Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բացվեց խաչքար

Ապրիլ 20,2015 18:45

Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ապրիլի 19-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանի՝ խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:

Խաչքարը ստեղծվել է Ախտոյան ընտանիքի հովանավորությամբ և տեղադրվել 2015 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում։

Հուշարձանը տեղակայված է խաչանման գրանիտե հարթակի վրա և խորհրդանշում է հայ ժողովրդի տառապանքներն ու հաստատակամությունը։

Խաչքարի օծման արարողությունը սկսվեց Զինված ուժերում հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանի տերունական աղոթքով, որից հետո էլ նրա ձեռամբ կատարվեց հուշակոթողի օրհնման և օծման կարգը:

Ըստ Տեր Կորյուն քահանա Կարապետյանի՝ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում խաչքարի բացման և օծման արարողությունը խորհրդանշական պահ է. «Քանի որ Մերձավան համայնքում չկա եկեղեցի, ուստի այս խաչքարի բացումը խորհրդանշական է Մերձավանցիների համար: Այսօր և այսուհետ յուրաքանչյուր մեկը, անցնելով այս խաչքարի կողքով պիտի կարողանա գլուխը խոնարհել, աղոթել և աղոթքով ուժեղ լինել, որ կարողանան հաղթել թշնամուն»,- ասաց քահանան միաժամանակ նշելով, որ խաչքարն այսօր և այսուհետ լացի խորհրդանիշ չէ, այլ հաղթության ու հաղթանակների, քանի որ մեծ ու փոքր գիտի պատմությունը, գիտի թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարի սկզբին:

hishel

Խաչքարի տեղադրման նախաձեռնող, բարերար, Մերձավանաբնակ Գագիկ Ախտոյանի խոսքով, իր ուրույն տեղը գրաված, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող-խաչքարը մի յուրօրինակ վկայություն է ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովրդի. «Յուրաքանչյուր հայի համար այս տարին բացառիկ խորհուրդ ունի. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի օգտվելով 100-ամյակին նվիրված միջոցառումներից որոշեցի նաև հիանալի նվեր մատուցել մեր համագյուղացիներին,-լրագրողերի հետ զրույցում հավելեց Գ. Ախտոյանը: Հուշարձանի կանգնեցման նպատակը հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915 թվականին հայերի հանդեպ տեղի ունեցած ոճրագործության մասին: Ցանկացած խաչքարի, հուշարձանի և ընդհանրապես պատմության էջերը հիշատակող և լուսաբանող կառույցների առկայությունը ապագա սերունդներին դաստիարակելու և ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից մեկն է,- եզրափակեց պարոն Ախտոյանը:

Մերձավան համայնքի այդ փոքրի անկյունում նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի կանգնեցման աշխատանքներին Գագիկ Ախտոյանին աջակցել էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը, ովքեր նաև ներկա էին բացման հանդիսավոր արարողությանը:

Պատմական այս իրողությանը հաջորդեց «Գոհար» կրթամշակութային կենտրոնի սաների գրական-գեղարվեստական կատարումները: Միջոցառմանը ներկա էին Մերձավանի և հարակից համայնքների ողջ բնակչությունը, որոնցից յուրաքանչյուրը իր պարտքն է համարել ներկա գտնվելով՝ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանությանը զոհ գնացած իրենց հարազատների, պապերի  հիշատակը վառ պահող հուշակոթողի բացման արարողությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930