Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մի շարք գնահատականներ խոցելի եւ վիճելի են

Ապրիլ 10,2015 12:30

Սկիզբը

Մարտի 24-ին հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը»: 13 կետից բաղկացած ուղերձի նախագծի առաջին 7 կետերը, ըստ էության, պատմական իրադարձությունների եւ իրողությունների շարադրանք էին: 8-րդ կետում Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ «Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը», սակայն «ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը»: Հայաստանը Հայոց ցեղասպանության հարցը թեեւ չի դարձրել իր արտաքին քաղաքականության անկյունաքար, բայց, այնուամենայնիվ, դա հռչակված է որպես քաղաքական առաջնահերթություն: Իսկ այն, որ ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանը չի դիտարկում որպես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման, հայտարարվել է բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով: Այսինքն՝ կարծում եմ, որ այս կետը լիովին իմաստազուրկ է:

«Ուղերձի նախագծի» 9-րդ կետը բավական մտահոգիչ է եւ կան հայության միասնականությանը բացահայտ հարվածող դրույթներ ու լիովին հակասում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի շուրջ ձեռք բերված, հիրավի, համահայկական միասնականության ոգուն: Այսպես, Տեր-Պետրոսյանն առաջարկում է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը «մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետեւ հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին»:

Cicernakaberd

Սրանով մեր միլիոնավոր սփյուռքահայ ազգակիցներին թողնում ենք անորոշության, ցաքուցրիվ մոտեցումների, քայլերի եւ գործողությունների դաշտում: ՀՀ-ն դրանով խուսափում է դառնալ հայության առանցք, միայն որի շուրջ է հնարավոր համազգային կոնսոլիդացիա եւ համընդհանուր խնդիրների լուծման հնարավորությունների ավելացում: Ի՞նչ է սա, եթե ոչ նույն Տեր-Պետրոսյանի կողմից քննադատված «պետականազուրկ ազգի» մտածելակերպի դրսեւորում: Այլ երկրների քաղաքացի հայերը մեր ազգակիցներն են. եթե կա Հայաստանի Հանրապետություն, ապա այն առնվազն բարոյական պատասխանատվություն ունի նրանց նկատմամբ: Այս առաջարկը միեւնույն ժամանակ «թղթե շերեփի» գաղափարախոսության եւ մտածելակերպի հերթական դրսեւորումն է: Ի վերջո, պետք է արդյո՞ք լինի մի հարց, որի շուրջ հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները լինեն միասնական: 2008 թ. հանրահավաքներին Տեր-Պետրոսյանի կողմից ցիտվող հայ մեծ պոետի` Չարենցի հայտնի մյուս խոսքերը. «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ինչո՞ւ է այսքան անընկալելի եւ խորթ ՀՀ առաջին նախագահին:

«Ուղերձի» 10-րդ կետում խոսվում է այն մասին, որ «Հայաստանը Թուրքիայի առջեւ պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվելու սեփական պատմության հետ»: Այս գաղափարը եւս խիստ անհասկանալի եւ անտրամաբանական է: Նախ՝ եթե խոսքը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար պահանջ դնելու մասին է, ապա Հայաստանը, ինչպես նշվեց, երբեւէ նման պահանջ չի դրել: Սակայն ինչպե՞ս կարող է Հայաստանը չպահանջել Թուրքիայից ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը, եթե այդ հարցի միջազգային ճանաչման ջատագովն է եւ դրա համար քայլեր է անում, որոնց նպատակահարմարությունը չի հերքում անգամ Տեր-Պետրոսյանը: Ստացվում է, որ Հայաստանը պետք է ամբողջ աշխարհից պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ բուն մեղավորից եւ հանցագործից չպահանջի:

Ո՞րն է սրա տրամաբանությունը: Այսօր արդեն Թուրքիայում են որոշակի շրջանակներ, այդ թվում եւ՝ քաղաքական, գիտական, պահանջում թուրքական իշխանություններից ճանաչել ցեղասպանությունը եւ առերեսվել պատմության հետ: Այսօր Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցությունը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջում է երկրի նախագահից առերեսվել մի շարք հանցագործությունների հետ եւ ներողություն խնդրել, այդ թվում եւ՝ Հայոց ցեղասպանության համար: Տեր-Պետրոսյանի առաջարկը խոցելի է նաեւ գիտական առումով եւ երբ այդ առաջարկը դիտարկում ենք թուրքական որոշակի իրողությունների համատեքստում, է՛լ ավելի պարզորոշ է դառնում դրա խոցելիությունը:

Ըստ Տեր-Պետրոսյանի, ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են անհատական մակարդակով պահանջել փոխհատուցում «իրավական փաստաթղթերի առկայության պարագայում»: Սակայն հայտնի է արդյո՞ք ՀՀ առաջին նախագահին, որ Թուրքիայում տարատեսակ օրենքներով, որոնք պարբերաբար թարմացվում են (վերջին նմանատիպ օրենքը ընդունվել է 2001թ.) արգելված է կադաստրային փաստաթղթեր եւ հիմքեր տրամադրել 1924 թվականից առաջ երկրի տարածքը լքած հայերի ժառանգներին: Ավելի կոնկրետ՝ նշված է, որ 1914-24 թթ. աքսորված եւ փախստական հայերի ժառանգներին է դա վերաբերում: Այս քայլով թուրքական պետությունը մինչ օրս էլ օրինականացնում է հայերի գույքի՝ պետական մակարդակով իրականացված, թալանը եւ արգելում «իրավական փաստաթղթերի» ձեռք բերումը: Սա է թուրքական պետական մտածողության կոնկրետ օրինակներից մեկը եւ եթե այդ երկիրը չառերեսվի իր պատմության հետ, չվերարժեւորի որոշակի հանգամանքներ, չվերանայի որոշակի մոտեցումներ, ապա նախ չի կարող տեղ զբաղեցնել քաղաքակիրթ պետությունների կողքին եւ երկրորդ՝ երբեւէ հնարավոր չի լինի Տեր-Պետրոսյանի նշած անգամ անհատական մակարդակի փոխհատուցումը: Բացի այդ, հենց նույն Տեր-Պետրոսյանը իր առաջարկի 8-րդ կետում նշում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է դիտարկել. «բացառապես մարդու իրավունքների եւ մարդկության դեմ գործած հանցագործության, հետեւաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում»: Այսինքն` ի՞նչ է ստացվում, որ ՀՀ առաջին նախագահը Թուրքիային դուրս է դնում պետությունների միջազգային կոնվենցիաների պարտավորություններից, կամ մի՞թե Թուրքիան չի ստորագրել այդ կոնվենցիաների տակ:

«Ուղերձի» 11-րդ կետի շարադրանքից տպավորություն է ստեղծվում, թե Եվրամիությունը Թուրքիայի առջեւ նախապայման է դրել անդամակցության համար պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ նման բան չկա եւ առանձին եվրոպաշտոնյաների բանավոր ակնարկներից այն կողմ որեւէ կոնկրետ քայլ չի արվել: Իսկ Տեր-Պետրոսյանը առաջարկում է Հայաստանին բառացի՝ «խնդրել» եվրոպական երկրների կառավարություններին ցեղասպանության հարցը չդիտարկել որպես նախապայման Թուրքիայի ԵՄ անդամակցության համար: Այսինքն՝ ինչպե՞ս Հայաստանը Եվրամիությունից «խնդրի» մի բան, որը նա չի պահանջել. սա բացահայտ սխալ հիմքի վրա զարգացրած թեզ է եւ Եվրամիության Թուրքիային ներկայացրած պահանջների հետ ընդամենը մակերեսային ծանոթացումը կապացուցի ցանկացած ուսանողի անգամ, որ այդ կառույցը նման պահանջ, ցավոք թե բարեբախտաբար, երբեւէ չի ներկայացրել Թուրքիային:

«Ուղերձի» 12-րդ կետում եւս իրականությունը ներկայացված է գլխիվայր եւ ըստ այդմ ցյուրիխյան արձանագրություններում պարզվում է կա ցեղասպանության եղելությունը քննող հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով: Սակայն ցավով արձանագրեցի, որ Տեր-Պետրոսյանի անհամաձայնությունը այդ ենթադրյալ եւ երեւակայական հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ նման հանձնաժողովի հնարավոր քննարկման առարկան` Հայոց ցեղասպանության եղելության փաստը, հակագիտական է եւ վիրավորական ցանկացած հայի համար, այլ այն, որ նախ «համաշխարհային պրակտիկայում նման նախադեպ չի եղել», որ քաղաքական հարցերը լուծվեն պատմաբանների հանձնաժողովի կողմից եւ «մտավախություն կա, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը»: Ցավալի է, բայց փաստ, որ ՀՀ առաջին նախագահի համար հայ եւ թուրք պատմաբանների հնարավոր հանձնաժողովի ստեղծումը անհանգստացնող է հենց միայն այս համատեքստում:

Դե իսկ 13-րդ կետը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե թուրքական իշխանական վերլուծաբանների ուսումնասիրություն կամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթն ես կարդում, քանի որ սեւով սպիտակի վրա գրված է, թե հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը «որոշակի առումով փոխկապակցված են»: Այս մտքի հեղինակը, ցավոք սրտի, ՀՀ առաջին նախագահն է, իսկ այս միտքը տասնամյակներով քարոզվող թուրքական պաշտոնական տեսակետն է, որը միջազգային որեւէ սկզբունքի վրա հենված չէ եւ հակասում է բոլոր ընդունված չափանիշներին: Տեր-Պետրոսյանը, փաստորեն, կոչ է անում Հայաստանին «ուղերձով» դիմել համայն աշխարհին եւ պաշտոնապես ընդունել թուրքական հայտնի նախապայմանը: Սրա տրամաբանությունը նույնպես անհայտ է մնում. թեկուզ բոլորին է հայտնի, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան պայմանավորում է արցախյան խնդրով, սակայն դե յուրե նախ նման բան չկա եւ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանը Տեր-Պետրոսյանի առաջարկած «ուղերձով» այդ մասին հայտարարի: «Ուղերձի» այդ նույն 13-րդ կետում առկա է եւս մեկ մտահոգիչ ու վտանգավոր ձեւակերպում. «Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»: ՀՀ առաջին նախագահը բաց տեքստով առաջարկում է Արցախում տեղակայել միջազգային խաղաղապահ ուժեր, սակայն մի՞թե ոչ ոք չի փորձել այդ «ուղերձի» քննարկման ժամանակ (եթե այդպիսին եղել է) առանց ավելորդ քաղաքավարության եւ, միեւնույն ժամանակ, առանց ավելորդ զգացականության Տեր-Պետրոսյանին հիշեցնել, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայոց բանակն է եւ Արցախի հողում ապրող ու, ըստ էության, երկրապահ ժողովուրդը, այլ ոչ թե միջազգային խաղաղապահ ուժերը:

Վերջում ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ Տեր-Պետրոսյանի դիտարկումները եւ թեզերը շատերի մոտ, առավելապես, այն ընկալումն են առաջացնում, որ նա կրկնում է իր նախկին եւ հին թեզերը, որոնց հարցում, ըստ էության, չի փոխել իր կարծիքը: Սակայն ավելի զարմանալի է, որ այս օրերին ՀՀ առաջին նախագահի մոտեցումները արժանանում են թուրքական գիտավերլուծական շրջանակների հավանությանը, որոնք ոչ միայն կիսում են Տեր-Պետրոսյանի կարծիքները, այլեւ բանավիճում են ինձ հետ եւ իմ տեսակետները համարում «օկուպանտ եւ անհիմն պահանջատիրական» գաղափարախոսության դրսեւորում:

Հավելեմ նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձ-հոդվածի վերջում տեղ գտած տողերը, թե նա իր տեքստը չի համարում վերին ճշմարտություն եւ պատրաստ է լսել ու հաշվի առնել այլ կարծիքներ, կարծես թե, հուսադրող են: Ուստի, իմ այս դիտարկումները թող ընկալվեն որպես մասնագիտական եւ քաղաքացիական դիրքորոշման դրսեւորում:

ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
բ.գ.թ., դոցենտ, թուրքագետ
Այս թեմայի շուրջ «Առավոտը» պատրաստ է հրապարակել այլ կարծիքներ:

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930