Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցապը լավագույն սայլակներն է տալիս, բայց դրանք ցանկացած պահի կարող են քանդվել»

Մայիս 05,2015 18:55

Այսօր «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն ասել էր, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն, պետպատվերով տրամադրվող սայլակները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն   ուշացնում է՝ պետգնումների մրցույթները չկայանալու պատճառով: Բացի այս, պարոն Ալավերդյանն ասել էր, որ նաեւ պետության կողմից տրամադրվող այդ անվճար սայլակների որակն այնքան էլ լավը չէ:

Aravot.am-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության գնումների համակարգման եւ տնտեսական հարցերի բաժնի պետ Արթուր Ավետիսյանն ասաց, որ սայլակների ձեռքբերումն ուշացել է, քանի որ դեռ անցյալ տարի դեկտեմբերին հայտարարած մրցույթին, որի գնումներն այս տարվա համար էին, գնային առաջարկը գերազանցում էր պետբյուջեով սահմանված գումարին: Այսինքն` մրցույթին մասնակցող ընկերությունները ավելի թանկ գին էին առաջարկում, քան պետությունը նախատեսել է: Մրցույթի մասնակիցները հետո վերանայել են գինը, այս տարի կայացած մրցույթում արդեն նախարարության «սրտով» գին են առաջարկել, 2 ընկերություն հաղթել են եւ արդեն մայիս ամսին, ինչպես վստահեցրեց Ավետիսյանը, սայլակները կլինեն Հայաստանում:

Մեր այն հարցերին՝ որքա՞ն սայլակ են այս տարի ձեռք բերել եւ ի՞նչ արժեքով, որ երկրի արտադրության, պարոն Ավետիսյանն ասաց, որ 450  սայլակ են գնել, չինական արտադրության են: Ինչ վերաբերում է գներին, ապա Ավետիսյանն ասաց, որ գիշերանոթով, շարժական թիկնակով եւ ոտնակովը՝ 92, 400 դրամ, իսկ մեծահասակներինը՝ ալյումինե համաձուլվածքից՝ 87,500 դրամ:

Նախարարության «Հանգրվան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահան Զուրաբյանն էլ ասաց, որ իրենք համագործակցելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, նրանց կարծիքը հաշվի առնելով սայլակների համար տեխնիկական նոր բնութագիր են կազմել. Այդ չափանիշները ISO-ին համապատասխան են:  Ըստ պարոն Զուրաբյանի, անցյալ տարվանից հենց այդպիսի սայլակներ են տրամադրում դրանց կարիքն ունեցող անձանց:

Այդ սայլակներից ստացել է նաեւ«Ունիսոնի» ղեկավար Արմեն Ալավերդյանը, որը մոտ 2 ամիս օգտագործելուց հետո կարծիք է հայտնել նախարարությանը: Պարոն Զուրաբյանը ներկայացրեց պարոն Ալավերդյանի կարծիքը. «Այս տարի ինքս պետությունից ստացա սայլակ: Կարծում եմ վերջին 15 տարիներին  սոցապ նախարարության կողմից տրված լավագույն սայլակնն է՝ ֆունկցիոնալության առումով: Միեւնույն ժամանակ նշեմ, որ նույնիսկ ամենաճշգրիտ   չափորոշիչները չեն երաշխավորում սայլակի որակը: Ցավոք սրտի, այս սայլակը չնայած շատ հարմար է, բայց որակի առումով կաղում է, ամուր, ձիգ չէ, ամեն տեղից ձայն է հանում, փչանում, մի երկու ամիս է օգտագործում եմ, բայց տպավորությունս այն է, որ ցանկացած պահի կարող է քանդվել, եւ դուք կզրկվեք իմ նման հրաշալի գործընկերոջից»:

Մեր այն դիտարկմանը, որ ինչքան վատ սայլակներ են եղել այս տարիներին, որ վերջին բաշխածներն, ըստ Ալավերդյանի լավագույնն են, թեեւ մի շարք թերություններ ունեն, պարոն Զուրաբյանն ասաց, որ իրենք միշտ հետեւում են սայլակները ստացած անձանց ահազանգերին. «Այդ սայլակները 1 տարվա երաշխավորություն ունեն, երբ որեւէ խնդիր է առաջանում, ներկրող ընկերությունն անվճար վերանորոգում է: Նախկինում ամսվա ընթացքում  3-5 ահազանգեր էին ունենում, հիմա ինչ նոր չափանիշներով սայլակներ ենք բաշխում, վերջին մեկ տարվա մեջ ունեցել ենք 4 ահազանգ: Գնացել են այդ մարդկանց տուն, վերցրել են սայլակը, տարել են վերանորոգման ու վերադարձրել են: Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որը ես կկապեմ օգտագործողի հետ, չի բացառվում, որ նաեւ որոշակի թերություն էլ ունենան»:

Անցյալ տարի, ըստ պարոն Զուրաբյանի,  600  սայլակ են բաշխել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031