Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Զինծառայություն չանցած 30 հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում»

Ապրիլ 27,2015 17:17

ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկում է Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարել: Օրենքը տարածվում է 1992-ի աշնանային զորակոչից մինչեւ 2013-ի դեկտեմբերի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիների վրա, իսկ կառավարությունն առաջարկում է, որ ժամկետը երկարաձգեն եւ այն տարածվի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը զինծառայություն չանցած քաղաքացիների վրա, որպեսզի 27 տարեկանը լրացածները կարողանան համապատասխան վճարումները, տույժ-տուգանքները կատարել եւ խնդիրը կարգավորել. «Սփյուռքում գտնվող մեր քաղաքացիները չեն կարողանում Հայաստան գալ, այդ իսկ պատճառով ուզում ենք խնդիրը դյուրացնել: Ամեն տարի 900-ի կարգի մարդ է եկել եւ խնդիրը կարգավորել է: 2014-ին 850 հոգի է եկել, այս տարի՝ 61 հոգի: Մուծվել է 800 մլն դրամի կարգի գումար: Այսօր հետախուզման մեջ գտնվում է նորից 30 հազար հոգի: Օրենքը հնարավորություն կտա մեղմել խնդիրը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց. «Կառավարությունը քանի՞ անգամ է պատրաստվում երկարաձգել այս ժամկետը: Քանի՞ տարի մենք այս օրենքը պետք է թողնենք գործողության մեջ»:

Հրանուշ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Սա գալիս է դրսից: Մեզ հորդորում են: Մենք սրանով խնդիր չենք լուծում: Շատ երիտասարդներ գալիս ծառայում են, այնպես չի, որ սպասում են 27-ը լրանա, նոր վերադառնան: Զորամասերում բավականին շատ դրսից եկածներ կան: Բայց կան, որ 1-2 տարեկանում գնացել են, շատերը նույնիսկ հայերեն չեն խոսում, էլ ուր մնաց իրենց պարտքը կարողանան կատարել: Չեմ ասի, որ մենք հաճույքով ենք այս խնդրին անդրադառնում: Բայց խնդիրը մեծանում է, ստիպված ենք լինում»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Նախ մենք ուզում ենք ունենալ բանակ եւ այնպիսի ռազմահայրենասիրական դաստիարակություն տանք մեր երեխաներին, որ տարբեր պատճառներով չհեռանան»:

Հեղինե Բիշարյանն առաջարկեց ժամկետը հանել, անժամկետ սահմանել. «Չի ազդում սա գնացողների վրա, այնպես չի, որ սահմանափակում ենք, գնացողները քիչ են: Մենք պարզապես հնարավորություն ենք տալիս, որ ով պատրաստ է գա Հայաստան, կարող է գումարը մուծել ու մտնել առանց խնդրի: Ժամկետը ոչ մի խնդիր չի լուծում: Ամեն տարի երկարաձգում ենք, ոչինչ չի փոխվում: Թող օրենքը գործի, ինչքան կգործի»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Սահմանադրությունն է խանգարում, արական սեռի քաղաքացիները պարտավոր են զինծառայություն անցնել. «Ժամկետ եթե չենք նշում, ասում ենք՝ թող գնան: Մենք ժամկետը փոխում ենք, որ ովքեր գնացել են, հնարավորություն ունենան Հայաստան հետ գալ, սա է նպատակը»:

Ըստ Հեղինե Բիշարյանի, «Գնացողը պարտքը չի տալիս եւ չի էլ մտածում պարտքը տալու մասին: Սահմանադրություն չենք խախտի, ժամկետը հանենք: Բան չի տալիս այս սահմանափակումն իսկապես: Տասնյակ հազարից ավելի մարդիկ դրսում են, որոնք ոչ ծառայել են, ոչ էլ կարող ենք գտնել ու բերել ծառայության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930