Լրահոս
Օրվա լրահոսը

Դա նախագահի կեցվածքն է եւ նորություն չէ

Ապրիլ 27,2015 17:00
kiro manoyan

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու քայլ չի տեսնում

– «Եթե Թուրքիան վավերացներ արձանագրությունները, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր։ Մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը։ Եթե Թուրքիան վավերացնի, մենք էլ կվավերացնենք»,- CNNturk-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Սարգսյանը: Չե՞ք կարծում, որ սա արձանագրությունները վերակենդանացնելու փորձ է: ՀՅԴ-ն ողջունեց նախագահ Սարգսյանի որոշումը` արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից ետ կանչելու վերաբերյալ: Հիմա ի՞նչ կասեք:

– Ես չէի ասի, որ նախագահը հնարավորություն է տվել արձանագրությունները վերակենդանացնելու: Այո, արձանագրությունները իրավականորեն, դժբախտաբար, մեռած չեն, քանի որ կողմերից որեւէ մեկը իր ստորագրությունը չի վերցրել: Դրա համար էլ մենք միշտ ասում էինք ու ասում ենք, որ Հայաստանը պիտի իր ստորագրությունը ետ վերցնի: Որովհետեւ Թուրքիան ցույց տվեց, որ ինքն առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու ցանկություն, տրամադրություն չունի: Ինչ որ ասել է նախագահը CNNturk-ին տված հարցազրույցում, դա իր կեցվածքն է եւ նորություն չէ: Դրա համար էլ, երբ նախագահն արձանագրությունները ԱԺ օրակարգից ետ վերցրեց, մենք ասացինք` ողջունելի քայլ է, բայց անբավարար, որովհետեւ ստորագրությունները տակավին այնտեղ են, եւ չի բացառվում, թեեւ տեսականորեն դրա հավանականությունը շատ քիչ է, որ հանկարծ Թուրքիան վավերացնի արձանագրությունները, եւ ինչպես նախագահն ասել էր նախաստորագրումից առաջ, հետո ու հիմա էլ ասում է՝ Հայաստանը նույնպես կվավերացնի: Մենք դեմ ենք արձանագրությունների վավերացմանը, ուստի կրկին ասում ենք, որ Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը:

– Թուրքիայի ղեկավարների կողմից հնչած վերջին կոշտ, հակահայկական հայտարարություններից, անգամ միջազգային հանրությանն ուղղված վիրավորանքներից, Հռոմի պապի հայտարարություններին թուրքական հակադարձումներից, այնուհետեւ Թուրքիայում հայերին աշխատանքից ազատելու տարբեր դեպքերից, տարատեսակ ճնշումներից հետո հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին խոսելն, արդյոք, Հայաստանի կողմից թուլության նշան չէ՞:

– Կարող է նաեւ այդպես մեկնաբանվել, բայց ես չեմ կարծում, որ նախագահի հայտարարությունն այդ է ասում: Արձանագրությունները ԱԺ օրակարգից նախագահը հետ կանչեց մոտ երկու ամիս առաջ, իսկ ճիշտ այդ օրերին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ էր այցելում Հայաստան. դիվանագետը` հղում անելով արձանագրություններին, ասաց՝ ակնկալում ենք, որ ժամանակին կվավերացվեն այդ արձանագրությունները, գոհ ենք, որ գործընթացը տակավին կա: Նախօրեին ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն արձանագրություններին հղում արեց` ասելով` հույս ունենք, որ դրանք կվավերացվեն, ԵԽ բանաձեւում նման ամրագրում կա: Այսինքն՝ հատկապես Արեւմուտքի կողմից ցանկություն եւ ակնկալիք կա, որ արձանագրությունները վավերացվեն: Կարծում եմ՝ նախագահն ավելի շատ այդ դիմումներին է պատասխանում, քան թե Հայաստանը թույլ է կամ թույլ չէ մոտեցման պատճառով է իր ասելիքն ասում: Նախագահը պատասխան է տալիս Արեւմուտքի ակնկալիքին` Թուրքիան վավերացնի, մենք կվավերացնենք: Շեշտեմ` Դաշնակցությունը դեմ է դրան:

– Թուրքիայի նախագահի կոշտ հայտարարություններին հետեւեց վարչապետի՝ ապրիլի 24-ի առիթով հայերին ուղղված ուղերձը, որում կարծես նաեւ հաշտության տեղ էր թողնվում: Նաեւ նման ամրագրում կար. «…պատասխանատվությունը ընդհանրացնելու ճանապարհով միայն թուրք ազգի վրա դնելը, անգամ դրան ատելության խոսք կցելը խնդիրներ է հարուցում եւ իրավունքի, եւ խղճի տեսանկյունից»: Ի հակառակ նրա, որ Էրդողանը ամսի 18-ին հայտարարել էր, թե հայերն իրենց վրա հրավիրեցին տեղահանությունը, իր ուղերձում էլ ցավակցություն էր հայտնել տեղահանության զոհերի համար` նշելով, որ պետք չէ տարբերակում դնել զոհերի ու ցավերի միջեւ: Սա թուրքական դիվանագիտության խորամանկությունների հերթական դրսեւորո՞ւմ է:

– Այդ տարբերակում չդնելը նույն ժխտողական քաղաքականության արտացոլումն է, պարզապես ձեւով մի քիչ տարբեր:

– Այնուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ Թուրքիայում նախատեսված տոնական միջոցառումներին ավելի շատ նախագահներ մասնակցեցին, քան եկան Հայաստան` մեր ցավը կիսելու:

– Ես չեմ ուզում ոչ մի ժողովրդի կամ պետության վիրավորած լինել, բայց կարծում եմ՝ Հայաստան եկած նախագահները կշեռքի մեկ կողմում ավելի ծանր կկշռեն, քան բոլորը, որ գնում են Թուրքիա: Միայն նախագահներ չի, որ եկան Հայաստան, ինչպես որ միայն նախագահներ չեն, որ գնացին Թուրքիա: Հաշվի առնելով այն, որ Հայաստան են գալիս ԱԺ նախագահներ, վարչապետեր եւ այլն, որ ՄԱԿ-ի ԱԽ երկու մշտական անդամ երկրների նախագահներ են գալիս Հայաստան, Թուրքիա ոչ ոք չի գնում, ԱՄՆ-ից գալիս են նախարարի մակարդակով, Թուրքիա գնում են դեսպանի մակարդակով, ես չեմ կիսում տեսակետը, որ Թուրքիայում ավելի ծանրակշիռ ներկայություն է: Պետք է հաշվի առնել նաեւ, որ Թուրքիա են գնում մարդիկ, ովքեր կրոնով կամ էթնիկ կապ ունեն Թուրքիայի հետ:

– 100-ամյա տարելիցի առիթով, կարծես, ամեն ինչ պարզ էր, հասկանալի, հավուր պատշաճի: Բայց ամսի 24-ին հետեւելու է ամսի 25-ը, 100-ամյա տարելիցին 101-րդ տարելիցը. ինչո՞վ ենք մտնում հաջորդ փուլ, տեսնո՞ւմ եք պետական քաղաքականություն:

– Ես կասեի` կա համազգային ընդհանուր համախոհություն` ի՞նչ պետք է անենք այսուհետ: Դա մեր իրավունքների արծարծումն է: Ոմանք հատուցում կասեն, ոման` պահանջատիրություն կամ Ցեղասպանության հետեւանքների վերացում: Այդ ուղղությամբ աշխատանք անելու համախոհություն կա, եւ ներազգային իմաստով եթե ինչ-որ նվաճում կարող ենք արձանագրել, դա է:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930