Լրահոս
Օրվա լրահոսը

«Արձագանքն իմ սպասածես ավելի մեծ էր»

Ապրիլ 30,2015 13:00

Ռիչարդ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների եւ թոռան «1915» ֆիլմի մասին

Ամերիկաբնակ հայ պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանն այս օրերին Հայաստանում է: Ապրիլի 25-ին նա ներկա էր նաեւ թոռան՝ Կարին Հովհաննիսյանի համահեղինակած սցենարով եւ պրոդյուսերությամբ ստեղծված «1915» ֆիլմի ցուցադրությանը:

cicernakaberd

«Առավոտի» հետ զրույցում անվանի գիտնականը նշեց. «Մի քանի տարի է, որ Ամերիկայում ու շատ երկրներում հայտարարվում է, որ շատ մեծ ֆիլմ պետք է նկարահանվի, Քրքորյանը պետք է միլիոններ տա, ոչ մի տեղ, սակայն, այդպիսի ֆիլմ չտեսանք, իսկ այս երկու երիտասարդ տղաները (նկատի ունի Կարին Հովհաննիսյանին ու Ալեք Մուհիբյանին- Գ.Հ.) իրենց միջոցներով, իրենց սահմանափակ ռեսուրսներով, առանց միլիոնների, այս գեղարվեստական ֆիլմը պատրաստեցին: Ոմանց համար այս ֆիլմը մի քիչ բարդ կլինի հասկանալ, կամ մտածել պիտի տա, պիտի տուն գնան ու իրենք իրենց հարցնեն՝ մե՞նք ինչ տեսանք արդյոք, որովհետեւ «1915»-ը հոգեբանական ուժեղ ասպեկտներ ունի; Ես հպարտ եմ, Կարինը լինելով երիտասարդ, նման գործ է արել, գրող է, ռեժիսոր: Մոսկվա, Բեռլին, Լոս Անջելես, Նյու Յորք, եւ ահավասիկ նաեւ Երեւանի մեջ պրեմիերա է: Ուրախ եմ, որ հոս եմ, սա պետք է ըլլա հայկական վարիանտը, ինձ համար հետաքրքրական էր՝ անգլերեն լեզվով ֆիլմը հայերենի վերածելը, հաճախ կտեսնեմ բրազիլական ֆիլմեր, որոնք հայերենի կվերածեն, ինչը խորթ է ինձ համար: Հուսամ, որ ժողովուրդը ի վերջո կգնահատե այս երիտասարդները, թեկուզ 100 տոկոսով չհավանի ֆիլմը»:

film1-6-1-2
Պատմաբանից հետաքրքրվեցինք, ի՞նչ տպավորություն է ստացել Հայաստանում եւ աշխարհում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներից: Ռիչարդ Հովհաննիսյանը գոհ է, ափսոսում է, որ քիչ թվով նախագահներ են ժամանել: «Կարեւորը Օլանդը կար, Պուտինը, երկու կարեւոր նախագահները, առավել եւս երկու բարեկամ պետություններու նախագահները՝ Սերբիայի եւ Կիպրոսի, ներկա էին, մասնակցում էին 60 երկրներու ներկայացուցիչները, որոնք իրենց ծաղկեպսակը դրին: Իմ սպասածես ավելի մեծ արձագանք գտավ այս ամենը, այս տարի հարյուրամյակը լավ նշվեց ոչ միայն Երեւանի մեջ, այլեւ արտասահմանի, ես ամերիկյան, անգլիական թելեվիզիոնը կնայեմ, ոչ թե ինչպես անցյալներում կես րոպե, մեկ րոպե, այլ կես ժամ եւ ավելի կանդրադառնան Հայոց ցեղասպանությանը: Կնշանակե, որ որոշ առաջընթաց կա: Ուղղակի խնդիրն հետեւյալն է՝ այդ թափը պետք է պահպանել, շարունակել, որ նորեն հետ չդառնանք եւ գոհանանք այսքանով: Մեզ մոմենտում տրված է, եւ այս մոմենտը պետք է շարունակենք»,-նշեց մեր զրուցակիցը:

Խնդրեցինք գնահատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները: «Ֆրանսուա Օլանդի ելույթը շատ լավ էր, շատ ուժեղ էր, ինչ վերաբերում էր Պուտինին, քաղաքական շեշտադրում ուներ»,-ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930