Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմնավաճառների մասին օրենք բերեք, լավ բիզնես են անում». Արամ Մանուկյանը՝ կառավարությանը

Մայիս 05,2015 17:54

«Որեւէ մի խոպանչիկի դա չի վերաբերվում, ի՞նչ եք բառախաղի հետեւից ընկնել, ոչ էլ քաղաքացիություն կորցնելու մասին է խոսքը: Մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը: Պարզապես հարկային այն գործակալը, որն այնտեղ մարդիկ է տանում, այնտեղ փող մուծելու փոխարեն այստեղ թող մուծի: Լավ կլինի վճարի իր երկրում, որեւէ մեկը իր ձեռքը չի բռնի ու ասի՝ մի հատ էլ ստեղ վճարի»,- այսօր ԱԺ-ում Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի մասին այսպիսի հայտարարություն արեց Վարդան Այվազյանը՝ ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնելիս:

Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ: Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

Վարդան Այվազյանը հորդորեց Հրանտ Բագրատյանին կարդալ օրենքը մինչեւ վերջ եւ հերքեց մինչ այդ օրինագծի հասցեին արված բոլոր քննադատություններն ու դիտողությունները:

Նրա բացատրելով՝ ԵՏՄ մտնելու հնարավորություններից մեկն է սա, չօգտվե՞նք: Մարդիկ կան, որ միեւնույն է, մուծում են ուրիշ երկրում, կարող են այստեղ մուծել. «Դուք սահմանափակում եք այդ հայ քաղաքացուն»:

Արամ Մանուկյանը, օրինագծի մասին իր տեսակետը ներկայացնելիս, ասել էր. «Դուք մարդուն ասում եք՝ ես քեզ թողնում եմ գնաս, բայց վերջում կոստյումդ էլ այստեղ հանելու ես, նոր ես գնալու: Այս մարդկանց մոտ առաջանալու է քաղաքացիությունից հրաժարվելու վիճակ: Այդ մարդիկ ոչ թե կուզեն քո հետ նորից գործարքի մեջ մտնել, ինքը կարող է դասավորում է, ՌԴ-ում ոչ մի հարկ էլ չի մուծում: Սրանով է պայմանավորված, որ այս օրենքը կարող է արտագաղթին նպաստել: Ժողովուրդ, պայմաններ ստեղծեք, որ չգնան, 27 հազար մարդ արդեն այս տարի գնացել է»: Նա խորհուրդ տվեց իշխանությանը մի բիզնես էլ անել. «Մարմնավաճառներ են ահագին Հայաստանից դուրս գալիս, փող են աշխատում: Լավ բիզնես է, գնացեք օրենք բերեք սրա համար»:

Նրան արձագանքեց Վարդան Այվազյանը՝ ասելով. «Ավելի վատ է լեզվավաճառությունը, ոչ թե մարմնավաճառությունը: Դարձրեցիք եսիմ չգիտեմ ինչ, թե խոպանչիներին է վերաբերվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031