Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլ 18,2015 21:41

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը:

ԻԿՕՄՕՍ-ն արդեն 50 տարեկան է, և այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ԻԿՕՄՕՍ Հայաստանի հետ միասին, միանալով հոբելյանը նշելու առաքելությանը, այսօր «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ցուցադրություն էր կազմակերպել թանգարանում:

«Հազարավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, ճարտարապետական, հնագիտական ժառանգության հոգևոր ու աշխարհիկ (այդ թվում նաև ուրարտական ժամանակաշրջանի) արժեքներ, գտնվելով Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի տարհանման և զանգվածային ջարդերի ժամանակ ամբողջությամբ ավերվել, վնասվել կամ հասցվել են անմխիթար վիճակի: Եվ, ցավոք, այսօր դրանք հանրությանը կարող ենք ներկայացնել միայն լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով»,- ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Ցուցահանդեսում, մասնավորապես, ներկայացված են պատմական Հայաստանի ուրարտական  հուշարձանները՝ ամրոց-բնակավայրերը (Տուշպա, Հայկաբերդ, Այանիս), բացօթյա ծիսապաշտամունքային համալիրները (Մհերի Դուռ, Հազինե Փիրի, Աշոտակերտ, Գանձադուռ) և հայկական եկեղեցիները, որոնցում գտնվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ (Վարագավանք, Արծվաբերդ, Աղթամարի Սբ Խաչ և այլն): Հուշարձաններ, որոնք տարբեր ժամանակներում պեղվել և ուսումնասիրվել են հայ և օտարազգի ականավոր հնագետների կողմից, որոնց մեկնությունն ու հանրայնացումը, սակայն, մինչ օրս լիարժեք չէ:

«Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք լայն հանրությանը տեղեկացնել մեր ուրարտական ժառանգության մասին և ասել, որ մենք այդ ժառանգության տերն ենք և դրա հանրահռչակման խնդիր ենք լուծում»,- ասաց Գ. Գյուրջյանը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2015 թ. մայիսի 30-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930