Լրահոս
Օրվա լրահոսը

35 տարի անց վերաարժեւորեցին Արաքսյա Գյուլզադյանին

Ապրիլ 09,2015 14:00

Յուրատեսակ հուշարձան կարող է լինել նաեւ Սերգեյ Առաքելյանի՝
երգչուհուն նվիրված գիրք-ալբոմը

Հայկական ժողովրդական երգերի եւ ռոմանսների դասական կատարող, բացառիկ ժողովրդականություն վայելող երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը նրա մահից 35 տարի անց փակցվեց Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի պատին, որտեղ 1935-80թթ. ապրել է երգչուհին:

Արաքսյա Գյուլզադյանի հետ 40-ից ավելի տարիներ ընկերություն, մտերմություն, համատեղ աշխատանք ու համերգային շրջագայություններ է իրականացրել արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: Նրան խնդրեցինք որոշ անտիպ էջեր ներկայացնել «Առավոտի» ընթերցողներին:

«Արաքսիի մասին հետաքրքրող ցանկացած հարց երջանկացնում է ինձ, որովհետեւ առասպելական համբավի հասած երգչուհու հետ ծանոթ եմ եղել դեռեւս մանկությանս տարիներից՝ 1938 թվականից, երբ նա Շերամի հետ գալիս էր աշուղի տան հարեւանությամբ գտնվող հայրիկիս փուռը՝ ինչպես Շերամն էր ասում՝ «ծիծաղ լավաշ» գնելու համար»,- ասաց Սերգեյ Առաքելյանն ու նշեց, որ Արաքսյա Գյուլզադյանի հատկապես Շերամի երգերի կատարման ամենաջերմ գնահատականը տվել է Ավետիք Իսահակյանը: Հետո էլ մանրամասնեց. «1957թ. լրացել էր Շերամի ծննդյան 100-ամյակը: Այդ տարիներին պաշտոնավարում էի Աբովյանի շրջանում (Քանաքեռ) եւ ծրագրեցինք մեծ աշուղի հոբելյանական երեկոն: Այդ տարիների Գրողների միության նախագահ Էդվարդ Թոփչյանի ջանքերով երեկոյին ներածական խոսքով հանդես պիտի գար Ավետիք Իսահակյանը:

Ողջ շրջանը ցնծության մեջ էր: Սակայն կայանալիք երեկոյից օրեր առաջ Թոփչյանն ինձ կանչեց ու ասաց, որ Վարպետի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ բժիշկները արգելել են տանից դուրս գալ: Սակայն Վարպետը համաձայնել էր թելադրել իր ասելիքը: Իսահակյանի թոռան՝ բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանի համաձայնությամբ՝ այդ տեքստն ամբողջությամբ տեղ է գտել իմ հեղինակած «Շերամ» գրքում: Իսահակյանի խոսքերով՝ վստահաբար կարող եմ ասել, որ Շերամի երգերի փնտրված երգչուհին եղավ Արաքսյա Գյուլզադյանը: Նա հեղաշրջեց շերամյան երգերի կատարման մասին ունեցած բոլոր պատկերացումները՝ այն հասցնելով բարձրագույն կատարման ազնվականության: Իսահակյանի թոռը՝ 10-ամյա Ավիկը, լսելով երգչուհու անուն-ազգանունը, ասաց՝ պապի, Արաքսի Գյուլզադյանը էն տատիկը չի՞, որ քեզ հետ նարդի խաղալիս երբ տարվում ա, երգում ա «Սիրեցի, յարս տարան» քո երգը»:
Սերգեյ Առաքելյանը մտաբերեց Գոհար Գասպարյանի բառերը Գյուլզադյանի մասին. «Կարդացել էի Շերամի բանաստեղծությունները, լսել նաեւ մեղեդին, ապշելու ներդաշնակություն էր, կատարողական անսովոր գեղգեղանք, անհասանելի թռիչքներ ուներ իր մեջ գյուլզադյանական կատարումը: Ինձ հավասարապես հարազատ են, օրինակ, Զարուհի Դոլուխանյանի հնչեցրած Շուբերտը եւ Արաքսյա Գյուլզադյանի մեկնաբանած Շերամը, ու ոչ միայն»:

Ռեպլիկին, թե ուսանելով Ռոմանոս Մելիքյանի ղեկավարությամբ, ակնկալվում է, որ երգչուհին պետք է մատուցեր միայն ու միայն բարձրարվեստ կատարումներ, Սերգեյ Առաքելյանը պատասխանեց. «Քչերին է հայտնի, որ մեծանուն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը՝ Արաքսիի ուսուցիչներից լավագույնը, իր «Շափաղ կուտաս» վերնագրով երգերի ժողովածուն նվիրել է հենց իր սանին: Իսկ ժամանակին երգչուհին համարվում էր մելիքյանական ռոմանսների լավագույն կատարողներից մեկը, ում նվագակցում էր կոմպոզիտորի կինը՝ Արուս Բաբուլյանը»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է եղել օտարների գնահատականը մեր երգչուհուն: Պարոն Առաքելյանը նշեց, որ 1924թ. Խորհրդային Հայաստանի առաջին մեծ ջրանցքի՝ Շիրկանալի բացման առիթով Գյումրի էին ժամանել հյուրեր Մոսկվայից եւ նույնիսկ արտերկրից, այդ թվում՝ նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը տիկնոջ հետ: Ջրանցքի բացման արարողությունից հետո հյուրերին իր տուն է հրավիրում Գյումրիի այդ տարիների քաղաքային խորհրդի նախագահ Գեւորգ Հանեսօղլյանը: Հրավիրված էր նաեւ Շերամն իր փոքր նվագախմբով եւ 12-13 տարեկան աղջնակ Արաքսին: Ներկաներին տեսանելի լինելու համար Արաքսիին կանգնեցնում են աթոռի վրա: Եվ այդ հասակում նա երգում է Շերամի «Պարտեզում վարդ էր բացված» երգը: Ավարտին աղջնակին գրկում ու համբուրում է Նանսենը ու պարոն Հանեսօղլյանին էլ հորդորում՝ ուշադիր եղեք, նա մեծ երգչուհի է դառնալու:

«Հայ մեծերի մատենաշար» 15 հատորյակի հեղինակ Սերգեյ Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու մեր երեւելիների կողքին դեռ չի անդրադարձել Արաքսի Գյուլզադյանին: «Գյումրիի նախկին քաղաքապետի աջակցությամբ իրականություն դարձավ «Շերամ» գիրք-ալբոմս: Նա խոստացավ աջակցել նաեւ «Արաքսի Գյուլզադյան» գրքին, սակայն պաշտոնաթողությունից հետո այլեւս չեմ հանդիպել նրան: Այդուհանդերձ, համոզված եմ, որ Արաքսիի մասին գիրք ունենալը յուրաքանչյուր թասիբով գյումրեցու պատվի գործն է…»,- հավաստիացնում է Սերգեյ Առաքելյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930