Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ավետիսյան. «Անելու ենք անհնարինը՝ պայքարելու ենք»

Ապրիլ 27,2015 21:50

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն արդեն մեկ շաբաթ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց հացադուլ է անում: Նրա պահանջն է ազատ արձակել  քաղբանտարկյալներին:

«Որեւէ նշանակություն չունի, թե մենակ կլինեմ, ազգովի հացադուլ կանենք: Այստեղ կարեւորը խնդիրն է: Միացողները միացել են, պայքարը շարունակվելու է, հասցնելու ենք իր ավարտին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Խաչիկ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ այսօր զրուցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Վերջինս ասել է, որ ՄԻՊ-ը կաջակցի իր հնարավորությունների սահմաններում. «ՄԻՊ-ը նախապես կարող էր կանգնեցնել այս ընթացքը, որպեսզի տղաները չգնային չդատապարտվեին: Իսկ ընդհանրապես ՄԻՊ-ի գործունեությունից բոլորն են դժգոհ, ես էլ եմ դժգոհ. Հայաստանում ամեն մի քայլափոխին մարդու իրավունքները ոտնահարվում են, բայց ի՞նչ անի այդ խեղճ ՄԻՊ-ը»:

Հետաքրքրվեցինք, թե այլ կառույցներ կամ կուսակցություններ հետաքրքրվո՞ւմ են բողոքի ակցիայով, նա պատասխանեց, որ չնայած կոնկրետ հայտարարություններ չեն անում, բայց իրեն մոտենում են. «Առայժմ այսպես ասած մարտից առաջ հետախուզություն են անում: Հիմա կտեսնենք, թե իրենց հետագա քայլերը ի՞նչ կլինեն, կընդգրկվե՞ն այս պայքարի մեջ: Հիշեցնում եմ կուսակցություններին, քաղաքական ուժերին, որ շուտով ընտրություններ են լինելու, լինելու է նաեւ քարոզարշավ ու գնալու են նորից ժողովրդի մոտ եւ սկսելու են ժողովրդին խաբել: Ես նրանց հնարավորություն եմ տալիս կոնկրետ քայլ անել եւ սա դարձնել իրենց համար դրոշակ»:

Ազատամարտիկը իր բողոքի ակցիան պատրաստվում է շարունակել մինչեւ քաղբանտարկյալներին ազատ կարձակեն: Հարցին, թե դա իրատեսական է համարո՞ւմ, նա պատասխանեց՝ ո՛չ. «Ես իրատես եմ, շատ դժվար է լինելու, անելու ենք անհնարինը՝ պայքարելու ենք»:

Նույն ժամանակ, ինչ պարոն Ավետիսյանը ՄԻՊ-ի գրասենյակի մոտ հացադուլ էր անում, «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ձերբակալված գաղափարակիցների նկարներով իրազեկման երթ էին անցկացնում:

Հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է նա Հիմնադիր խորհրդարանին միանա, նա ասաց. «Թո՛ղ շարունակեն իրենց ակցիաները, ես միայն ուրախ կլինեմ, ոչ միայն «Հիմնադիր խորհրդարանը», այլեւ բոլոր կառույցները, որոնք ինչ-որ հարցերով իրենց մտահոգություններն են հայտնում: Հիմա ժամանակն է, որ այս խնդրի շուրջ իրենց կարծիքը հայտնեն»:

Նա հավելեց, որ «Հիմնադիր խորհրդարանը» իր գործունեության ընթացքում կարող էր հավաքել համախոհների մի մեծ թիվ. «Ես այսօր տեսնում եմ, որ նույն կազմով, որ սկսել են, նույն կազմով շարունակում են եւ չեն ուզում իրենց մարտավարությունը փոխել: Ի՞նչն է պատճառը, ես չեմ կարող հասկանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930