Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չպիտի աղաչեմ ո՛չ Օբամայից, ո՛չ Պուտինից, ո՛չ էլ առավել եւս Էրդողանից». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Ապրիլ 28,2015 12:07

Aravot.am-ը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե «Հիշում ու պահանջում ենք» ասելով կոնկրետ ի՞նչ ի նկատի ունի ինքը, ո՞րն է իր ձեւակերպումը «պահանջ» բառը արտաբերելիս:

«Ես չեմ հանդգնում, անգամ հավակնում յուրաքանչյուր մարդու կողմից այս հարցին պատասխանել: Ես ապրիլի 11-ին՝ մի քանի շաբաթ առաջ, հանդես եկա «Երուսաղեմ պոստ» իսրայելական թերթում՝ հոդվածով, որտեղ ներկայացրեցի իմ մոտեցումները, եւ ես կարծում եմ, որ այդ մոտեցումները ենթադրում են նախ իրավական, ժողովրդին պատկանող Հայաստանի Հանրապետություն, որ տակավին չունենք, դա մեկ: Երկրորդ՝ արեւմատահայոց ժառանգորդների հետ համագործակցությամբ իրատես ռազմավարական ծրագիր, որը միտված է հայ մարդու եւ իր հայրենիքի վերամիավորման:

Այսօր մենք ունենք հարյուր հազարավոր հայ ազգի հայրենակիցներ, որոնք ապրում են Մեծ սարի՝ Անիի ավերակների այն կողմը, եւ մենք մեզ պիտի հարցնենք, թե ի՞նչ ենք անում մեր այդ հայրենակիցների ուղղությամբ: Ինստիտուցիոնալ, այսպես դասական Սփյուռքը եւ պետական Երևանը, պաշտոնական Հայաստանը, իմ կարծիքով, այնքան խրված են իրենց անելիքների մեջ, որ մեկ միլիոնի հասնող հայրենակիցները դուրս են մնացել տեսադաշտից Մալաթիայում, Տիգրանակերտում, Վանում եւ պատմական այլ վայրերում…

Արեւմտյան Հայաստանում կան փոքր համայնքներ՝ թրքախոս, քրդախոս, տարրական հայերենի ուսուցչի կարիք կա, ո՞վ պիտի այդ քայլը կատարի…Դրա համար, ես կարծում եմ, որ մենք առաջին հերթին քայլ պիտի կատարենք մինչեւ համալիր, համապարփակ լուծումը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ, որպեսզի հայ մարդը վերամիավորվի իր հայրենիքի հետ, վերամիավորման հնարավորությունը տանք, վերադարձի իրավունք եւ այդ վերադարձը լինի դեպի ազգային օջախ, որտեղ որեւէ պայման չլինի, որ որեւէ մեկը վայր դնի իր առկա քաղաքացիությունը:

Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, ես ընտրել եմ Հայաստանի հանրապետությունը, հպարտ եմ դրանով եւ բոլոր ցավերով, տառապանքներով, սխալներով հանդերձ: Եվ ես, որ վերադառնամ Արեւմտյան Հայաստան՝ Հովակիմի եւ Խնկենիի, Գասպարի ու Սիրունի երկիրը, ես վայր չպիտի դնեմ իմ քաղաքացիությունը, այնտեղ կրթությունը պիտի լինի հայեցի, այնտեղ համայնքները պիտի վերականգնվեն, մշակութային ժառանգությունը այդ ազգային օջախին պիտի վերադարձվի, այնտեղ պիտի տոնախմբի հայոց ինքնություն՝ Մասիս սարից մինչեւ Մուսա լեռ:

Եվ, ի վերջո, սահմանի հարցը, երբ որ պատրաստ են պաշտոնական Երեւանը եւ պաշտոնական Անկարան, իրենք իրենց մեջ պիտի որոշեն, բայց առաջին քայլը պիտի լինի արդյո՞ք Թուրքիան պատրաստ է քայլ կատարել հայ ժողովրդի նկատմամբ, եւ արդյոք հայ ժողովուրդը՝ ոչ միայն Հայաստանում, այլ Սփյուռքում պատրա՞ստ է նաեւ քայլ կատարել իր հայրենիքի նկատմամբ: Ես բոլորի անունից չեմ կարող պատասխանել, ես ինքս պատրաստ եմ, ես պատրաստ եմ անցյալի միջոցով հասնել դեպի ապագան», -պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Թուրքիայում կան հասարակական հոսանքներ, երիտասարդներ, գիտնականներ, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը, մեղանչում են, այս տեսակ մարդկանց հետ պիտի շարունակել աշխատել: Իսկ պաշտոնական Անկարան, ըստ նրա, գուցե տարիներ տեւի, բայց ինքն իր շահից ելնելով պիտի ընդունի, հատուցի, վերականգնի հայ ժողովրդի իրավունքները: «Բայց ես ոչ պիտի աղաչեմ ո՛չ Օբամայից, ո՛չ Պուտինից, ոչ էլ առավել եւս Էրդողանից, սա մե՛ր իրավունքն է եւ մեզանից առավել ոչ մեկը իրավունք չունի Արեւմտյան Հայաստանի նկատմամբ», -ասաց պարոն Հովհաննիսյանը:

Ըստ նրա, հայրենիքի վերադարձը մեզ ու մեր վերադարձը դեպի հայրենիք միայն մեզնից է կախված: «Մենք գիտենք, որ այն ինչ կորցրեցինք հարյուր տարի ու մի քանի օր առաջ, ոչ միայն 1,5 միլիոն հայ մարդին էին, ոչ միայն ցեղի սպանություն էր, այլ հայրենիքի սպանություն էր ՝քաղաքակրթության, մշակույթի, եկեղեցիների, դպրոցների, մի ողջ պատմական կյանքի սպանություն էր: Կարող է երբեւէ մեր կյանքի ընթացքում եւ դրանից հետո անգամ չտեսնենք Արեւմտյան Հայաստանը, ինչպես որ կար հարյուր տարի առաջ, ցավում եմ դրա համար, բայց այդ իրավունքները, որ փոխվում են, դպրոց է, եկեղեցի է, պատկանելություն հողին, այդ իրավունքները կարող ենք քայլ առ քայլ վաստակել, եթե մենք պատրաստ ենք, բայց դրա համար մենք պետք ունենք ուժեղ, ամուր, իրավական պետության եւ պետք է հասկանանք, որ ապրիլի 24-ի ամենաուժեղ պատասխանը վաղն է, ամենաբարձր քննությունը, որ մենք պետք է բռնենք, դա ապրիլի 25-ն , 26, 27 է…», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930