Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսավոր միջոցառում Տավուշի մարզի Զորական գյուղում

Մայիս 04,2015 16:20

Տավուշի մարզի Զորական գյուղում մայիսի 3-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր, մարզի համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ Ռոստովի մարզի մշակույթի փոխնախարար  Տիմոֆեյ Սուբոտինը:

Խաչքարերի օծման արարողությունն կատարել են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է հայազգի խորհրդային մարշալների գործունեությանը, Մեծ հայրենական պատերազմում  հայ մարտիկների գործած սխրանքներին: Սխրանքներ, որոնք հետագայում  իրենց արտացոլումը գտան Արցախյան հերոսամարտում: Շնորհակալություն հայտնելով զորականցիներին և բարերարներին հուշակոթողը կառուցելու համար, Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանաբնույթ յուրաքանչյուր կոթող  ու միջոցառում առաջին հերթին հարգանքի տուրք է մեր նվիրյալներին և անշուշտ` հայրենասիրական բաց դաս սերունդների համար:

Զորական զյուղը խորհրդանշական է  նրանով, որ հանգամանքների բերումով 1980-ականներին այստեղ են վերաբնակվել Արցախի Չարդախլու գյուղի բնակիչների մոտ 60 տոկոսը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր փառապանծ մարշալներին, այլև խոնարհվում ենք անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր խաղաղ կեցության համար: Չարդախլուն առանձնահատուկ գյուղ է, որի զավակները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակած ելքը որոշողներից են եղել, ինչը նշանակալի փաստ է»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Միջոցառման շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներ է հանձնել միջոցառման նախաձեռնողներին և հուշարձանների ստեղծմանն աջակցած հովանավորներին, Արցախյան հերոսամարտին մասնակցած զորականցիներին, ինչպես նաև մի շարք զինծառայողների: Տավուշի մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնվել են «Հաղթանակի 70-ամյակ» հուշամեդալներ:

Զորական գյուղում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով և հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական ելույթներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031