Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ հաջողությունն այն է, երբ քեզ ոչ միայն սիրում են, այլ նաեւ հարգում քո արածը»

Ապրիլ 17,2015 13:00

«Ճանապարհորդ եմ, հույզի որսորդ», «Իմ ճանապարհը խենթ պատմություն է, կարոտների միջով եմ ես անցել». տողերը դերասան Միքայել Պողոսյանի «Ամեն ինչ ճիշտ է» երգից են, գրվել է նախորդ տարի, երբ բոլորվում էր նրա 60-ամյակը: Միջազգային եւ հայկական բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանն այս շաբաթվա «Առավոտի» «Հաջողության բանաձեւը» շարքի զրուցակիցն է:

«Գերադասում եմ, երբ քո մասին խոսելիս, նախ ասում են՝ կարգին մարդ է եւ հետո նշում մասնագիտական ձեռքբերումներդ»

Քո անցած ճանապարհը մի ընթացք է, որի ժամանակ փորձում ես կերտել մարդկային տեսակդ: Այդ հարցում քո ընտրած մասնագիտությունը քեզ կամ օգնում է, կամ վնասում: Մի կողմից այն հնարավորություն է տալիս քո կերպարների մեջ հավաքագրել այն մարդկային տեսակները, որոնք քեզ համար օրինակ են եւ ինքդ էլ օրինակ ծառայել, մյուս կողմից՝ փառասեր է դարձնում, երբ ինչ-որ հաջողություններից դրդված, սկսում ես ամենից առաջ կարեւորել քո անձը: Որպեսզի ձերբազատվես նման երեւույթից, խիղճդ պետք է առաջ կանգնած լինի անձիցդ, թեկուզ միայն նրա համար, որ գործածդ մեղքերի համար զավակներդ պատասխան չտան:

Գերադասում եմ, երբ քո մասին խոսելիս, նախ ասում են՝ կարգին մարդ է եւ հետո նշում մասնագիտական ձեռքբերումներդ:

«Սկսեցի ստեղծագործել այն պահից, երբ հայրս ու մայրս սեր խոստովանեցին միմյանց»

Երբ ինձ հարցնում են, թե երբ սկսեցիք ստեղծագործել, ես պատասխանում եմ՝ այն պահից, երբ հայրս ու մայրս միմյանց սեր խոստովանեցին… միգուցե շատ սյուրռեալիստական բաներ եմ ասում, բայց, ինքնըստինքյան, նույնիսկ արգանդի մեջ, երբ ձեւավորվում ես սիրո մթնոլորտում, արդեն ի հայտ ես գալիս ինչ-որ մի ասելիքով, լիցքով: Դա էր երեւի պատճառը, որ փոքր հասակից սկսեցի երգել: Առաջին դասարանում արդեն տասներորդ դասարանցիների երգչախմբի դիմաց կանգնած մենակատարն էի, հետո սկսեցի երգը զարգացնել: Այն ժամանակ Ժան Թաթլյանի, Առնո Բաբաջանյանի վերելքն էր, տարբեր վայրերում երգում էի նրանց երգերը:

Քանդակում էի եւ նկարում, դարձա Երվանդ Քոչարի աշակերտը, հետո ավարտեցի նկարչական ուսումնարանը, բայց ինչ-ինչ իրադարձություններից հետո, միանգամից կերպարանափոխվեցի եւ ընդունվեցի թատերական բաժին: Ի սկզբանե արվեստն իմ մեջ սերմացած էր: Ես դա շատ արագ գիտակցեցի, որովհետեւ այն իմ տարերքն էր. ես ճիշտ հոսանքի մեջ էի ընկել:

«Ամեն ստեղծագործող իր սիրո բացատրությունը
պետք է անի»

Ի՞նչ է արվեստը… այն հնարավորություն է խոսելու բաների մասին, որոնք կյանքում չկան, բայց կուզեիր, որ լինեն: Արվեստի միջոցով ես կարողանում հանդիսատեսիդ բարձրացնել, լուսավորել, խոսել բարության, սիրո մասին: Արվեստի նպատակը՝ սիրո բացատրության մեջ է: Ամեն ստեղծագործող իր սիրո բացատրությունը պետք է անի:

«Իմ հաջողությունն այսօր այն մարդիկ են, որոնք ինձ շրջապատում են»
Այս ճանապարհի ընթացքում ինչքան մշակույթի նախարարներ են փոխվել, ինչքան քաղաքական իրադարձություններ տեղի ունեցել, բայց կան ստեղծագործողներ, որ իրենց ճանապարհով ուղիղ են գնում, եւ ոչ մի բան չի կարող նրանց խանգարել: Այնքան շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք նպաստել են իմ ստեղծագործելուն՝ թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: Իմ այսօրվա հաջողությունն այն մարդիկ են, որոնք ինձ շրջապատում են, միգուցե քիչ քանակով, բայց հարազատ: Ես նրանց արդյունքն եմ, եւ բոլոր նրանց, ովքեր փողոցով անցնելիս ինձ ժպտում եւ բարեւում են:

«Քո անկատարությունը
չպետք է փորձես բարդել
ուրիշների վրա»

Շուրջդ այնքան չարություն, այնքան անարդարություն կա, եւ այնքան անկատար ես դու ինքդ առաջին հերթին… բայց քո անկատարությունը չպետք է փորձես բարդել ուրիշների վրա, հատկապես բեմից կամ էկրանից, նույնիսկ եթե հազարավոր զանգվածներ գալիս են եւ քո անկատարության վկան դառնում, ու քեզ թվում է, թե դու հրաշագործություններ ես անում… Դա պատրանք է, խաբկանք… Դու պետք է կարողանաս դա գիտակցել:
Անհաջողությունները քեզ պետք է սովորեցնեն հասկանալ, որ քեզնից ավելի լավերը կան, որ կան նվիրյալներ, որ ավելի մեծ բարձունքների են հասել:

Երբ առաջին անգամ տեսա Մհեր Մկրտչյանի «Հացագործի կինը» ներկայացումը, մեծ ցանկություն ունեցա գնալ, ծնկի իջնել նրա առաջ ու համբուրել ձեռքը: Ինձ հետ երբեք նման պաթոսային բաներ տեղի չեն ունենում, բայց դա այնքան բնական էր, ինձ համար այնքան իսկական: Չստացվեց, դժբախտաբար… Տարիներ հետո, ես այն մի քանի հոգուց բաղկացած խմբում էի, ովքեր հողին հանձնեցին Մհեր Մկրտչյանին, ու ես այդ պահին խոնարհվեցի նրա առաջ:

Հիասթափությունը, ցավը, անհաջողությունն անխուսափելի են: Հաղթահարելով այդ ամենը՝ պետք է ճիգ գործադրես եւ ուժեղանաս ու սիրվես… Բայց ամենամեծ հաջողությունն այն է, երբ քեզ ոչ միայն սիրում են, այլ նաեւ հարգում քո արածը…

Զրուցեց
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lilit says:

    Իսկական արտիստը կամ դերասանը պետք է թույլ տա, որ վերնագրում նշված միտքը իր հանդիսատեսն ասի:
    Իսկ ինչ մնում է պալատական նաժիշտներին բնորոշ՝ վերջերս դրսեւորած նրա ասուլիսային խուսք ու զրույցին, ապա պետք է նշել, որ դրանով միայն էժանացրեց իր իսկ ստեղծագործական վաստակը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930