Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերում ծանոթանալով՝ անչափահասները դառնում են սեռական բռնության զոհ

Մայիս 04,2015 15:06

Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ-ում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճ է գրանցվել: Սակայն վերջին տարվա ընթացքում այդ թիվը նվազել է:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» քննարկմանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը ներկայացրեց վիճակագրությունը. «2013-ին իգական սեռի անչափահասների նկատմամբ  գրանցվել է սեռական բռնության 78 դեպք, իսկ 2014-ին՝ 63 դեպք: Իսկ արական սեռի նկատմամբ 2013-ին գրանցվել է 13 դեպք, 2014-ին՝ 3 դեպք»:

Նա նշեց, որ շատ հաճախ պատահական ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություններն են պատճառ դառնում, որ չափահաս մարդիկ օգտվեն այդ առիթից և անչափահասների նկատմամբ սեռական բռնություն իրականացնեն:

Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը նշեց, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների թիվը նվազել է, քանի որ խստացվել է օրենսդրությունը. «Քրեական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ խստացվեցին պատժատեսակներն ու պատժաչափերը: Ներկայումս մինչև 12 տարի պատժաչափ է սահմանված անչափահասների կամ մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնության իրականացման համար: Դա գրեթե հավասարեցվել է բռնաբարության դեպքում սահմանվող պատժաչափին, այն դեպքում, երբ նախկինում ընդամենը տուգանք էր նախատեսված:  Ուստի 2013-2014-ին 10-ով նվազել են անչափահաս տղաների և 15-ով անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեպքերը, իսկ սեռական հանցագործությունները կանանց նկատմամբ աճել են»:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, թե իրենք չեն կարող ասել, որ սեռական բռնության ենթարկված կանայք իրենց ավելի շատ են սկսել դիմել. «Մեր «թեժ գծի» վրա ստացվող զանգերից չենք կարող ասել,  որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք նկատել ենք կանանց նկատմամբ բռնությունների աճ: Հ/կ-ները միանշանակ չեն կարող ասել, որ մենք ավելի շատ սեռական բռնության մասին դեպքեր ենք ստանում: Այս ցուցանիշի գործոններից կարող է լինել այն, որ հաճախ հանդիպում ենք այն դեպքերին, երբ ընտանեկան բռնության դիմած կանայք են սկսում խոսել իրենց նկատմամբ սեռական բռնության մասին»:

Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, թե անչափահասների բռնության հետ կապված որոշ բարելավումներ նկատելի են, սակայն չափահաս կանանց նկատմամբ բռնությունների հետ կապված դեռ խնդիրներ շատ կան ու նկատեց. «ՀՀ-ում դրված է, որ եթե սեռական բռնության ես ենթարկվել, միևնույն է՝ մեղավորը դու ես»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031