Լրահոս
Օրվա լրահոսը

Օծվեց խաչքարը

Ապրիլ 21,2015 10:31

Այս օրերին Քաշաթաղի շրջանի գրեթե բոլոր համայնքներում ու բնակավայրերում կատարվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Ապրիլի 20-ին շրջանի հարավային Վան գյուղում, որն ընկած է Արաքսի և Ողջիի միախառնման մոտ՝ Ողջիի ձախ ափին, կայացավ Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված խաչքարի օծումը, որը կատարվեց Կապանի հոգևոր հովիվ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Վահան Հեբոյանի ձեռամբ: Օծման արարողությունն սկսելով Տերունական աղոթքով հոգևոր հայրը ջրով և կարմիր գինով լվաց ու օծեց բազալտե խաչքարը: Գյուղը հիմնադրվել է 1997 թվականի սկզբներին հիմնականում ՀՀ Վայոց Ձորի մարզի Թառաթումբ և այլ բնակավայրերից եկած վերաբնակիչներով: Այժմ ունի 31 ընտանիք՝ 133 բնակչով:

Դպրոցը գործում է 1998 թվականից. Ունի 35 աշակերտ, 11 ուսուցիչ: Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Վան և հարևան համայնքների ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր: Վանի գյուղական համայնքի ղեկավար Յուրա Եղյանը տեղեկացրեց, որ խաչքարը կանգնեցվել է 3 տարի առաջ, ՀՀ Վայոց Ձորի Մարզի Թառաթումբ գյուղից ռուսաստանաբնակ բարերար Հուսիկ Մարկոսյանի մեկենասությամբ: Քանդակագործն է դարձյալ թառաթումբցի Մխիթար Վահանյանը, ով պահպանել է խաչքարագործության կանոնները և շունչ տվել բազալտին: Հոգևոր հոր կողմից կատարված արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ, մոմեր վառեցին՝ ի հիշատակ 100-ամյա մեր մեծ ցավի անմեղ զոհերի: Այնուհետև ելույթ ունեցան դպրոցի սաները: Առաջին դասարանում սովորում են 6 աշակերտ, ովքեր ընթերցեցին Տերունական աղոթքը, իսկ աղջիկները՝ Սաթենիկն ու Էլինան, կատարեցին օրվան համահունչ երգեր: Հայրենասիրական երգեր կատարեցին նաև 12-րդ դասարանցիները: Մարիամ Պողոսյանը, ով բավականին վարպետությամբ հնչեցրեց երգերը և Դիաննա Ոսկանյանը: Տեր Վահան քահանա Հեբոյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ է Քաշաթաղի շրջանում կատարում նման արարողություն:

-Ուրախ եմ, որ շենանում է ազատագրված մեր հայրենիքը,-ասաց, հոգևոր հայրը՝ հավելելով, որ հիացած է հատկապես դպրոցականներով, ովքեր ինքնուրույն հանդես եկան:
Խաչքարի մոտ նախատեսված է կառուցել նաև մատուռ: Յու. Եղյանը ասաց, որ Արցախի թեմի առաջնորդ Պարրգև Սրբազանի հանձնարարականով արդեն պատրաստ է մատուռի նախագիծը, և մոտակա ժամանակներում կսկսվի շինարարությունը: Նշեց նաև, որ տարածքը դառնալու է սրբավայր, և Հայոց բանակ մեկնող մեր տղաներն այստեղից են ճանապարհվելու: Նորապսակների օրհնումը նույնպես այստեղ է կատարվելու:
Նույն օրը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 100 սոսիներ տնկվեցին Վանի հարևան Ալաշկերտ գյուղում: Միջնավան-Կովսական ճանապարհի աջակողմյան հարթ տարածքում բազմամարդ էր, և մատղաշ տնկիները հանձնվեցին մայր հողին, ջրվեցին աշակերտների կողմից: Համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ այս գեղեցիկ միջոցառումը կայացավ համայնքի ողջ բնակչության մասնակցությամբ, և ամենակարևորը՝ ծառատունկին մասնակից եղան դպրոցի բոլոր 35 աշակերտները, որոնց կեսից ավելին գալիս են Ալաշկերտի դիմացում փռված Մուշ համայնքից: Բացի ծառատունկից, Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ալաշկերտ գյուղի արևմտյան կողմի բլրակներից մեկի վրա կանգնեցվել է մոտ 6 մ բարձրությամբ երկաթյա խաչ, որի մեջ վառվող լույսերի շնորհիվ այն երևում է գիշեր թե ցերեկ նաև հեռվից:

Ապրիլի 20-ին ծառատունկ կատարվեց նաև Իշխանաձոր համայնքում: Հակարիի 2 ափերին փռված Իշխանաձորը դարձել է տարածքի համար կենտրոն: Հովհ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոցի բակում և Իշխանաձոր-Որոտան ճանապարհի եզրին տնկվեցին ընկուզենիներ և արծաթափայլ բարդիներ: Այստեղ ևս մասնակիցների մեծ մասը դպրոցականներն էին, ովքեր հանդես եկան նաև օրը խորհրդանշող ասմունքով ու երգերով: «Ապրելու երազանքը» բանաստեղծությունն ընթերցեց հեղինակը՝ դպրոցի գրադարանավար Գայանե Սարգսյանը: Համայնքի ղեկավար Արսեն Թելունցը տեղեկացրեց, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այլ միջոցառումներ ևս նախատեսված են:

Զոհրաբ Ըռքոյան. Բերձոր-Վան-Ալաշկերտ-Իշխանաձոր-Բերձոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930