Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռենկոն» արդեն վաճառե՞լ է Congress հյուրանոցը Սեդրակ Քոչարյանին. «168 ժամ»

Մայիս 05,2015 12:19

Տպավորիչ է շինարարական ոլորտում գործող իտալական «Ռենկո Արմստեյտ» ընկերությունը, որին պատկանում են նաև երևանյան Golden Tulip Yerevan եւ Congress հյուրանոցները։

Այս ընկերությունը 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 957 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 608.5 միլիոն դրամի դիմաց։ Արդյունքում՝ «Ռենկոն» խոշոր հարկատուների ցանկում 45-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ հորիզոնականը։ Ինչի՞ շնորհիվ է «Ռենկոն» եռապատկել հարկերը։ Որքանով մեզ է հայտնի, վերջին 1 տարվա ընթացքում այս ընկերությունը խոշոր նախագծեր չի իրականացրել։ Ընդ որում, այս աճը գրանցվել է անուղղակի հարկերի (ԱԱՀ) հաշվին։ Ուղղակի հարկերի ծավալն աճել է ընդամենը 29.6 միլիոն դրամով (կամ 9%-ով) և կազմել 356.9 միլիոն դրամ։ Իսկ անուղղակի հարկերն աճել են 1 միլիարդ 129.76 միլիոն դրամով կամ ավելի քան 5 անգամ՝ կազմելով 1 միլիարդ 404.56 միլիոն դրամ։ Ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով չզբաղվող ընկերության դեպքում ԱԱՀ-ի նման թռիչքը կարող է վկայել միայն մեկ բանի մասին, ընկերությունն ինչ-որ բան է վաճառել, որի գնի մեջ էլ մտած է եղել այս հարկի գումարը։

Ու այս համատեքստում բավականին ուշագրավ են դիտվում այն տեղեկությունները, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանում է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե «երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին»։ Հաշվի առնելով հարկային տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ «Ռենկոն» արդեն վաճառել է Congress հյուրանոցը (թեպետ ընկերության պաշտոնական կայքում դեռ այն նշվում է՝ որպես «Ռենկոյի» սեփականություն): Ընդ որում, հաշվի առնելով Վ. Աողոմոնյանի խոսքերը՝ կարելի է եզրակացնել, որ հյուրանոցը վաճառվել է հենց Ռոբերտ Քոչարյանի որդուն։

Եվ վերջապես, հաշվի առնելով «Ռենկոյի» մուծած հարկերի աճը, կարելի է անգամ մոտավոր հաշվել, թե ինչ գնով է վաճառվել հյուրանոցը։ Քանի որ «Ռենկոյի» վճարած ԱԱՀ-ն աճել էր 1.1 միլիարդ դրամով, ապա, ըստ տրամաբանության, հյուրանոցի վաճառքի գինը (ըստ փաստաթղթի, ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է շուրջ 6.6 միլիարդ դրամ կամ շուրջ 13.7 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031