Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հերթական էներգետիկ ծրագիրը շրջանցի Հայաստանը, ապա նա էլ ավելի կմեկուսացվի աշխարհից»

Ապրիլ 17,2015 22:42

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ «Տարածաշրջանի իրանական գարունը. հնարավորություններ և մարտահրավերներ Հայաստանի համար» փորձագիտական քննարկումը:

 

Բացման խոսքում ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը համառոտ ներկայացրեց «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում միջոցառման երկու բանախոսները արդեն երկու ամսից ավելի է՝ աշխատում են իրենց հետազոտությունների վրա:

 

Ս. Սաֆարյանի բնորոշմամբ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ հնարավոր վերջնական համաձայնությունը նշանակալի տեղաշարժ է թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ Հայաստանի անվտանգության ու միջազգային միջավայրի համար, որը բերում է ոչ միայն հնարավորություններ, այլ նաև մարտահրավերներ. «Կկարողանա՞ Հայաստանը ստանձնել իրանական գազի և ապրանքների՝ դեպի Եվրոպա փոխադրման համար տարանցիկ դեր: Ի՞նչ կտա դա Հայաստանին ու տարածաշրջանին: Ինչպիսի՞ դիպաշարեր են հնարավոր: Ո՞վքեր են այս զարգացումների շահառուները և հակառակորդները: Արդյո՞ք ներկայիս «ձնհալը» դատապարտված է հաջողության, և Հայաստանը կարող է դրա հետ երկարաժամկետ հույսեր կապել, թե՞ այն կարճաժամկետ է, և պետք է ակնկալել կարճաժամկետ օգուտներ»,-մի շարք հարցադրումներ կատարեց Սաֆարյանը, որոնց շուրջ էլ իրականացվել են ուսումնասիրությունները:

 

Այնուհետև բանախոսները մասնագիտական ու շահագրգիռ շրջանակների քննարկմանը ներկայացրեցին իրենց դիտարկումները:

 

ՄԱՀՀԻ Իրանի ծրագրի ղեկավար Արմեն Վարդանյանն իր՝ «Իրանական թնջուկի հանգուցալուծո՞ւմ. նոր իրավիճակ և նոր հեռանկարներ տարածաշրջանի համար» հետազոտության մեջ ուսումնասիրել է Իրանի արտաքին քաղաքականության տրանսֆորմացիան Հասան Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո:

Բանախոսը փաստարկված ներկայացրեց Իրանին պատժամիջոցների «աքցանից» ազատելու Արևմուտքի գլխավոր ռազմավարական շահագրգռությունները. եթե նախկինում Իրանն իր միջուկային ծրագրով բացառապես ընկալվում էր որպես մարտահրավեր, ապա այժմ Արևմուտքում Թեհրանին դիտարկում են տարածաշրջանի այլ սուր հիմնախնդիրների լուծման մասնակից՝ ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը վերացնելու, Եմենի, Սիրիայի, Իրաքի ճգնաժամերը լուծելու տեսանկյուններից: Այնուհետև փորձագետն անդրադարձավ վեցնյակի ձևաչափով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին, իսկ չորս հնարավոր դիպաշարերի ներքո՝ Հայաստանի համար ուրվագծվող հնարավորություններին:

 

Իրանական գազը Եվրոպա արտահանելու տեսանկյունից հատկապես կարևորելով “հայաստանյան երթուղին”՝ Արմեն Վարդանյանը թվարկեց թե՛ դրա հնարավորությունները, թե՛ մարտահրավերները. «Պետք է նշել, որ «Հարավային գազային միջանցք»-ի ստեղծումից հետո Ադրբեջանը դարձել է լուրջ գործոն տարածաշրջանում և ի հակակշիռ դրան՝ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը իրանական գազի Եվրոպա արտահանման տրանզիտ երկիր դառնալու համար»։

 Նրա համոզմամբ դրա շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում կմեծացնի իր կշիռը, նաև կարող է լրջորեն բարձրացնել իր անվտանգության մակարդակը։ «Եթե հերթական էներգետիկ ծրագիրը շրջանցի Հայաստանը, ապա նա էլ ավելի կմեկուսացվի աշխարհից»։ Հետևաբար՝ «Իրանի միջուկային խնդրի լուծման դեպքում Հայաստանի համար կստեղծվեն լայն հնարավորություններ՝ Իրանի հետ տնտեսական կապերը ամրապնդելու և իր անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,-եզրափակեց Վարդանյանը:

 

Երկրորդ բանախոս Էմմա Բեգիջանյանն էլ ներկայացրեց «Իրանի Իսլամական Հանրապետության տեղն ու դերը Հայաստանում և Ադրբեջանում» հետազոտության դիտարկումները: Դրանում նա խորքային քննության է առել Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը, ի մասնավորի՝ Հայաստանի և Ադրբեջանի կարևորությունը Թեհրանի համար, և հակառակը:

 

Բեգիջանյանը նախ փաստարկված ներկայացրեց Իրանի ռազմավարական նշանակությունը Եվրոպայի, Հայաստանի համար: Ապա նա դիտարկում կատարեց, որ, ի տարբերություն Թեհրան-Բաքու հարաբերությունների, որոնք մրցակցային են, ունեն լարվածության շատ օջախներ, Երևան-Թեհրան հարաբերություններն առավելագույնս անխնդիր են, փոխլրացնող և ռազմավարական նշանակության: «Իրանն ունի այն (ելք ծով, մեծ շուկա, էներգետիկ պաշարներ, աշխարհառազմավարական հանգույցում տեղադրություն և տարբեր տարածաշրջաններին կապող ենթակառուցվածքներ), ինչը Հայաստանը չունի: և հակառակը՝ Հայաստանն ունի այն (ջրի, շինանյութերի ու հանքանյութերի պաշարներ, Եվրոպային կապվելու տեղադրություն), ինչի կարիքն Իրանն ունի»: Նրա կարծիքով հայկական կողմը կարող է, օրինակ. լրջորեն մտածել դեպի Իրան շինանյութերի արտահանման հեռանկարների ուղղությամբ։

 

Մյուս կողմից, փորձագետի դիտարկմամբ՝ «Իրանը ոչ միայն միջինասիական և հարավկովկասյան հանրապետությունների համար է դարձել տարանցիկ երկիր Պարսից ծոցի հետ հաղորդակցվելու առումով, այլև փոխադարձաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել նաև Իրանի համար: Այլ կերպ ասած՝ Իրանն այժմ ցամաքով՝ Միջին Ասիայի և Հարավային Կովկասի միջոցով՝ Հեռավոր Արևելքի և Եվրոպայի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունի»,-հնարավոր հեռանկարները ուրվագծեց Բեգիջանյանը:

 

Քննարկմանը մասնակցում էին իրանագետներ, տնտեսագետներ, քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ և գործարարներ։

 

Իրանագետ Ռուդիկ Յարալյանը բանախոսների ու մասնակիցների ուշադրությունը հրավիրեց կարևոր մի հարցի վրա, այն է՝ արդյո՞ք Իրանից պաշտոնապես հնչող հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ խոչընդոտ չեն առաջացնի հայ-իրանական հարաբերությունների խորացման առումով։ Ի պատասխան դիտարկման՝ Էմմա Բեգիջանյանը հորդորեց դրանք դիտարկել դիվանագիտական տեսանկյունից, և ոչ ավելին։

 

Դավիթ Սանասարյանն էլ հարց բարձրացրեց, թե ադյո՞ք  Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին թույլ կտա իրանական գազը ներկրել շահավետ գնով՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի միասնական մաքսադրույքները այդ և այլ ապրանքատեսակների վրա։ Վերլուծաբան Մարինե Կարապետյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ դիրքորոշումը իրանական գազի փոխադրման երթուղիների, և, մասնավորապես, «հայաստանյան» դիպաշարի վերաբերյալ։ Արմեն Վարդանյանը կարծում է, որ ԱՄՆ-ի համար կարևորը ռուսական գազից Եվրոպայի կախվածության նվազեցումն է, հետևաբար՝ Վաշինգտոնը նախապատվություններ չունի, կարևորը ռուսական մենաշնորհի վերացումն է։

 

Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ որքան էլ Հայաստանի համար գայթակղիչ և կարևոր են Հայաստան-Իրան նոր երկաթուղու կառուցման կամ գազի տարանցման մեգածրագրերը, այդուհանդերձ պետք է ավելի ստեղծագործաբար մոտենալ նորաբաց հնարավորություններին և մտածել այլ՝ շատ ավելի ռեալ ուղղություններով տնտեսական հարաբերությունները խորացնելու մասին այն դեպքում, երբ Իրանի վրայից կհանվեն պատժամիջոցները։

 

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը համաձայնեց, որ տարածաշրջանի «իրանական գարնան» շնորհիվ նորանոր հնարավորություններ են բացվում, սակայն խնդիր համարեց այն, որ դրանք կարող են շրջանցել Հայաստանը (ինչպես դա պատահեց եվրաասոցացման հնարավորության դեպքում), քանի որ ԵՏՄ մտնելով սահմանափակվել է նրա ինքնիշխանությունը։ Ուստի հարց է ծագում, թե որքանո՞վ Իրանը և Արևմուտքը Ռուսաստանից ու ԵՏՄ-ից Հայաստանի կախվածության պատճառով նրան կհամարեն բանակցությունների և պայմանավորվածությունների պատշաճ սուբյեկտ։ Եղիազարյանը գտնում է, որ Ռուսաստանը ԵՏՄ-ը ստեղծել է հենց այլ տերությունների ու միությունների հետ կովկասյան ու միջինասիական հանրապետությունների բանակցային իրավասությունն ու ազատությունը սահմանափակելու հեռահար նպատակով։

 

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ գնահատում է, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար բացված հնարավորությունների թիվ մեկ մարտահրավերն ու անբացահայտ հակառակորդը Ռուսաստանն է լինելու, ով այս օրերին իր քայլերով (օրինակ, Իրանին հակահրթիռային համակարգեր վաճառելով գրգռում է Իսրայելին) ռիսկերն է մեծացնում ապագա համաձայնությունների կայացման համար։ Մեհրաբյանը դրան էլ հավելում է ԵՏՄ-ացված Հայաստանի ինքնուրույնության և անվտանգության խնդիրը, որոնք մնում են չլուծված։

 

Տնտեսական գիտությունների թեկնածու Համլետ Թադևոսյանը, ընդհակառակը, չի կիսում այն տեսակետը, թե Ռուսաստանը շահագրգռված չէ Իրանի աշխարհատնտեսական ապաշրջափակումով։ Նա համարում է, որ Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են ապրանքների ազատ տեղաշարժի համար ցամաքային կապ ունենալու հարցում, ինչը թույլ կտա Իրանին իր ապրանքները արտահանել ԵՏՄ շուկա։ Ուստի Հայաստանը այդ դաշտում կարող է, օրինակ, մտածել Իրանից կիսաֆաբրիկատներ ներմուծելու, դրանք վերջնական մշակելու ու ԵՏՄ արտահանելու մասին։ Վերջապես, Հայաստանի համար ոչ պակաս կարևոր է Իրանի 70 միլիոնանոց շուկան:

 

Վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն էլ առանցքային համարեց Իրան-Արևմուտք հնարավոր գլոբալ պայմանավորվածություններում Հայաստանի անվտանգության խնդրով երաշխիքների հարցի լուծումը, ինչը կարևոր է այս զարգացումներում պաշտոնական Երևանի լիարժեք մասնակցության ու ներգրավվածության համար։ Նա նույնպես գտնում է, որ պետք է կենտրոնանալ թե՛ երկաթգծային կամ գազամուղի մեգածրագրերի վրա, թե՛ նաև տնտեսության այլ ոլորտներում համագործակցության վրա։ Խուրշուդյանը նաև համարում է, որ Հայաստանը պետք է ուղիներ մշակի «Գազպրոմ»-ին մենաշնորհներ ընձեռած նվաստացուցիչ գազային պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչը կվերացնի Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, այլապես Արևմուտք-Իրան բանակցություններում պաշտոնական Երևանը որոշող սուբյեկտ չի դիտարկվի։

 

Քննարկմանը հետևում էին նաև ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության, ԱՄՆ, Գերմանիայի և Ռումինիայի դեսպանատների ներկայացուցիչներ և օտարեկրյա լրագրողներ:

 

Բանախոսների եզրափակիչ խոսքից հետո ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը ամփոփեց քննարկումը՝ մասնակիցներին տեղեկացնելով, որ այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվելու են, և տարվա ընթացքում վերստին կհանդիպեն՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակության այդ ուղղությամբ ծավալվող զարգացումները գնահատելու և առավել համալիր ամփոփելու համար:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930