Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաներումը բանտախցերը բեռնաթափելու պատրվակ է». Արտակ Զեյնալյան

Ապրիլ 21,2015 14:26

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ, Հայաստանում հաճախ կիրառվող համաներումները կոմպրոմիս են հասարակության եւ իշխանության միջեւ: Ըստ նրա, Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է, որովհետեւ Հայաստանում չկան անկախ դատարաններ, արդարացումները մի տոկոսի են հասնում: «Եթե վերցնենք Ժիրայր Սեֆիլյանենց դեպքը, որ կալանքը, որպես խափանման միջոց, քննչական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, համատարած է կիրառվում, իսկ եթե մի դեպք է լինում, որ չի կիրառվում, ինչպես, օրինակ, դատավոր Մնացական Սարգսյանի դեպքում էր, հեռացվում է պաշտոնից: Համաներումը փաստորեն իշխանության բարի կամքն է, բարի ժեստ է անում, ու դատապարտյալները ազատվում են, բայց սա միակ դեպքն է, որ գոնե ինչ-որ չափով փրկում է դատապարտյալներին: Գնացեք քրեակատարողական հիմնարկներ ու տեսեք դատապարտյալների պայմանները, 8 հոգու համար սահմանված խցում 25 հոգի են, բետոնե պատեր, ջուրը ժամով են տալիս, չկա օդափոխություն: Նրանց համար միակ փրկությունն ու հույսը համաներումն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով, համաներումը պետք է տեղավորվի պետության քրեակատարողական քաղաքականության մեջ եւ ժողովրդի կամքով պետք է իրացվի համաներումը. «Բայց սա աղավաղված է, այս սկզբունքը չի գործում, սա որոշակի մեխանիկական արարողակարգ է դարձել, խորքային էությունը չի ընկալվում»:

Ըստ նրա, իշխանությունները համաներումը որպես պատրվակ են օգտագործում` բանտերը բեռնաթափելու համար:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ իրականում չենք տեսնում որեւէ փոփոխություն բանտախցերում գերծանրաբեռնվածությունը վերացնելու ուղղությամբ:

Նա նաեւ նկատեց, որ համաներումը սովորաբար չի ազդում քաղբանտարկյալների վրա, ապա հիշեցրեց, որ «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալներին համաներմամբ ազատ արձակելու համար համաներման տեքստում հատուկ համապատասխան հոդվածներ ներառվեցին. «Այսինքն, համաներման տեքստը պատրաստվում է ոչ թե ըստ անհրաժեշտության, թե որ հոդվածի համար պետք է կիրառվի համաներումը, որ հոդվածի համար չպետք է կիրառվի:  Եթե նախորդ համաներման տեքստը ուսումնասիրած լինենք, կտեսնենք, որ սպանությունների եւ այլնի վրա նույնպես տարածվեց համաներումը եւ վեց ամսով կրճատվեց, կարդացողն արդեն հասկանում է ` այստեղ խնդիր է լուծվել, ինչ-որ անձ պետք է ազատ արձակվեր, սպանության հոդվածը ներառեցին: Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել, համաներումը կիրառել այս կամ այն հոդվածների վրա ու վեց ամսով կրճատել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930