Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային նոր հեռանկարները

Ապրիլ 30,2015 17:33

Սանկտ Պետերբուրգի նաhանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակության Երևան այցի ընթացքում կազմակերպված «Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Զբոսաշրջության ոլորտում երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Հանդիպմանը, որին մասնակցել են երկու քաղաքների ոլորտի պատասխանատուներ, Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի, մասնագիտացված կառույցների և զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ, ներկայացվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման, համատեղ ծրագրերի մշակման, երկու քաղաքների միջև սոցիալական գովազդների փոխանակման, ինչպես նաև ոլորտի նորամուծությունների և իրադարձային միջոցառումները որպես զբոսաշրջիկների ներգրավման միջոցի դիտարկման հնարավորությունները:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ, քննարկման մոդերատոր Մարիա Բարաղամյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, ընդգծել է, որ քաղաքների միջև ստորագրված 2015-2020 թվականների համագործակցության ծրագիրն առաջիկայում համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորություններ կընձեռի: Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես Երևանը որպես արտագնա և ներքին զբոսաշրջային կենտրոնի զարգացման տեսլականը:

«Քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության շրջանակում Երևանն առանձնահատուկ կարևորում է զբոսաշրջության ոլորտը, ինչով պայմանավորված էլ հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ  փոխգործակցությունը համարում ենք արդյունավետ: Դեռևս երկու տարի առաջ, երբ Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Սանկտ Պետերբուրգում էինք, ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ: Այժմ կարծում եմ՝ դրանք առավել խորացնելու լավ նախադրյալներ կան: Երևանը ժամանակակից քաղաք է, և վստահ եմ, որ, չնայած մրցակցությանը, պետերբուրգցի զբոսաշրջիկների համար ևս այն հետաքրքիր ու շահավետ զբոսաշրջային ուղղություն է»,- նշել է Մարիա Բարաղամյանը:

Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի նախագահ Իննա Շալիտոն, իր հերթին կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումն ու խոսելով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի զբոսաշրջային հեռանկարների մասին, նշել է, որ Երևանն իրենք դիտարկում են առաջնային և նախընտրելի ուղղություն զբոսաշրջիկների համար: Կլոր սեղանի շրջանակում ներկայացվել է նաև Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային նոր երթուղին: Սանկտ Պետերբուրգի քաղաքային զբոսաշրջային-տեղեկատվական բյուրոյի  ղեկավար Աննա Կելերը նշել է, որ զբոսաշրջիկներն ավտոբուսային և հետիոտն էքսկուրսի ընթացքում կծանոթանան նաև պատմամշակութային այն վայրերին, որոնք անմիջականորեն կապված են քաղաքում ապրած ու նաև ռուսական մշակույթում իրենց հետքը թողած հայ ականավոր գործիչների հետ:

Ամփոփելով կլոր սեղանի արդյունքները՝ մասնակիցներն արդյունավետ են գնահատել այն՝ փորձի փոխանակման և զբոսաշրջային նոր ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ քննարկումից հետո հանդիպման մասնակիցները «Երևան Սիթի տուր» ավտոբուսներով անհատական երթուղով շրջել են մայրաքաղաքում, այցելել Երևանի զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնող մի շարք կենտրոններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930