Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ահարոնյան. «Ես Հայ առաքելական եկեղեցու կողմնակից եմ եւ ինձ դրա համար տուգանում են 30 000 դրամ» (Տեսանյութ)

Մայիս 05,2015 18:06

«Մեզ մեղադրում են, որ գոռգոռացել ենք Եհովայի վկաների վրա»,- այսօր մեր հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության շենքից դուրս գալուց հետո ներկայացրեց Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Նա ասաց, որ ոստիկանությունը վարչական տույժ է ներկայացրել՝ իրեն եւ Գլոսսա իրավապաշտպան հկ-ի ղեկավար Աշոտ Համբարձումյանին՝ մեղադրելով զանցանքի մեջ:

Պատմեց, որ իրենք պարզապես կանգնել են դրսում իրենց ստենդների մոտ կանգնած Եհովայի վկաների մոտ եւ խունկ ծխել: Եվ դա առիթ է դարձել, որ կրոնական կազմակերպության անդամները դիմեն ոստիկանություն, իսկ ոստիկանությունը իրենց արարքը որակի զանցանք եւ տուգանք նշանակի՝ 30 000 դրամի չափով:

Պարոն Ահարոնյանը նշեց, որ իրենք դեմ են տուգանքը վճարելուն: «Ներքին գործերի բաժանմունքի դեմ ոչ մի բան չունեմ, ունեմ օրենքին դեմ: Ես Հայ առաքելական եկեղեցու կողմնակից եմ, եւ ինձ դրա համար տուգանում են 30 000 դրամ: Եթե ես ինչ-որ մի տեղ խունկ եմ վառում, չեմ հասկանում՝ ինչի՞ են ինձ մեղադրում: Ես Եհովայի վկաների դեմ ոչինչ չունեմ, իրենք իրենց մեջ ինչ ուզում են թող անեն, բայց մեր ժողովրդի մե՞ջ»:

Պարոն Ահարոնյանը նշեց, որ բողոքելու է մինչեւ վերջ, դիմելու է ԱԺ, որ օրենքի մեջ փոփոխություն կատարվի. «Չթույլատրվի, որ հասարակական վայրերում, երեխաների, սոցիալական անապահով խավի մոտ կատարեն ինչ-որ ուրիշ հավատքի քարոզչություն: Մենք պետության կողմից ընդունած հավատք ունենք,- ասաց պարոն Ահարոնյանը,- Այսօր Եհովայի վկաներն ասում են, որ 15 000 հետեւորդ ունենք, դա մեծ կուսակցություն է, կերազեր ամենաընդդիմադիր կուսակցությունն ունենալ այդքան հետեւորդներ: Սա արդեն ԿԳԲ-ի խնդիրն է՝ արդյոք մենք համոզված չենք, որ մի նախագահի թեկնածու կառաջադրվի որպես Եհովայի վկա»:

«Բողոքը չի համապատասխանում իրականությանը, եւ ես պատրաստվում եմ գործի մանրամասները ստանալուն պես ներկայացնել վարչական դատարան, բողոքարկել»,- իր հերթին ասաց Գլոսսա իրավապաշտպան հկ-ի ղեկավար Աշոտ Համբարձումյանը:

Մանրամասները տեսանյութում.

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031