Լրահոս
Օրվա լրահոսը

«Թղթերով աճող Հայաստան». «168 ժամ»

Ապրիլ 21,2015 11:54

Պարզվում է՝ բոլոր հոռետեսական տնտեսական կանխատեսումները եւ գործարարների աչքի տեսած դժվարությունները պատրանք են. ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել եւ ակտիվանալ: Մասնավորապես, այդ մասին են վկայում  ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:

Ինչպե՞ս կարող է տնտեսությունն  աճել, իսկ ներմուծման ու արտահանման ծավալները՝ գահավիժել։ Եթե հավատանք վիճակագրական ծառայությանը, ապա դա ունի տեխնիկական բնույթի պարզ բացատրություն։ Տվյալներին կից ծանոթագրության մեջ հերթական անգամ նշվել է, որ 2015թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման։ «Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը դեռևս ամբողջապես գործարկված չէ»,- ասում են վիճակագիրները։

Համոզված ենք, որ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին՝ կշտապի կրկնել այս հիմնավորումը, ինչպես արել էր հունվար և փետրվար ամիսների տվյալների հրապարակումից հետո։

Լավ, ենթադրենք՝ արտաքին առևտրաշրջանառության անկումը հիմնականում պայմանավորված է հենց այդ տեխնիկական խնդրով։ Ու ենթադրենք՝ տվյալների ճշգրտումից հետո անկման ցուցանիշը 28.5%-ից իջնելու է 8.5%: Արդյոք սա լավատեսության հի՞մք է տալիս։ Իհա՛րկե ոչ, որովհետև անկում, ամեն դեպքում, լինելու է։

Սակայն ամենատխուր եզրահանգումների պատճառը հենց այդ տեխնիկական խնդրի առկայությունն է։ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պահից անցել է ավելի քան 3 ամիս, սակայն անգամ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու ու դրանց վրա դատողություններ անելու հնարավորություն չկա։ Նման տեմպերով «ինտեգրումը» խոսում է այս կառույցի ու դրա շրջանակներում համագործակցության արդյունավետության մասին։

Չնայած, մյուս կողմից, առաջին անգամը չէ, որ մեր աչքի տեսածն ու վիճակագրության ներկայացրած պատկերը խիստ տարբերվում են իրարից՝ լինի տնտեսական աճի, գնաճի, գործազրկության թե բնակչության թվաքանակի ու աղքատության մակարդակի հարցում։ Իսկ տնտեսական աճի ցուցանիշը 1-2 տոկոսով «ճշգրտելը» մեր պրոֆեսիոնալների համար երբեք խնդիր չի եղել։ Առավելևս, որ հիմա դա նաև պատվի հարց է։ Բա աշխարհին ցույց չտա՞նք, որ ՀՀ կառավարությունում ավելի լուրջ մասնագետներ են հավաքված, քան ԱՄՀ-ում ու աշխարհի մյուս հեղինակավոր միջազգային կազմակերպություններում։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930