Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանություն չճանաչած երկրների երիտասարդները՝ չճանաչման պատճառների մասին

Ապրիլ 25,2015 18:41

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) 16 երկրից ժամանած 50 երիտասարդ քաղաքական գործիչներ այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այնուհետև Հիշողության պուրակում խորհրդանշական եղևնի տնկեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Նշենք, որ մինչ այդ երիտասարդները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը եվրոպացի երիտասարդներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել Սերժ Սարգսյանին: Մեզ հետ զրույցում երիտասարդ քաղաքական գործիչները իրենց զարմանքը հայտնեցին, որ հնարավորություն են ունեցել շուրջ 2 ժամ շփվել ՀՀ նախագահի հետ, այն դեպքում, երբ իրենց երկրներում նման բան հնարավոր չէ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ այս այցը իր ձևաչափով իրականացվում է առաջին անգամ. «Այս երիտասարդները Եվրոպայի ապագա քաղաքական գործիչներն են: Նրանց թվում են նաև այն երկրները ներկայացնող երիտասարդներ, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ երիտասարդներն իրենց խոսքում նշում են, որ վերադառնալով իրենց երկրներ՝ ճանաչմանն ուղղված քայլեր են կատարելու ու պատմելու այն ամենը, ինչ տեսան Հայաստանում»:скачанные файлы

Aravot.am-ը զրուցեց Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրներից ժամանած երիտասարդների հետ: Իսրայելի ներկայացուցիչ Դավիդի Հերմելիից հետաքրքրվեցինք՝ պատճառները քաղաքակա՞ն են, որ Իսրայելի իշխանությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա պատասխանեց. «Ես չեմ ներկայացնում պետություն և չեմ կարող խոսել մեր կառավարության անունից: Բայց իմ կարծիքով՝ Իսրայելում խնդիրը ճանաչման հարցը չէ, այլ այն, որ ոչ ոք չժխտի այդ փաստը: Մենք ևս Հոլոքոստ տեսած ժողովուրդ ենք և գիտենք, թե դա ինչ է: Մեզ համար կարևոր է, որ մարդիկ չժխտեն ցեղասպանության փաստը: Մենք չպետք  է կոչ անենք ճանաչել պատմությունը, այն փաստ է: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և չեմ կարծում, որ առաջնայինը դրա ճանաչումն է: Մենք ոչ թե մեր ջանքերը պետք է ներդնենք ճանաչման գործընթացի վրա, այլ, որ հասարակությանը պատմությունը ճիշտ մատուցենք»:

Հետաքրքրվեցինք՝ Իսրայելի հասարակությունը գիտի՞ Հայոց ցեղասպանության մասին, արդյոք իսրայելցիները տեղյա՞կ են պատմական ճշմարտությանը, Դավիդի Հերմելին պատասխանեց. «Ողջ հասարակությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել և ոչ ոք Իսրայելում չի ժխտում այդ փաստը: Իսրայելի հասարակությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչում է: Իսրայելի խորհրդարանի մեծամասնությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին»:

Հարցին՝  չե՞ն ցանկանում հարաբերություններ փչացնել Թուրքիայի հետ, այդ պատճառով պաշտոնապես չեն ճանաչում,մեր զրուցակիցը չժխտեց նաև այդ հանգամանքը ու ասաց. «Պետք չէ Թուրքիայի հետ  արհեստական խնդիրներ ստեղծել, այսպես թե այնպես մեզ համար ընդունելի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ցեղասպանություն է»:

скачанные файлы

Ուկրաինայի ներկայացուցիչ Սվիտլանա Սեմկոն մեզ հետ զրույցում ասաց, որ վերադառնալով իրենց երկիր՝ փորձելու է նպաստել ճանաչման գործընթացին. «Կարծում եմ, որ ուկրաինացիները ևս կիսում են Հայոց ցեղասպանության պատմական փաստի դատապարտումը: Իմ կարծիքով՝ գուցե կան քաղաքական պատճառներ, որ մինչև այժմ Ուկրաինան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես: Հույս ունեմ, որ նոր կառավարությունն այլ տեսակետ կունենա: Մեր խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հայ անմեղ զոհերի հիշատակը: Ուկրաինացիները ևս տեսել են ցեղասպանություն և պրոուկրաինական կուսակցությունները այլ կերպ են նայում այդ հարցերին, այլ մոտեցումներ ունեն: Ես կառավարության անդամ չեմ, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ նոր կառավարությունն այլ մոտեցում կունենա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930