Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ Հայրիկ Մուրադյանի 110-ամյակի առթիվ

Մայիս 02,2015 19:14

«Աստծու կողմից մարդուն տրված ամենամեծ հատկությունը երախտապարտությունն է: Մարդկային մնացած բոլոր արժանիքները՝ նվիրվածություն, սեր, հայրենասիրություն… բոլորը հետևանք են երախտապարտության: Երախտապարտ լինենք հողին, ջրին, ժողովրդին, նրանց ստեղծած մշակույթին, այն քաջ զինվորներին, որոնք մեր սահմաններն են պահպանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի այս խոսքերը հիշեց «Վան» ազգագրական համույթի հիմնադիր Ռոբերտ Դաշտոյանը:

Վաղը լրանում է Հայրիկ Մուրադյանի 110-ամյակը: Այդ առթիվ «Վան-Վասպուրական»  հայրենակցական միությունը համերգ է նախաձեռնել, որը տեղի կունենա վաղը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին, ինչպես նաև Վանի հերոսամարտին նվիրված համերգին կմասնակցեն տասից ավելի ազգագրական խմբեր ու անհատ կատարողներ:

«Ուսանողական տարիներից Հայրիկի ձայնը թեև հնչում էր, բայց մեծ մասսայականություն չէր վայելում: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 60-ականների վերջերից: Երբ ուսանողական միջոցառումներ էինք կազմակերպում, մի տեսակ մրցակցություն էր սկսվում մեր՝ ուսանողներիս միջև, թե ում կհաջողվի Հայրիկ Մուրադյանին հրավիրել մասնակցելու մեր միջոցառումներին: Մեզ թվում էր, թե նա այդ ժամանակների ծնունդ չէ, այլ գալիս է դարերի խորքից, առասպելական ժամանակներից: Այդքան մեղմություն, համբերատարություն, բարություն՝ ամփոփված մեկ մարդու մեջ, ես չեմ տեսել»,- ասաց «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանը:

«Չկա օր, չկա ժամ, որ չհիշենք Հայրիկ Մուրադյանին, նրա արտահայտած մտքերը, խորհուրդները»,- հավելեց «Վան» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրենք ամեն տարի Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն այցելում են նրա շիրիմին: Իսկ այս տարի հոբելյանը կնշանավորեն նաև վերոհիշյալ համերգով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031