Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Ապրիլ 17,2015 23:28

Ապրիլի 16-ին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի նախաձեռնությամբ քաղաքապետարանի շենքի ճակատային մասում ամրացվեցին «1915-2015 – Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ երկու պաստառները: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ ցուցահանդեսներ, համերգային միջոցառումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Նիցցա քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Քրիստիան Էստրոզին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուսելիեն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելում հավատագրված գլխավոր հյուպատոսներ, այլ քաղաքների քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ օտարերկրյա այցելուներ:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար` իր 80000 մարսելահայերով, որոնցով Մարսելը դարձել է հայկական ամենամեծ քաղաքը Ֆրանսիայում: Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում ողջունեց Հռոմի Պապի` ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ընդունած բանաձևը և վերջին շրջանում բազմաթիվ երկրների և ազգային խորհրդարանների կողմից ընդունված օրենքները, որոնցով ճանաչվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Քաղաքապետը կրկին հաստատեց, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն են, և համոզմունք հայտնեց, որ Ֆրանսիան կընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը: Նա նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված անմեղ հայերի հիշատակին, նմանատիպ պաստառներ կփակցվեն Մարսելի բոլոր թաղապետարանների շենքերի ճակատներին:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում: Ֆրանսիական հանրահայտ «La Provence» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Քաղաքապետարանն իր աջակցությունն է ցուցաբերում հայերին» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930