ԼՂՀ ԿԸՀ նախագահ. «Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզչությունն ընթանում է առանց լուրջ միջադեպերի»

ԼՂՀ ԿԸՀ նախագահ. «Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզչությունն ընթանում է առանց լուրջ միջադեպերի»

Ս.թ. ապրիլի 20-ին ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հրավիրած մամուլի ասուլիսի թեման մայիսի 3-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն էին: Խոսվեց կատարվածի ու կատարվելիքի, ինչպես նաև խնդիրների ու բարձրացվող հարցերի մասին: Հանդիպման սկզբում Ս. Արզումանյանը նշեց, որ առաջիկա ընտրությունները կազմակերպվում են նոր ընտրական օրենսգրքի հիման վրա, որի առաջադրած նորությունները լրիվ ծավալով տեղայնացված և յուրացված են ընտրական համակարգի բոլոր պատասխանատու օղակների կողմից: Ապրիլի 20-ի տվյալներով՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42, և համամասնական ընտրակարգով գրանցված 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Ինքնաբացարկ են հայտնել 4 թեկնածուներ: Նախորդ` 2010թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ կրկնապատկվել է թեկնածուների թիվը, ինչը ենթադրում է, որ ընտրություններն ընթանալու են ակտիվ մրցակցության պայմաններում և ընդլայնվել է ընտրական հանձնաժողովների անելիքների շրջանակը: Օրենսդրական պահանջով կուսակցությունների կողմից առաջին անգամ են նախընտրական ծրագրեր ներկայացվել, որոնք, նրանց գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրերի հետ միասին, տեղադրվել են ԿԸՀ կայքում:

Ներկա դրությամբ արդեն կազմավորվել են թվով 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց անդամների մեծ մասը՝գրեթե 70 տոկոսն, անկուսակցական են, իսկ 30 տոկոսն էլ առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրական միջոցառման: Քվեարկության օրը ՀՀ-ում գտնվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում կազմավորվել է Երևան/1 տեղամասը: Տեղամաս է կազմավորվել քրեակատարողական հիմնարկում` կալանավորվածների համար: Ստացիոնար 22 բուժհաստատություններում բուժում ստացող ընտրողների քվեարկության կազմակերպումը տեղում ապահովելու նպատակով ԿԸՀ-ն համագործակցում է ԼՂՀ առողջապահության և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ: Քվեարկության օրն ընտրական տեղամասերում ու ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում անխափան էլեկտրասնուցում, կապ, այդ թվում` ինտերնետ կապ, ինչպես նաև տեղամասային կենտրոններում հակահրդեհային անվտանգության պայմաններ կապահովվեն: Ասուլիսին անդրադարձ եղավ ընտրացուցակներին և նշվեց այդ մասով ԼՂՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, մարտի 24-ի տվյալներով առաջիկա ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 101 739 քաղաքացիներ, նրանց թվում` զինծառայող ընտրողները:

Նշվեց, որ ոստիկանության կայքում արդեն հրապարակվել և բոլորին հասանելի են ընտրողների ցուցակներն` ըստ ընտրական տեղամասերի, ի դեպ` առաջին անգամ: Այդ ցուցակները փակցված են նաև տեղամասային կենտրոններում, և յուրաքանչյուր ընտրող կարող է այցելելով կայք կամ տեղամասային կենտրոն, ստուգել իր անվանման առկայությունը համապատասխան ցուցակում, և դրա բացակայության դեպքում դիմել ոստիկանության անձնագրային բաժին: Անցկացվող նախընտրական քարոզարշավին էր վերաբերվում հարցերի հաջորդ խումբը: Ս. Արզումանյանն ընդգծեց այն իրողությունը, որ նախընտրական քարոզարշավի շրջանը սովորաբար աչքի է ընկնում բավական ակտիվ մթնոլորտով: «Հետևաբար դրա ընթացքում բոլոր թեկնածուների համար անկողմնակալ վերաբերմունք ապահովելը միշտ էլ մեր օրակարգում է մնում»,- նշեց նա: Մարտի 30-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով ընտրության մասնակից կուսակցություններին անվճար 30 րոպե և վճարովի 80 րոպե եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը, որի շրջանակներում կուսակցություններն արդեն իրականացնում են քարոզարշավը: Շրջվարչակազմերն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը սահմանել են այն դահլիճների և շինությունների ցանկը, որոնք դրանք տիրապետող ղեկավարների կողմից տրամադրվում են թեկնածուներին՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Համայնքների ղեկավարների կողմից սահմանվել են համայնքներում անվճար տեղեր առանձնացնելու մասին ՝ քարոզչական պաստառներ փակցնելու համար:

Նախընտրական հիմնադրամների մասին խոսվեց: Համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած բոլոր 7 կուսակցությունները և մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի 42 գրանցված գրեթե բոլոր թեկնածուները ձևավորել են նախընտրական հիմնադրամներ, և նրանց կողմից նախընտրական հիմնադրամների ձևավորման, մուտքերի և ելքերի առումով կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: «Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզչությունն ընթանում է առանց լուրջ միջադեպերի: Համենայնդեպս, ընտրական հանձնաժողովներ ներկայացվող բողոքների ոչ մեծ թիվն է հիմք տալիս նման պաշտոնական հայտարարության: Իհարկե, այսպիսի միջոցառումներում չի բացառվում նաև բացթողումների ու թերությունների հնարավորությունը: Մասնավորապես դրանք վերաբերվում են քարոզարշավի ընթացքում դահլիճների օգտագործման կարգից որոշ թեկնածուների դժգոհություններին: Հարցերի մի մասն էլ եթերաժամի սակագնի վերանայմանը, քարոզչական պաստառների տեղակայման վայրերին էր վերաբերվում: Այս հարցերն արդեն օրենքի շրջանակներում կարգավորված են: Ավելի շատ պարզաբանումներ ստանալու համար են դիմում: Դրանց արձագանքում ենք շատ կարճ ժամկետներում»,- ասաց ԿԸՀ նախագահը: Խոսվեց նաև անելիքների մասին: Սպասվում է ավելի քան 100 միջազգային դիտորդների այց և այդ հարցին վերաբերվող մանրամասները խոստացվեց ներկայացնել ավելի ուշ: «Ընտրությունների նախօրեին առիթ կունենանք այս թեմայի շուրջ ավելի ծավալվելու: Միայն ասեմ, որ արդեն մասնակցության պաշտոնական հաստատում ունենք, և հավատարմագրման համար ներկայացված են Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների պաշտոնական պատվիրակությունների կազմում այցելող դիտորդների տվյալները»: Տեղական դիտորդների պասիվություն է նկատվում: Հավատարմագրման համար դիմել են ընդամենը 2 կազմակերպություններ: Հիշեցման կարգով նշվեց, որ հավատարմագրման համար կարող են դիմել միայն այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրների մեջ են մտնում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հարցերը և ովքեր չեն սատարում ընտրապայքարի մեջ գտնվող կուսակցություններին ու թեկնածուներին : Փոխարենը վստահված անձանց հավակնորդների թիվն է բավական մեծ` մոտ 6800:

Այս տվյալների հիմքում առանձին թեկնածուների ու կուսակցությունների կողմից ներկայացված հայտերն են: «Վստահված անձանց համար մոտ օրերս մեր կայքում կհրապարակենք ուղեցույց` իրենց իրավունքների ու պարտականությունների մանրամասն շարադրմամբ», -ասաց Արզումանյանը: «Ապրիլի 21-ից ԿԸՀ-ի և ՏարԸՀ-ների կողմից սեմինարներ կանցկացվեն ՏԸՀ նախագահների ու քարտուղարների համար: Առաջիկայում մեր ուշադրության հիմնական առանցքում տեղեկատվական աշխատանքների առավել աշխուժացումը կլինի, ապրիլի 27-ից կգործի ԿԸՀ մամլո կենտրոնը: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակենք մինչև մայիսի 4-ի ժամը 20.00-ն, իսկ վերջնականը՝ մայիսի 10-ին»,- ավելացրեց ԿԸՀ նախագահը: Նա նաև պատասխանել է լրագրողների հարցադրումներին: Մամուլի ասուլիսի վերջում Ս. Արզումանյանը մեկ անգամ ևս կոչ արեց քաղաքական զսպվածություն, բարոյական պատշաճ կեցվածք և մեկը մյուսի հանդեպ հանդուրժողական ու հարգալից վերաբերմունք դրսևորել: «Սա բոլորին է վերաբերվում: Պետք է այնպես անել, որ այս ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական երկրներին հատուկ ձևով: Բոլորիս նշանակետը պետք է լինի անկողմնակալ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացումը, որի համար պատասխանատու պետք է զգա Արցախում ապրող յուրաքանչյուր ոք, ով այս երկրի ապագայի համար մտահոգ է»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք