Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիր

Ապրիլ 30,2015 12:47

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետի` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրված համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները:

Համագործակցության ծրագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության  մի շարք այլ ոլորտներում:

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն կարճ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

«Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, և մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ:  Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաև գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը: Մենք եղբայրներ ենք,որոնց  կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը»,- նշել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ:

«Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների համար: Համոզված եմ նաև, որ այսօր մեր կողմից ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս մենք կունենանք շոշափելի հաջողություններ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930