Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատկատ»՝ Կոշ ՔԿՀ-ում. Ճաշը եփում են 470 կալանավորի համար, պահեստից դուրս գրում 739 անձի հաշվարկով

Մայիս 04,2015 16:00

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը:

Օմբուդսմենի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ արդարադատության համակարգի խնդիրներին, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածությանը, սանիտարահիգիենիկ պայմաններին եւ սննդին:

Ըստ զեկույցի, «Կոշ» ՔԿՀ-ում ականատես են եղել, որ ճաշը նախապատրաստվել է մոտ 470 անձի համար, սակայն համաձայն պահեստից սննդամթերքի դուրսգրման փաստաթղթերի` սննդամթերքը տրամադրվել էր 739 անձի հաշվարկով: Բացի այդ, պահպանված սննդի օրինակների վրա ժամկետ նշված չի եղել: Իսկ ճաշացանկը հիմնականում միատեսակ է եղել:

Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը հարցրեց՝ ինչպե՞ս եք պարզել, թե այդ ճաշը, որ պատրաստված է եղել, քանի՞ հոգու համար է: Նա ասաց, որ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները չեն արել որեւէ գործողություն, որով որոշվեր այդ օրը պատրաստված ճաշի քանակը:

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներն ասացին, որ այդ տեղեկատվությունն իրենց տրամադրել է հենց խոհարարը. «Նա անմիջական պատրաստողն է հանդիսացել սննդի: Անցյալ շաբաթ «Արթիկ» ՔԿՀ այցելություն ենք ունեցել, թե՛ աշխատակիցները, բոլորը շեշտել են, որ ամենաշատը 30 տոկոսն է օգտվում սննդից: Սնունդը թափվում է, լավ կլինի ճշտեն, թե քանի հոգի է օգտվում սննդից, որ չթափվի: Անիմաստ է այդքան ռեսուրս օգտագործելը եւ այդքան սնունդ թափելը»:

Միքայել Մինասյանի խոսքերով՝ «Սննդի մասով դժվար չափաբաժինների պահպանման վերաբերյալ որեւէ խնդիր լինի: Թունավորման հետ կապված 1 դեպք է գրանցվել մայիսին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ծառայողական քննություն ենք իրականացրել՝ պատճառներից մեկը ջրամատակարարման գծի փոխարինումն է եւ ճաշարանում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Դրա մասին մենք ՄԻՊ-ի գրասենյակին տեղեկացրել ենք»:

Օմբուդսմենի զեկույցի համաձայն, մտահոգիչ է, որ մինչ այժմ գործում է սննդի համտեսման ձեւական պրակտիկա: Օրինակ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կատարած այցի ժամանակ սննդի համտեսման եւ որակի վերահսկման մատյանում նախապես ստորագրված էր ճաշի եւ ընթրիքի համար, այն դեպքում, երբ դեռ պատրաստված չեն եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031