Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ խտրականության. օրենք` նույնասեռականների՞, թե՞ բոլորի համար

Ապրիլ 28,2015 12:45

Երբ Հայաստանում խոսվում է «Խտրականության դեմ» օրենքի մասին, քննարկումներն ու արագորեն ծավալվող հիստերիան, ոչ պատահականորեն, ուղղորդվում են դեպի նույնասեռականների իրավունքների կողմը՝ պնդելով, թե Հայաստանին ստիպում են ընդունել այս օրենքը, որպեսզի պաշտպանեն միայն նրանց իրավունքները, մինչդեռ խտրականության ենթարկվում են գրեթե բոլորը, և այդ տրամաբանությամբ Հայաստանում որևէ օրենք չպետք է ընդունվեր, քանի որ մնացյալ բոլոր օրենքներն էլ պաշտպանում են նաև նույնասեռականների իրավունքները:

Իրականում խտրականությունը մեր կյանքում գրեթե ամեն քայլափոխի առկա է, երբ տեսնում եք հայտարարությունները աշխատաշուկայում աշխատանքի ընդունման՝ «մինչև 25 տարեկան բարետես աղջիկներ…», ինչը տարիքային և սեռային խտրականության ամենավառ դրսևորումներից է, սոցիալական խտրականությունը՝ դպրոցներում և այլուր, հաշմանդամների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, որոնց ուղղակի հաճախ մերժում են սպասարկել բուժհաստատություններում, փախստականների, ազգային փոքրամասնությունների և այլոց:

Ինչպես պնդում են փորձագետները, առանձին օրենքի անհրաժեշտությունը հենց այս խմբերի պաշտպանության համար է անհրաժեշտ, քանի որ սահմանադրության դրույթը, որն արգելում է խտրականության որևէ դրսևորում, դեկլարատիվ է և իրավական լուրջ գործընթացների համար ոչ բավարար:

Արա Ղազարյան

Արա Ղազարյան

«Օրենքն անհրաժեշտ է այնքանով, որ բազմաթիվ դատաիրավական հիմքեր սահմանված չեն մեր օրենսդրությամբ: Այսինքն՝ խտրականության բացառման վերաբերյալ ստանդարտ, «տրաֆարետային» ձևակերպումներով շատ օրենքներ ունենք, բայց դա դեռ բավարար չէ, անհրաժեշտ է նաև մեխանիզմներն ունենալ՝բազմաթիվ սկզբունքներ, չափանիշներ, չափորոշիչներ ունենալ, որոնք մենք օրենքներով չունենք, իսկ եթե չունենք, ուրեմն քաղաքացին կոնկրետ խտրականության տեսակից, կամ խտրականության դրսևորման որևէ տեսակից անպաշտպան է»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Փաստաբանը պարզաբանում է, որ, օրինակ Հայաստանում անուղղակի խտրականություն հասկացությունն առկա է միայն գենդերային հավասարության մասին օրենքում, այսինքն՝ միայն գենդերի հատկանիշով անձը կարող է վիճարկել խտրականության անուղղակի դրսևորումների դեմ, մինչդեռ մնացյալ դեպքերում՝ ազգության, քաղաքացիության, մաշկի գույնի, քաղաքական հայացքների, տարիքի և այլ հիմքերով, դատարանը ուղղակի կմերժի նման հասկացության բացակայության պատճառաբանությամբ:

«Եթե հասկացությունը չկա՝ուրեմն իրավական մեխանիզմներն էլ չկան, ամենաշատը կարելի է եվրոպական կոնվենցիայի վրա հիմնվել, բայց շատ ավելի նպատակահարմար է ունենալ առանձին օրենք, որովհետև օրենքը ավելի մանրամասն է կարգավորում հարցերը, քան միջազգային նորմերը»,- շեշտում է Ղազարյանը:

Հայաստանում «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը մասնագետները պայմանավորում են նախ և առաջ հանրության ներսում հանդուրժողականության մշակույթի բարձրացմամբ և իրազեկմամբ, կարևորելով խնդրի լուծման գործում արժեհամակարգի ու մտածողության փոփոխությունը:

 

Հովհաննես Մանուկյան

Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ քննարկելով հարցը Խտրականության դեմ պայքարի վերաբերյալ հետազոտությունների հանրային ներկայացմանը, ասել էր, որ «Խտրականության դեմ պայքարի հաջողության համար պետք է սերմանել հանդուրժողականություն»:

«Խտրականության արգելքի մասին խոսելիս և թե ինչպես պետք է հասնել դրան, կարևորագույն հիմքը հանդուրժողականությունն է։ Պետք է կարողանանք ձևավորել հանդուրժողականության մթնոլորտ՝ թե՛ հասարակական մենթալիտետի տեսանկյունից, թե՛ անձնական տեսանկյունից»:

Նախարարը շեշտել է նաև, որ խտրականությունը միայն «մարգինալացված խմբերի» խնդիրը չէ և պետք է ընկալել խնդիրներն առավել լայն, համընդհանուր իրավունքների ու ժողովրդավարության համատեքստում:

«Սա շարունակական պայքար է բոլոր, այդ թվում՝ նաև եվրոպական երկրներում։ Մենք պետք է հանդուրժող լինենք միմյանց հանդեպ ու ընդունենք իրար այնպես ինչպես կանք։ Սա նաև ցույց է տալիս, որ խտրականության դեմ պայքարը մարգինալացված խմբերին չի վերաբերում, սա վերաբերում է ամբողջ հասարակությանը»,-ասել է արդարադատության նախարարը:

Խտրականության արգելքը համարվում է միջազգային իրավունքի հիմնարար և անքակտելի սկզբունքներից մեկը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ցանկացած ժողովրդավարական հասարակությունում անձանց իրավունքների և ազատությունների հավասարության հիմքով իրականացումը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2013 թ. մշակել էր «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որի առաջնային նպատակներից էր պաշտպանել աշխատանք փնտրողներին աշխատանքային ընդունման խտրական պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Սակայն օրենսդրական նախագիծը չանցավ քննարկումների փուլից այն կողմ՝ ենթարկվելով բազում շահարկումների:

Հովհաննես Մադոյան

Հովհաննես Մադոյան

«Խնդիրները այլ դաշտ տեղափոխվեցին և դա արվեց ուղղորդված, մինչդեռ նման օրենքի հույժ անհրաժեշտություն կար, նախ և առաջ հենց կանխարգելման համար»,- ասում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը:

Մադոյանը նշում է, որ, օրինակ հենց ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բավական հաճախ խախտվող իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ օրենսդրական նախագծում առկա էր կարևոր դրույթ՝ մինչ դատարանը կարգավորման մարմնի ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր կլիներ շատ հարցեր արագ լուծել:

«Ի վերջո, խնդիրը բոլորին դատի տալը չէ, այլ այս մարդկանց խնդիրներն արագ լուծելը, առանց դատական երկար, հրապարակային գործընթացների, իսկ օրենքի առկայությունը շատուշատ հարցեր ուղղակի կկանխեր»,- կարծում է Մադոյանը

«Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտությունը հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ուղղված հանձնարարական: ՀՀ իշխանություններին ուղղված այս հանձնարարականով ՄԱԿ անդամ մի շարք երկրներ հանդես են եկել հունվարի 22-ին Ժնևում Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի ներկայացման ժամանակ: Հայաստանի կառավարությունը մինչև այս տարվա հունիս պետք է որոշի, թե, ի թիվս այլ հարցերի, ընդունում է վերոնշյալ հանձնարարականը որպես պարտավորություն:

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի դիտարկմամբ խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն դեռ հստակ չեն լուծման տարբերակները՝ մշակել մեկ ընդհանրական նորմատիվ ակտ, թե առանձին ոլորտներում օրենսդրական փոփոխություններ իրականացնել։

Նախարար Մանուկյանը հստակ ժամկետներ չնշելով, այնուամենայնիվ կարծում է. 2015թ-ը կլինի այն ժամանակահատվածը, որ այս հարցերի վերաբերյալ որոշակիություն կլինի:

Ըստ նախարարի, կարևոր է «Խտրականության դեմ» օրենք-ի մշակման և ընդունման գործընթացին զուգահեռ աշխատանք տանել հասարակության լայն շերտերի հետ՝ հանդուրժողականության տարածման ուղղությամբ:

«Միամտություն կլինի կարծել, որ օրենքն ունենալու դեպքում այն «հալած յուղի» նման կընդունվի հասարակության բոլոր շերտերում: Մենք պետք է զուգահեռ աշխատենք հասարակության հետ: Առանձին քաղաքական գործիչների մոտ նույնպես հանդուրժողականությունը այդ չափ ճանաչելի և ընդունված չէ, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետք է արձանագրենք և այդ ուղղությամբ որևէ բան չանենք, ու պարտադիր չէ սպասել օրենքի ընդունմանը: Բացի օրենսդրական խնդիրներից նաև ժողովրդավարական մշակույթի խնդիր կա»,-ասում է նախարարը՝ հավելելով, որ տարիների ընթացքում իրավիճակը երկրում, թեկուզև դանդաղ քայլերով՝ փոփոխվում է, հասարակությունում հանդուրժողականության մշակույթը աստիճանաբար արմատավորվում է, սակայն դեռ հեռու է եվրոպական զարգացած երկրների մշակույթից:

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ էլ ցանկալի չէր լինի, որ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը Հայաստանում լիներ պարտադրված: Ցանկալի կլիներ, որ այն ընդունելի լիներ հանրության կողմից, մինչդեռ հասարակությունը գերի է ազգայնական մտածողությանը:

«Հասարակության ինչ որ մի շերտ, ու նաև փաստաբանների պալատում ստեղծվել է հավասարության խորհուրդ, ովքեր պետք է եզրակացություններ տան դատական գործերի, երևույթների վերաբերյալ, որտեղ կա խտրականության էլեմենտ: Նրանք գուցե առաջ տանեն օրենքի ընդունումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս հեռու է իրավական պետություն լինելուց: Հավանական է օրենքը ընդունենք, բայց այն չգործի, ամեն դեպքում կարելի է օրենքը կամաց կամաց դարձնել գործող, անընդհատ դիմելով դատական ատյաններ, այն դարձնելով ռազմավարական դատավարություն տարբեր գործերում, ի վերջո ստիպել օրենքը գործելուն»,-ասում է Իշխանյանը:

Վերջերս Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում» հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում խտրականության զոհ են դառնում ամենատարբեր ոլորտներում և խտրականությունը հիմնականում ազգային,ավանդապաշտական մտածողության, ավանդական մենթալիտետի և մոտեցումների պահպանման հետևանք է, և այդ մտածողության փոփոխությունը երկարաժամկետ գործընթաց է:

Ըստ հետազոտությունը իրականացնող փորձագետների մի մասի՝ ազգային մտածողության մեջ ներառված այս մոտեցումը գալիս է իրազեկված չլինելուց, գիտելիքի պակասից: Մինչդեռ իրավաբան փորձագետների գնահատմամբ էլ խտրականությունը հասարակությունում ձևավորվում է ցածր իրավագիտակցությունից:

«Հասարակական կյանքում խտրականությունը շատ վատ հետևանքներ է ունենում, ինչպես թմրադեղերի օգտագործումը, ասենք թույլ թմրադեղի վնասը ուժեղ չի, բայց թույլ օգտագործողը միշտ ձգտում է առավել ուժեղի, նույնն է նաև խտրականությունը, կարող է սկսել կատակից, հետո ծաղրանքներից ու հեգնանքներից՝ հասնելով ատելության կոչերի, ապա ատելության հիմքով հանցագործությունների, որոնք քիչ չեն, սակայն չեն բարձրաձայնվում…»,-նշվում է հետազոտությունում:

Ըստ ուսումնասիրության, գործադիր իշխանության մեջ ներգրավված փորձագետները կարծում են, որ խտրականության դեմ պայքարը նպատակահարմար չէ կարգավորել մեկ առանձին ակտով կամ ստեղծել մեկ միասնական մարմին: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զգալի մասը կարծում են, որ խտրականության վերաբերյալ առանձին օրենք ունենալու դեպքում կլինի համընդհանուր միասնական դաշտ, օրենքը կսահմանի խտրականությունը, տեսակները, նաև կանխարգելիչ մեխանիզմներ կսահմանի՝ ապահովելով շղթայական ազդեցությունը:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

 Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930