Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք գնահատականներ խոցելի եւ վիճելի են

Ապրիլ 09,2015 12:30

Մի քանի դիտարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ արած գնահատականներին:

Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի (իմ եւ շատերի կարծիքով՝ 1991-96 թթ.) եւ քաղաքական գործչի համակիրը կամ համախոհը երբեք չեմ եղել: Լեւոն Տեր-Պետրոսյան արեւելագետի որոշ գիտական ուսումնասիրություններ աչքի անցկացրել եմ, սակայն մասնագիտական ուղղվածության առումով շատ չեմ հետաքրքրվել (բացառություն է կազմում «Խաչակիրները եւ հայերը» աշխատությունը, որը նպատակ ունեմ ազատ ժամանակ գտնելու դեպքում ընթերցել): Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի եւ գիտնականի հայացքները, կարծիքը եւ դիրքորոշումը հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ինձ հետաքրքրել են միշտ եւ դրանց ծանոթ եմ: Նրա գիտական ձեռքբերումներին երեւի թե ավելի նեղ մասնագետները գնահատական կտան, իսկ քաղաքական գործունեությունն ու ձեռքբերումները թերեւս արժանացել են եւ կարժանանան հակադիր գնահատականների: Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի առնչությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջերս հրապարակված «խոհեր»-ի, «բաց նամակի» եւ «ուղերձի նախագծի» առնչությամբ եւ՛ որպես ՀՀ քաղաքացի, եւ՛ որպես թուրքագետ ցանկանում եմ մի քանի դիտարկում անել:
Ձեւի առումով հետաքրքիր եւ ողջունելի է, որ ՀՀ առաջին նախագահը անդրադառնում է համազգային կարեւորություն ու նշանակություն ունեցող խնդրի: Սակայն բովանդակային առումով Տեր-Պետրոսյանի մի շարք գնահատականներ, դիտարկումներ, մեղմ ասած, խոցելի են, վիճելի, իսկ առաջ քաշված թեզերն էլ հաճախ հենված ոչ ճիշտ կամ խեղաթյուրված փաստերի, որոշակի իրողությունների անտեսման վրա:

Նախ առաջին անդրադարձի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հետ կապված «խոհերի» մասով.
«Խոհերի» առաջին կետում Լ. Տեր-Պետրոսյանը իր անհամաձայնությունն է հայտնում «հայ ժողովրդի միասնական կամք» արտահայտության վերաբերյալ եւ շեշտում. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել»: Դրանից հետո, սակայն, Լ. Տեր-Պետրոսյանը թվարկում է այն մարդկանց կամ կազմակերպությունների անունները, որոնք կարող են խոսել հայության մի ստվար խմբի անունից: Ասենք օրինակ՝ եկեղեցու առաջնորդները «սեփական իրավազորության ենթակա համայնքների անունից»: Այստեղ կարելի է զուտ հռետորական հարց տալ, թե հայության քանի՞ տոկոսն է առաքելադավան եւ քանի՞ տոկոսն է մաս կազմում Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների իրավազորության տակ գտնվող համայնքներին: Հռչակագրի հրապարակման ժամանակ, ի շարս այլոց, առաջին շարքում էին կանգնած երկու վեհափառները, կաթողիկե հայերի հոգեւոր առաջնորդը եւ բազմաթիվ այլ կառույցների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ: Այսինքն՝ ըստ էության, ապահովված էր այն հիմքը, որը թույլ կտար կիրառել «հայ ժողովրդի միասնական կամք» արտահայտությունը: Սա այն դեպքում, սակայն, եթե կա ցանկություն, իսկ հակառակ պարագայում հարցի հանգուցալուծումը, ըստ էության, փակուղին է:

Այսպես, որպես հայության միասնական կամքի արտահայտման միակ ճանապարհ, որն ի սկզբանե անհնար է, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է համահայկական հանրաքվեն. «Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է»: Այսինքն՝ ստացվում է փակ շրջագիծ եւ հայությունը դատապարտվում է նաեւ հռչակագրային իմաստով անմիաբանության: Այս նույն համատեքստում Լեւոն Տեր-Պետրոսյանը փոքր-ինչ պարզունակ կանխատեսում է անում, որ միգուցե միջազգային հանրությունը մեզ հարցնի. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: Սակայն եթե շարունակենք այդ տրամաբանությունը, ապա կարող ենք էլի նման հարցեր բարձրացնել, ասենք օրինակ՝ եթե լինի հանրաքվե եւ մի մասը դեմ քվեարկի, ապա հնարավոր կլինի ասել, որ հայության 1 տոկոսը դեմ էր եւ սա չի կարելի անվանել «հայ ժողովրդի միասնական կամք»: Եվ անմիջապես առաջ է գալիս մի հռետորական հարց ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանին. այդ ի՞նչ իրավունքով էր նա իր գլխավորած շարժումը հռչակել «համաժողովրդական», ո՞ր հանրաքվեի հիման վրա:

Երկրորդ կետում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին եւ կառույցներին ՀՀ-ի կողմից շնորհակալություն հայտնելու համար՝ դա համարելով հայերիս նվաստացնող «գավառամտություն»: Նախ նկատենք, որ, երեւի թե, արարողակարգային որոշակի դրույթով է կարգավորվում այլ պետություններին շնորհակալություն հայտնելու, շնորհավորելու, ցավակցելու կարգը, նպատակահարմարությունը եւ շարժառիթները: Սակայն հետաքրքիր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջ է քաշում մի գաղափար, որի փիլիսոփայական կողմի հետ դժվար է չհամաձայնվելը, բայց որի կիրառական լինելու հարցը վիճելի է: Ըստ առաջին նախագահի. «Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որեւէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար»:

Այսինքն` ստացվում է, որ նման խիզախություն չի պահանջվել ընդամենը երկու տասնյակից ավելի պետությունների եւ միջազգային կառույցների համար, իսկ օրինակ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ այլ պետություններ դեռեւս տատանվում են խիզախության հարցում:
Լ. Տեր-Պետրոսյանի մյուս դիտարկումը վերաբերում է այն կետին, որում հանձնաժողովի կողմից զորակցության խոսքեր են ասվում «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այս հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»: Այս կետում ես նույնպես ունեմ որոշակի եւ կոնկրետ վերապահում. թուրքական հասարակության այդ հատվածի շատ ներկայացուցիչներ իրենց քայլերը անում են ոչ թե ի հակադրություն թուրքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշման, այլ ի լրումն, սակայն սա այլ վերլուծության թեմա է: Ինչ վերաբերում է նրան, թե հռչակագրի այդ կետը կարող է վնասել այդ մարդկանց, ապա պետք է նկատել, որ նրանց մի մասը (երեւի թե իշխանության գիտությամբ գործողները) բավական հանգիստ եւ արտոնյալ վիճակում են, իսկ մյուս հատվածը (ենթադրաբար ազնիվ մղումներով առաջնորդվողները) առանց այդ էլ մեղադրվում են դավաճանության, Հայաստանի գործակալ լինելու եւ այլնի մեջ:

Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի «խոհերի» այս հատվածը գնահատող որոշ հայ լրագրող-վերլուծաբաններ կրկին վերհիշում են իրենց հոգում, երեւի թե, խոր սպի թողած տխրահռչակ երիտթուրք Ջեմալ փաշայի իրենց կողմից շատ սիրված թոռան՝ Հասան Ջեմալի այցը Հայաստան եւ հանդես գալիս մերկապարանոց հայտարարություններով առ այն, թե «իշխանությունների կողմից կազմակերպված» բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ոճրագործի «խեղճ» թոռան դեմ, որը արտաբերում է ցեղասպանություն բառը:
Լ. Տեր-Պետրոսյանի երրորդ դիտարկումը, որն առնչվում է Թուրքիային իր պատմության հետ առերեսվելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, կրկին հագեցած է ոչ համոզիչ հիմնավորումներով եւ այդ պահանջը բնութագրվում է որպես Հայաստանի կողմից արված վերջնագիր, այն էլ՝ կաղ վերջնագիր, ուղղված Թուրքիային եւ ահա հենց այս երեւակայական եզրահանգման վրա էլ կառուցվում է «սարսափ» առաջացնող վերլուծությունը, թե «ինչ է լինելու վերջնագիրը չկատարելու դեպքում»: Այդպես էլ պարզ չի դառնում, թե «Կիկոսի մահը» հիշեցնող այս սնանկ հիմնավորմամբ վերլուծությունը կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում եւ Տեր-Պետրոսյանը Հայաստանին ի՞նչ վտանգներից է ուզում հեռու պահել (ի դեպ, «թուրքական հավանական զայրույթի» մասին Տեր-Պետրոսյանը օրեր անց խոսելու էր նաեւ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների հետ հանդիպմանը): Առաջին նախագահի բոլոր երեք հոդվածներում էլ սոսկ առկա են չարագուշակ ակնարկներ, թե հռչակագրի պատճառով լուրջ խնդիրներ եւ վտանգներ են լինելու. «Առճակատման ոգով գրված այդ փաստաթուղթը Թուրքիային ստիպելու է ավելի կոշտ դիրք գրավել Հայաստանի նկատմամբ` ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Բայց սրանից խուսափելու արժանապատիվ ուղի Տեր-Պետրոսյանի հոդվածներում, կարծես թե, մատնանշված չէ, եթե չհաշվենք այն ընդհանրական եւ հայ-թուրքական երկխոսությունն ու հաշտությունը ֆետիշացնող արտահայտությունները, որոնցով այդքան հարուստ են տարատեսակ գրանտատու կազմակերպությունների ծրագրերը:

Հաջորդ՝ չորրորդ կետում եւս շարունակելով նույն ոգով՝ Լ. Տեր-Պետրոսյանը նախ չակերտների մեջ է վերցնում Հայոց պահանջատիրության ծրագրի համար իր իսկ կողմից կիրառած բաղձալի բառը (հուսամ տեխնիկական վրիպակ է) եւ եզրակացնում, որ 100-ամյակի հետ կապված հռչակագրում տեղ գտած որոշակի ձեւակերպումներով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է պահանջատիրության հարցը, որը, ըստ առաջին նախագահի, հայտնի չէ, թե ինչ հետեւանքներ կառաջացնի եւ բացի այդ, «չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը»:

Իհարկե, համաձայն եմ, որ Թուրքիայից միշտ էլ պետք է սպասել վտանգների եւ խնդիրների, սակայն դրանք ոչ թե բխում են հայության ավել կամ պակաս ագրեսիվ պահանջատիրական արդար դրսեւորումներից, այլ Թուրքիա պետության գաղափարական եւ գաղափարախոսական կառուցվածքից ու տրամաբանությունից: Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, թե պետք է ցեղասպանության հարցը զգացականության դաշտից քաղաքական մտածողության դաշտ տեղափոխել, նույնպես համաձայն եմ եւ հռչակագիրը հենց նման քայլերից է: Իմ կարծիքով, սակայն, հարցը քաղաքական մտածողության դաշտ տեղափոխելը չի կարող բացառել պահանջատիրության եւ փոխհատուցման խնդիրը, այլ՝ ընդհակառակը:

Բայց ամենատխուր եւ զարմանալի հանգամանքներից է այն, որ Հայաստանի առաջին նախագահը սկզբում տողատակում, իսկ հետո արդեն բացահայտ դեմ է արտահայտվում պահանջատիրության գաղափարին: Այս առիթով նա նշում է. «Եվ վերջապես, բացի այս ամենից, հարկ է արձանագրել, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը» ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունները՝ կոպտորեն խախտելով «Հայաստանի անկախության մասին հռչակագիրն» ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որոնք, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու դրույթից, Հայ դատի կամ պահանջատիրության որեւէ այլ տարր չեն պարունակում»։ Այսինքն` միայն միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր, որոնք առանց պահանջատիրության վերածվում են ինքնանպատակ ձեռնարկի: Այս պահին ինչքան էլ որ անիրատեսական լինի հայոց հողային պահանջատիրությունը, այդ գաղափարը չի կարելի հանել հայ ժողովրդի հավաքական մտածողության հիմքերից: Ի վերջո, մեր բախտակից ժողովրդի` հրեաների, «գալ տարին Երուսաղեմում» կարգախոսը մի օր դարձավ իրական, սակայն մինչ այդ ամուր պահվեց դրա գաղափարական հենքը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը «խոհերից» օրեր անց հրապարակեց բաց նամակ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում առաջ քաշված մտքերին հարկ չեմ համարում առանձին անդրադառնալ, ուղղակի պետք է ասեմ, որ հիշյալ նամակում առաջարկվում էր ստեղծել «խորհրդակցական հանձնաժողով» Հայոց ցեղասպանության հռչակագիրը եւ այլ հարցերը քննելու, լրամշակելու համար:

(Շարունակելի)

ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
բ.գ.թ., դոցենտ, թուրքագետ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930