Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկում  Կոպենհագենում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

Ապրիլ 26,2015 17:12

 Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր ծայրերում տեղի էին ունենում տարբեր ծավալի, ձևաչափի  միջոցառումներ՝ Ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու և դրա միջազգային, ինչպես նաև Թուրքիայի կողմից ճանաչմանը հասնելու նպատակով: Ապրիլի 24-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Ստյոբերիթս հայտնի սրճարանում, SOS mod Racisme  (SOS. ընդդեմ ռասիզմի) կազմակերպության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկում: Նշենք, որ հանրային քննարկումները Կոպենհագենի հասարակական-քաղաքական կյանքի մի կարևոր մասն են կազմում:   SOS mod Racisme   կազմակերպության կայքէջը տեղեկացնում է, որ այն միջազգային շարժում է, մասնաճյուղեր ունի Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում: Կազմակերպության դանիական մասնաճյուղն աշխատում է մարդկանց միջև երկխոսության ապահովման և խտրականության բացառման ուղղությամբ՝ պայքարելով  քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ՝ հանուն հավասար իրավունքների և մարդկանց միջև բարեկամության:

Հայոց Ցեղասպանությանը նվիրված ապրիլի 24-ի միջոցառման առաջին զեկուցողը ազգությամբ քուրդ պատմաբան, լրագրող և գրող Դենիս Սերինսին էր, ով անդրադարձավ Ցեղասպանության մի քանի պատմական փաստերի և Հայոց Ցեղասպանության շուրջ Թուրքիայի հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներին, Դանիայում Հայոց Ցեղասպանության շուրջ առկա տարակարծություններին և բանավեճերին: Սերինսին անդրադարձավ Ստամբուլում Հրանտ Դինքի սպանությանը, ապա մատնանշեց Ուտրեխտի համալսարանի  դասախոս, Հայոց Ցեղասպանության մասնագետ Ուգուր Ույմիթ Ույնգյորին, ով Դանիա կատարած այցի ժամանակ նշել է, որ Թուրքիան վախենում է հայերի տարածքային պահանջներից և սպանվածների իրավահաջորդներին տնտեսական փոխհատուցում  վճարելուց: Դենիս Սերինսին անդրադարձավ նաև Հարավային Դանիայի համալսարանի դասախոս Մեհմեդ Ույմիթ Նեջեֆին, ով նշել է, որ 100-ամյա տարածքային վեճերը միշտ էլ դժվար է լուծել, և որ պետությունները չեն աջակցում Հայաստանի տարածքային պահանջներին՝ կապված Արևելյան Թուրքիայի հետ: Ըստ լրագրողի՝ Ույնգյորը համամիտ չէ Նեջեֆի կարծիքին: Անկախ այդ ամենից՝ երկու գիտանականներն էլ համամիտ են, որ ցեղասպանության ճանաչման ճանապարհին կանգնած է թուրքերի ինքնաընկալումը. Թուրքիայի  դասագրքերում երբևէ չի ներկայացվել իրականությունը, նրանք դաստիարակվել են այն գիտակցմամբ, որ իրենք են եղել քրիստոնեական ագրեսիայի զոհերը: Լրագրողը կարծում է, որ 80-միլիոնանոց ազգին 100 տարի ստելուց հետո դժվար է հայտնել, որ դպրոցում նրանց ողջ սովորածը սուտ է: Նա նաև նշում է, որ եղել են նաև թուրքեր և քրդեր, ովքեր դեմ են եղել կառավարության գործողություններին և օգնել են հալածվող հայերին:Malenes foto 1

SOS mod Racisme ամսագրի խմբագիր Մարիաննա Օլսենն իր ելույթում դիմեց քաղաքացիական հասարակություններին՝ ընդգծելով, որ եթե քաղաքական գործիչները չեն ճանաչում ցեղասպանությունը, ապա գոնե հասարակությունը պետք է բարձրաձայնի դրա մասին և հստակ ցույց տա քաղաքական գործիչներին, որ ակնկալում է Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Օլսենը  նշեց, որ խնդիրը թուրքերի և հայերի միջև չէ, այլ այն մարդկանց, ովքեր ճանաչում են և չեն ճանաչում ցեղասպանությունը: Օլսենը հիշատակեց նաև թուրք ազգայնականների կողմից Հրանտ Դինքի սպանությունը և նրա թաղմանը ներկա մեծաքանակ բազմությունը: Նա նաև հիշեցրեց, որ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» բառը ստեղծվել է հենց 20-րդ դարի առաջին ցեղասպանության արդյունքում: Թեպետ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է 1948թ., Հայոց ցեղասպանությունը կատարված փաստ է և այդ հարցից խուսափել հնարավոր չէ: Խմբագրի եզրահանգումը հետևյալն էր. անհրաժեշտ է  հասնել դանիական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Դանիայի կողմից ցեղասպանությունը չճանաչելու պատճառներին անդրադարձան Կոպենհագենի քաղաքային խորհրդի անդամ Կլաուս Մյուգինդը, իրավաբան Նիլս-Էրիկ Հանսենը: Ներկաները զեկուցողներին հարցեր ուղղեցին: Քննարկումը նպաստեց դանիական հասարակության շրջանում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:MAG_6548 - Copy

Հանրային քննարկմանը որպես երկրորդ զեկուցող հանդես եկավ նաև Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Սոսե Մայիլյանը: Նրա զեկուցման թեման էր «Հայոց Ցեղասպանության մարդկային, քաղաքական և իրավական հետևանքները» Ուսանողուհին իր ելույթին զուգահեռ ցուցադրեց նաև լուսապատկերներ: Սոսե Մայիլյանը նախ շնորհակալություն հայտնեց  կազմակերպիչներին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  միջոցառման համար, ապա անդրադարձավ զեկուցման առաջին հարթությանը՝ մարդկային ճակատագրերին:  Սոսե Մայիլյանի ելույթը ներկայացվում է ստորև՝  կրճատումներով.

 

«Երևանի մեր տանը, որտեղ ես ապրում եմ, քիչ այն կողմ երևում է Արարատ լեռը, որի վրա, ըստ Աստվածաշնչի, իջել է Նոյի նավը։ Այդ պատճառով Արարատը համարվում է Աստվածաշնչյան լեռ. այն անչափ գեղեցիկ է, որպես բնության երևույթ։ Սակայն հայերի համար այն ավելին է, քան սոսկ գեղեցիկ լեռ. Արարատը հայ ժողովրդի  կորսված հայրենիքի խորհրդանիշն է։ Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի արևելքում, որը հայտնի է որպես Արևմտյան Հայաստան, թուրքական կառավարության կողմից ծրագրվեց և իրականացվեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Երիտթուրքերի կառավարությունը նախ զինաթափեց հայ տղամարդկանց, նրանց մի մասին, ովքեր հրաժարվում էին զենքը հանձնել, նետեց բանտեր, հետո, սկսեց հավաքել հայ տղամարդկանց՝ ռազմաճակատ ուղարկելու պատրվակով։ Նրանք բոլորը հետո սպանվեցին։

1915թ ապրիլի 24-ին նախ աքսորվեց, ապա աքսորի ճանապարհին գլխատվեց Կոնստանդնուպոլսի հայ մտավորականությունը։ Հայոց ցեղասպանության իրագործման առաջին քայլը կատարված էր: Հենց այդ պատճառով էլ հենց ապրիլի 24-ն է համարվում Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Թուրքերը կանանց, երեխաներին, ծերերին քշում էին Դեր Զոր անապատով, նրանցից շատերը չէին կարողանում ճանապարհը շարունակել, և նրանց մարմինները մնացին անապատում:

Այս իրողությունների մասին դուք կարող եք կարդալ մեծաթիվ արխիվային նյութերում, այդ թվում՝ ժամանակին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, դանիացի մեծ մարդասեր, հայ ժողովրդին օգնության հասած Մարի Յակոբսենի հուշերում և այլն։ Եվ այժմ՝ 100 տարի անց, գտնվելով Յակոբսենի հայրենիքում, ես իմ երախտիքի խոսքն եմ ուզում ասել նրան հայերին ցուցաբերած անգնահատելի օգնության համար:

Հայոց ցեղասպանությանը ժամանակին աշխարհի արձագանքը բոլորովին համարժեք չէր։ Աշխարհը հիմնականում լուռ էր: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքի մի մեծ մասից։

Այժմ ցանկանում եմ ներկայացնել իմ անձնական պատմությունը։ Իմ պապը ծնվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանում: Ցեղասպանության օրերին գաղթի ճանապարհին պապս կորցրել է իր միակ եղբորը, ում գտել է միայն 1960-ական թթ.՝ պարզելով, որ եղբայրը Բաղդադում է ապրում։ Նրանց միջև սկսվել է նամակագրական կապ, որը շարունակվել է մինչև պապիս մահը՝ 1978 թվականը: Պապիս եղբայրն ավելի ուշ է մահացել՝ 1992 թվականին։ Նրանք երկուսն էլ՝ թե՛ պապս, թե՛ նրա եղբայրը (մորս հորեղբայրը), մահացել են՝ առանց իրար տեսնելու, քանի որ Խորհրդային Միությունը թույլ չէր տալիս պապիս մեկնել Բաղդադ, իսկ եղբորը՝ Երևան։ Ահա երկու մարդկային ճակատագրեր, երկու եղբայրներ, որոնք այդպես էլ իրար չտեսան. դա հենց Ցեղասպանության հետևանք էր։ Այդպիսի պատմությունների դուք շատ շատ կհանդիպեք։

Սրանք ընդամենը մի քանի նախադասություններ են, բայց այս քաղաքական հետևանքների ետևում մի ողջ քրիստոնյա ժողովրդի ճակատագիր է, ժողովուրդ, որը քրիստոնեությունն ընդունել է առաջինը՝ 301 թ., որը 5-րդ դարում ստեղծված այբուբենն օգտագործում է մինչ օրս։ Ժողովուրդ, որն առաջինն է թարգմանել Աստվածաշունչը։

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը առիթ, է, որ խոսենք  ցեղասպանությունների կանխարգելման խնդրի մասին: Սա ելույթիս իրավական մասն է: Ուզում եմ հիշել Ադոլֆ Հիտլերի խոսքերը, երբ հրեաներին ողջակիզելիս նա ասում էր․ «Հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը»։ Թուրք առաջնորդները, հայերին ցեղասպանության ենթարկելով, առաջնորդվում էին այս սկզբունքով՝ չկան հայեր, չկա Հայկական հարց։ Իսկ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիան շրջափակման է ենթարկել Հայաստանը՝ փակ պահելով հայ-թուրքական սահմանը: Դա աշխարհագրական Եվրոպայի միակ փակ սահմանն է այսօր: Միջազգային հանրության արձագանքը սրան համարժեք չէ:

Ես, իհարկե, շատ լավատես չեմ, որ ցեղասպանության կանխարգելման քաղաքական և իրավական ներկա գործիքներով հնարավոր է կանխարգելել ցեղասպանությունները։ Ցեղասպանություն նախաձեռնողները առաջնորդվում են Ալեքսանդր Մակեդոնացու սկզբունքով՝ թրով կտրելով գորդյան հանգույցը։ Չկա ժողովուրդ, չկա և նրա հայրենիքը։ Ցեղասպանության կանխարգելման, թերևս, ամենաարդյունավետ միջոցն այնպիսի իրավական մեխանիզմների մշակումն է, որոնք դրա կազմակերպիչներին ցույց կտան, որ հանցագործությունը ճանաչելուց բացի, կհետևեն այնպիսի իրավական հետևանքներ, որ իրենց ծրագրած ցեղասպանության արդյունքներն ի չիք կդառնան։ Նման գործիք կարող է դառնալ ցեղասպանության ենթարկված էթնոսի բնակության տարածքը միջազգային հսկողության տակ վերցնելը, այսինքն՝ հետագայում այդ տարածքը ցեղասպանություն իրականացրած պետության կազմում երբևէ ընդգրկելու արգելքը։

Եվս մեկ գործիք կարող է լինել ցեղասպանությունից հետո այդ տարածքներում ցեղասպանություն կատարած ազգի ներկայացուցիչների կամ հանցագործների իրականացրած զանգվածային բնակեցումն ապօրինի համարելը։

Կարծում եմ այս երկու մեխանիզմները կարող են էապես օգնել հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը։ 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն ցեղասպանության կանխարգելման հարցերը մնում են դեռ արդիական։   Եվ այսօր որպես առաջնային խնդիր պետք է ձգտել և հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930