Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Ապրիլ 16,2015 22:09

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

Ցուցահանդեսի նպատակը հանրությանը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն էր՝ փախստականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ 30 մեծ պաստառներով հանրությանն են ներկայացվել դեռևս անծանոթ այնպիսի լուսանկարներ, որոնք ժամանակի համահունչ գույներով հնարավորություն են տալիս ճանաչելու 20-րդ դարասկզբի Երևանն իր կառույցներով, դրանց  դերն ու նշանակությունն այն ժամանակ և ներկայում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով Ցեղասպանությանը զոհ դարձած քաղաքների և գավառների անունների մակագրությամբ Անմոռուկի մեծ մակետը՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ապակեպատ 10-ը ցուցափեղկերում էլ ներկայացված են ժամանակի մասին պատմող ինքնատիպ ցուցանմուշներ: Առանձին ցուցադրություններով ներկայացվել են նաև ժամանակի երևանյան տարազներ, ասեղնագործության նմուշներ, 18-րդ դարի գորգ, ինչպես նաև ազատ նստելու և կանգնելու տեղերով մեծ նկար-պաստառ, որում պատկերված է հայկական մեծ ընտանիք:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, առանձնակի կարևորելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումները, ընդգծել է, որ դրանց շարքը լինելու է շարունակական:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, որը գործում է պետական հանձնաժողովին զուգահեռ, իրականացնում է իր բազմապիսի միջոցառումները, որոնցից մեկն էլ քաղաքապետարանի ճեմասրահում բացված այս ցուցահանդեսն է: Ներկայացված են Երևանի պատմության թանգարանում պահվող բազմաթիվ ֆոնդային ցուցանմուշներ, ցուցադրության ենթակա առականեր, որոնք մշտապես չէ, որ ցուցադրվում են, և այս ցուցահանդեսն այդ առմով նաև բացառիկ է: Այստեղ, ցուցապաստառների վրա, խորագրերի ներքո կտեսնեք գրված պահանջատիրության տարրեր, որոնք ևս շատ կարևոր են: Ցուցադրությունների շարքում առանձնահատուկ է նաև այն սնդուկը, որի մեջ առկա են Էրգրից մազապուրծ գաղթած մեր հայրենակիցներից շատերի տների բանալիները, որոնցով մի օր մենք բացելու ենք նրանց այսօր փակ այդ տները», – ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

 

Միջոցառման ընթացքում ճեմասրահի տարբեր հատվածներում ելույթ են ունեցել Աննա Մայիլյանը, Ձայնի պահպանման երգչախումբը և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը: Երկու էկրաններին ցուցադրվել են օրվա խորհրդին համապատասխան թեմատիկ ֆիլմեր:

«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կմնա մինչև ապրիլի 30-ը, այնուհետև կտեղափոխվի Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահ և կգործի մինչև տարեվերջ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930