Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի էլեկտրասրտագրիչը դրական եզրակացության է արժանացել

Ապրիլ 16,2015 14:30

Բժշկական համալսարանը շարունակում է համագործակցությունը՝
մարդկանց կյանքը փրկող բժշկական սարքերի ստեղծման ուղղությամբ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները համագործակցում են: Օրերս Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն ու Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այլ մասնագետների ներկայությամբ քննարկեցին ժամանակակից թվայնացված միկրոպրոցեսորային մանրաչափ էլեկտրասրտագրիչը, որը ստեղծել է Պոլիտեխնիկական համալսարանի բժշկական սարքերի գիտաարտադրական լաբորատորիայի վարիչ Մարատ Մուրադյանը:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Նարիմանյանը նշեց, որ իրենց շարունակական համագործակցությունն ուղղված է նրան, որ օգտագործեն Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներային միտքն ու ստեղծագործական հնարավորությունները, որպեսզի ներդվեն նոր սարքավորումներ առողջապահության համակարգում եւ ուսումնական պրոցեսում: «Խոսքը գնում է տարբեր սարքերի մասին, սկզբում սկսել ենք էլեկտրասրտագրիչից: Վերջնական արդյունքների մասին կտեղեկանանք փորձարկումից հետո, երբ մեր ընտանեկան բժիշկները եւ մարզերի բժիշկներն օգտագործեն սարքավորումներն իրենց ամենօրյա պակտիկայում եւ տան իրենց գնահատականը»:

Բժշկականի ռեկտորը նաեւ հավելեց, որ առաջիկայում էլ պատրաստվում են համագործակցել կանխարգելիչ սարքերի արտադրության ուղղությամբ. «Դրանք սարքեր են, որոնք կանխարգելում են շնչուղիների խրոնիկական հիվանդությունները այն մարդկանց մոտ, ովքեր զբաղված են շինարարության մեջ, գործ ունեն փոշու հետ ընդհանրապես, լինի դա շինարարական փոշի, թե ալյուրի: Մի խոսքով, համատեղելով Պոլիտեխնիկի ստեղծագործական ներուժը եւ մեր առաջարկությունները՝ ելնելով խնդիրներից, որոնք առկա են առողջապահության համակարգում, կընթանա կոնկրետ համագործակցություն»:
Էլեկտրասրտագրիչի հեղինակը, ներկայացնելով բացառիկ սարքավորումը, նշեց, որ սարքն անընդհատ կարող է աշխատել մարտկոցներով լիցքավորվելու հաշվին, այն պահում է հիշողությունը: Նրա խոսքով, եթե անգամ տանը բժիշկ չլինի, մարդը սարքի օգնությամբ կարող է տեղեկանալ իր վիճակի մասին:

IMG_2

Հովհաննես Թոքմաջյանն (ձախից) ու Միքայել Նարիմանյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարեփոխումների գծով պրոռեկտոր Միքայել Հարությունյանն էլ «Առավոտի» հետ զրույցում հավելեց, որ էլեկտրասրտագրիչների առաջին տասնյակը պատրաստ է, առաջին նմուշը դրական եզրակացություն է ստացել, առաջին 100 հատն էլ նախապատրաստված է արտադրության:

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը տեղեկացրեց, որ Բժշկական համալսարանի առաջարկությամբ պատրաստվում են շնչառական սարքերի՝ ռեսպերատորների վրա աշխատել: Պարոն Թոքմաջյանի ասելով, խնդիր են դրել, որ Պոլիտեխնիկի մասնագետների ստեղծած սարքերն ավելի մատչելի լինեն, ունենան տեխնիկական առավելություններ՝ արդեն գոյություն ունեցողների համեմատությամբ: Ինչ վերաբերում է իրենց ստեղծած էլեկտրասրտագրիչին, ռեկտորի պաշտոնակատարի ասելով, «Առաջին սարքի վերաբերյալ Կարդիոլոգիայի ինստիտուտը տվել է դրական եզրակացություն, երաշխավորություն՝ ներդրման համար ու այժմ բժշկական համալսարանի հետ սկսում ենք երկրորդ փուլի փորձարկումները, որից հետո կսկսենք լիցենզավորման եւ առեւտրայնացման խնդիրները լուծել»:

Բժշկական համալսարանի միջազգային գործունեության եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, որը դատական բժիշկ է եղել, եւ որոշակի փորձ ունի բժշկական սարքավորումների նախաստեղծման ուղղությամբ, փաստում է, որ այսօր բավականին շատ ավտովթարներ են լինում, եւ տուժողները մահանում են կամ տրավմատիկ շոկից, կամ այլ վնասվածքներից: «Շտապօգնության մեքենաներում մի ժամանակ կային փոքր ռեսպերատորներ, որոնց միջոցով ցավազրկում էին տուժածին եւ արհեստական շնչառություն էին տալիս: Լավ կլիներ, որ ստեղծվեին այնպիսի սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ փրկել հիվանդների կյանքը մինչեւ հիվանդանոց հասցնելը»,- հայտնեց նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Մասնագետները քննարկում են էլեկտրասրտագրիչը:

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930