Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Հենրի Մորգենթաուի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլ 26,2015 19:58

 Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երևանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Հենրի Մորգենթաու 4-րդը:

Միջոցառմանը ներկայացվեց նաև ՀՑԹԻ կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:

Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խորը վերլուծություն` այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով: Բացի այդ, նա նկարագրում է որոշումների կայացման գործընթացը, երիտթուրքերի իշխանական ինտրիգները, ինչպես նաև ընթերցողին ծանոթացնում է գերմանական քարոզչական քաղաքականության հետ, որը Թուրքիային ներքաշեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: ՀՑԹԻ գիտաժողովների սրահում ելույթ ունեցան նաև Հենրի Մորգենթաուի մյուս ազգականները՝ թոռները, ծոռները, ովքեր իրենց երախտագիտությունը և հուզմունքը հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառման կազմակերպման և դեսպան Մորգենթաուի մեծարման համար:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին և Մորգենթաուի ազգականներին հանձնեց «Հենրի Մորգենթաու» հուշամեդալներ: Տեղի ունեցավ նաև Հենրի Մորգենթաուին նվիրված հիշատակի բացիկների մարում:

Հյուրերը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԱՄՆ դեսպանը, Մորգենթաու ընտանիքը ծաղիկներ դրեցին նաև Հենրի Մորգենթաուի հուշատախտակի մոտ:

Տեղեկացնենք նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նաև Հենրի Մորգենթաուի անունը կրող աշխատասենյակ:

Ամերիկացի դիվանագետ, քաղաքական գործիչ, իրավաբան: Ծնվել է Գերմանիայի Մանհայմ քաղաքում, գերմանացու և հրեայի ընտանիքում: 1866-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք:

Կրթություն է ստացել Կոլումբիայի իրավունքի դպրոցում: Լինելով Դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի քաղաքական թիմակիցը՝ 1913-ին Հենրի Մորգենթաուն նշանակվում է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան: Կոստանդնուպոլսում Մորգենթաուն կապեր է հաստատում երիտթուրք պարագլուխների հետ, և բազմիցս միջնորդում է հայերի կոտորածները կանխելու հարցում: Օրեցօր Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպանատունը հեղեղվում էր Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում գործող ԱՄՆ հյուպատոսների զեկույցներով, որտեղ նրան հաղորդում էին թուրքական վայրագությունների մասին: Մորգենթաուն պարբերաբար ԱՄՆ Պետքարտուղարություն էր ուղարկում հայերի կոտորածների նկարագրություններով հեռագրեր, որոնցից մեկում թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային կոտորածները որակում էր որպես ռասայական բնաջնջման քաղաքականություն:

1916-ին Հ. Մորգենթաուն դադարեցրեց դիվանագիտական առաքելությունը, սակայն շարունակեց իր հայանպաստ գործունեությունը: Դեռևս 1915 թվականին նրա անմիջական ջանքերով ու նախաձեռնությամբ ստեղծվում է Մերձավոր Արևելքի կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրող Հայսիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեն, որը հետագայում վերանվանվում է «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց»:

1918 թ. Մորգենթաուն հրատարակում է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշագրությունը Օսմանյան կայսրությունում անցկացրած իր տարիների մասին: Գրքի «Մի ժողովրդի սպանություն» գլուխը նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների լուսաբանմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մորգենթաուն ներգրավված էր մի շարք նախաձեռնություններում: Փարիզի խաղաղության վեհաժողովում նա ամերիկյան պատվիրակության Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականն էր: Հենրի Մորգենթաուն վախճանվել է 1946 թվականին
 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930