Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «129-130 ներառական դպրոց կա, ոչ մեկը հարմարեցված սանհանգույց չունի» (Տեսանյութ)

Մայիս 05,2015 17:19

Հաշմանդամություն ունեցող մարդկանց պետպատվերով տրամադրվող անվասայլակները ուշացնում են: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում ասաց «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այդ անվասայլակները 3 տարին մեկ տրամադրում է սայլակների կարիք ունեցող անձանց, սակայն ամեն անգամ ուշացնում են՝ պատճառաբանելով՝ գնումները դեռ չեն կազմակերպվել: Պարոն Ալավերդյանը նաեւ ասաց, որ այդ սայլակներն այնքան ցածրորակ են, որ կարող են մեծ վնաս հասցնել մարդուն. Ալավերդյանն անձամբ է փորձարկել:

«Ահավոր վատն է որակը, մի քանի ամիս է օգտվում եմ այդ սայլակից՝ փորձելու համար, 2 անգամ կոտրվել է, ինքս եմ վերանորոգել տվել, մի անգամ էլ քիչ էր մնում մեծ վնասվածք ստանայի, ամենակարեւոր կոնստրուկցիան՝ խողովակը կոտրվեց»,-պատմեց Ալավերդյանը:

Armen_Alaverdyan

Այսօր՝ մայիսի 5-ին արդեն 2-րդ տարին է Եվրոպայում նշվում է անկախ կյանքի օրը, խոսքը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին է: Այս օրվա կապակցությամբ պարոն Ալավերդյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններով փորձել են պարզել՝ կայանատեղիները, որտեղ հատուկ գծանշված է անվասայլակներ օգտագործողների համար, պահպանվո՞ւմ է, թե մեքենաներ են կայանվում: «Ընդամենը մեկ տեղ է ազատ եղել»,-ասաց պարոն Ալավերդյանը:

Հանրությանն իրազեկելու համար թռուցիկներ են տարածել, հույս ունեն նաեւ վերահսկող մարմիններն էլ նման դեպքերում պատժիչ մեխանիզմներ կօգտագործեն:

Aporini_kayanum

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման խնդիրների լուծմանը, Ալավերդյանը նկատեց, որ վերջին 2 տարում կան դրական զարգացումներ, ասենք՝ արդեն նորմալ թեքահարթակ են կառուցում, այլ ոչ այնպիսինները, որոնք հաղթահարելու համար պետք է կասկադյոր լինել: Բայց զավեշտն ու զարմանալին այն է, ինչպես ասաց պարոն Ալավերդյանը, որ այսօր որեւէ նորակառույց շենք շահագործելուց հպարտորեն հայտարարում են՝ այն ունի թեքահարթակ. «Մինչդեռ նորակառույց շենքում չպետք է լինի թեքահարթակ, պետք ամբողջությամբ հարթ լինի մուտքի ճանապարհը»:

Ալավերդյանի խոսքերով՝ բոլորն էյֆորեայի մեջ են, որ Հայաստանը մինչեւ 2025 թվականը կանցնի 100 տոկոսանոց ներառական կրթական համակարգի. «Ես էլ եմ հիացած: Մենք հիմա ունենք 129 կամ 130 ներառական դպրոց եւ ոչ մի հատ հարմարեցված սանհանգույց չունեն այդ դպրոցները: Եղածը մի բան չէ, հեշտ է դա անելը: Իսկ կույր, խուլ երեխաներն ինչպե՞ս են այնտեղ սովորելու: Հանկարծ այնտեղ ձեւական չլինի ամեն ինչ, այլ իրոք ներառական լինի: Մեզ դիմում են ծնողներ, ասում են՝ կա այդպիսի դպրոց, բայց իմ երեխան այնտեղ չի կարող սովորել՝ տարբեր պատճառներով, եւ ծրագրային, եւ ֆիզիկական, եւ վերաբերմունքային»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Ունիսոնի» հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն էլ անդրադառնալով զբաղվածության խնդրին, նշեց, որ հաշմանդամություն ունեցող 200 հազար մարդկանցից 9%-ն է, որ աշխատանք ունի: Ներկայումս նկատվում է միտում աշխատանք փնտրողներ հաշմանդամություն ունեցողների շրջանում, իսկ պահանջարկն ավելի շատ գերազանց անգլերենի, համակարգչի եւ Տեղեկատվական ոլորտի մասնագետներն են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031