատախազների եւ ոստիկանության, դատախազների եւ դատավորների փոխհարաբերությունները չեն կարող հիերարխիկ մոտեցումների համակարգով լինել: ԵԽ-ն դիտարկում է հսկողություն կամ վերահսկողություն դատախազության կողմից` ոստիկանության նկատմամբ. «Դատախազությունն այսօր էլ հնարավորություններ ունի ոստիկանությանը ցուցումներ տալու, այսօր էլ դատախազությունը կարող է գնահատել ոստիկանության գործունեությունը եւ առաջարկություններ ներկայացնել»:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Գեւորգ Կոստանյանը, Արթուր Սաքունցը չի կարող երեւակայել, բայց նկատում է, որ գլխավոր դատախազը, որպես հսկող մարմին, շատ լուրջ անելիքներ ունի վկաների, կասկածյալի, տուժողների իրավունքների պաշտպանության առումով գործողություններ իրականացնելու տեսակետից, որը չի արվում: «Կա դատախազական հսկողություն քրեակատարողական հիմնարկներում: Դա լուրջ լծակ է այն անձանց իրավունքների պաշտպանության հարցում, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ տեղափոխվել են ՔԿՀ: Արտաքին զննության արդյունքում բացահայտված վնասվածքները բավարար են, դատախազության կողմից քրեական գործի հարուցում սկսելու համար: Այսինքն, դատախազությանն այսօր ի՞նչ լիազորություն է պակասում, որ այդ գործառույթը չի իրականացնում: Այստեղ վարչական կամ օրենսդրական հիերարխիկ ենթակայության սկզբունք պետք չի, այլ գրագետ եւ հետեւողական աշխատանք»:

Խորհրդարանին ուղղված իր հաղորդման մեջ գլխավոր դատախազը խոսել է նաեւ նախաքննության ժամանակ բռնությամբ կորզված ցուցմունքներին վերաբերվող հայտարարությունների մասին` նկատելով, որ այդ դեպքում սուտ մատնության հոդված կարող է կիրառվել: Մեր զրուցակցին սա զարմացնում է` դատախազությունը փոխարեն ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդում տված անձի անվտանգության երաշխիքներն ապահովի, ինչը նաեւ ԵԽ-ի պահանջներից է, մի բան էլ սպառնում է կամ զգուշացնում, որ իր վրա հույս չդնեն:

Ըստ Արթուր Սաքունցի, թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում դատախազությունը որեւէ միջոց չի ձեռնարկում, երբ մեղադրյալը, տուժողը կամ վկան հայտարարում են իրենց նկատմամբ ճնշումների ու բռնությունների մասին: Ավելին, դատավորն էլ որեւէ արձագանք չի տալիս: Հետեւաբար, նա խնդիրը ոչ թե օրենսդրական կարգավորման դաշտում է տեսնում, այլ վարքագծի ու գլխավոր դատախազի նման կեցվածքն էլ փաստում է նրա մասին, որ դատախազությունը նպաստում է բռնարարքների տարածմանը ոչ թե կանխարգելմանը:

Խորհրդարանին ներկայացված գլխավոր դատախազի զեկույցում 2008 թվականի մարտի 1-ի գործի մասին ոչինչ չկա: Սա, իրավապաշտպանն այսպես է բնութագրում. «Գլխավոր դատախազ առաջադրվելու ժամանակ, երբ Գեւորգ Կոստանյանը հանդիպում էր խորհրդարանական խմբակցությունների հետ` խոստումներ էր տալիս, որ այդ գործում առաջընթաց է լինելու: Ինքն, ակնհայտորեն, խաբել է: Սա խոսում է այն մասին, որ դատախազը քաղաքականապես կախված է իշխանությունից, թեեւ դրա համար ունի բավարար երաշխիքներ, կարողություն եւ հնարավորություններ: Նա գերադասում է գլխավոր դատախազի պաշտոնը անաչառությունից եւ օրենքի գերակայությունից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930