Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքում ու Ամասիայում բողոքի նոր ալիք է հասունանում. թեման դարձյալ կաթի գինն է

Ապրիլ 10,2015 23:05

Այսօր Aravot.am-ը ահազանգ է ստացել Ամասիայի ու Աշոցքի մի քանի գյուղացիներից առ այն, որ կաթ մթերող ընկերություններից մեկը՝ «Մարիաննայի» ներկայացուցիչը, գալով իրենց գյուղեր, գյուղացիներին ասել է, որ իրենք պատրաստ են մեկ լիտր կաթը գնել  150 դրամով, ոչ թե 170 -ով: Ինչպես պատմեցին գյուղացիները, իրենք հրաժարվել են առաջարկված գնով վաճառել կաթը, հիշեցրել են, որ նախորդ շաբաթ գյուղնախարարությունը այս հարցը կարգավորել է՝ ընդառաջելով բողոքի դուրս եկած գյուղացիներին:

Սակայն «Մարիաննայի» ներկայացուցիչը հրաժարվել է գյուղացիներից կաթը տանել հին գնով: «Մեծ թվով գյուղացիներ, որոնք իրենց կաթը տալիս էին այս ընկերությանը, տուժեցին: Պատկերացրեք միայն այս ընկերությունը այստեղից օրական մի մեքենա կաթ է տանում, եթե ոչ ավելի: Մենք ուղղակի զարմացած ենք մի բանից, մի՞թե էս երկրում ոչ մեկի խոսքը չի անցնում, գյուղնախարարությունից իբրև թե փորձեցին հարցը կարգավորել, բայց մտածում ենք, էդ ինչ հզոր են, էդ ինչ թիկունք ունեն, որ ոչ մեկին բանի տեղ չեն դնում, ինչ ուզում, անում են: Ասենք, որ համը միշտ «Մարիաննայից» է դուրս գալիս, միշտ իրենք են փորձում էժանացնել, մյուսներն էլ՝ «Իգիթ»-ն է, «Աշտարակն» է իրենց ջրերն են ընկնում: Հարյուր տոկոսով համոզված ենք, որ վաղը մյուսներն էլ նույնը կանեն: Մենք դարձյալ բողոքի դուրս կգանք, էս անգամ կորցնելու ոչ մի բան չունենք, եթե չեն կարողանում մի ընկերության վրա, միջպետական ճանապարհը կփակենք, հերիք եղավ… Պատկերացրեք, էսօր մտել են մարդկանց տուն, ասել են՝ կտաք, տվեք կաթը մեր ուզած գնով, չեք տա, դուք գիտեք, գնացեք տուժեք: Բնականաբար, մարդիկ հրաժարվել են՝ տուժելով, էս ամեն դեմն առնողը պիտի լինի՞ վերջը, թե չէ՞», -ասում էին մեզ դիմած գյուղացիները:

Հիշեցնենք, որ այս երկու տարածաշրջանների գյուղացիները նախորդ շաբաթ բողոքի էին դուրս ելել ՝ սպառնալով փակել Վրաստան տանող միջպետական ճանապարհը, քանի որ կաթը մթերող ընկերությունները փորձել էին էժան գներով գյուղացիներից տանել կաթը, մեկ լիտրի դիմաց վճարելով ոչ թե 170 դրամ, այլ 150:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930