Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու Կանաչ կիրակի

Ապրիլ 18,2015 15:45

Քրիստոնեական ավանդության մեջ Մեծ պահքի քառասուն օրերից հետո հետեւում է հիսունօրյա մի շրջան, որտեղ այդ ընթացքում քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգեւոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաեւ «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետեւ Կարմիր կիրակին, տոն երեւման Սուրբ Խաչի եւ այդ ընթացքի վերջին կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս տարի Կանաչ կիրակին նշվում է ապրիլի 19-ին: «Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին Երուսաղեմում առաջին եկեղեցու հիմնադրման հիշատակն է:

Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը: Կանաչ կիրակին խորհրդանշում է նրա հիմնումը եւ տարածումը ամբողջ աշխարհով մեկ», -«Առավոտի» հետ զրույցում ասաց Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վազգեն Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ Տիրոջ Հարությունից հետո կիրակին նոր իմաստ եւ նշանակություն է ստացել` դարձել Տիրոջ օրը, որի պատճառով Հարության հաջորդ կիրակին կոչվեց Նոր կիրակի: «Համբարձման ժամանակ Քրիստոս իր աշակերտներին տիեզերական առաքելության ուղարկեց. «Գնացեք աշակերտեցեք բոլոր ազգերին եւ մկրտեք նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: Երուսաղեմի եկեղեցին տարբեր երկրներում եղավ նախատիպը բոլոր եկեղեցիների, որոնք հիմնեցին առաքյալները` իրենց քարոզչության ընթացքում: Հատկանշական է, որ այդ օրը 1999 թվականին Գարեգին Առաջին կաթողիկոսի կողմից վերաօծվել է նաեւ Նորավանքը եւ ամեն տարի այդ օրը Նորավանքում ուխտի օր է հայտարարված»,- ասաց տեր Վազգեն Հովհաննիսյանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930