Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատում հյուրընկալվել է Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությունը

Մայիս 05,2015 20:03

Հայաստանի փաստաբանների պալատում, այսօր՝ մայիսի 5-ին, հյուրընկալվել էին Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ պալատի առաջին փոխնախագահ Հենրի Րեզնիկի գլխավորությամբ, ում ուղեկցում էին Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան, որակավորման հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կիպնիսը և Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Յուրի Չանչուրյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ռուս գործընկերներին Հայաստանում և Փաստաբանների պալատում, և ներկայացրել Պալատում կատարվող աշխատանքները: Հենրի Րեզնիկը բարձր է գնահատել հայ փաստաբանների միասնականությունը և հայտնել, որ Ռուսաստան այդ հարցը կազմակերպելը բավականին բարդ է, քանի որ միայն Մոսկվա քաղաքում գործում է 9000 փաստաբան:

Գործընկերների ուղեկցությամբ Հենրի Րեզնիկի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Պալատում՝ ծանոթացել ՀՀ փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորություններին:

Հայ փաստաբանների հետ ընդլայնված կազմով հանդիպում-քննարկման ժամանակ արծարծվել են փաստաբանական գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիքի և հանրային պաշտպանության ինստիտուտի առանձնահատկությունները:

Խոսելով հայկական և ռուսական փաստաբանական ինստիտուտների մասին՝ Րեզնիկը նշել է,-«Մեզ միավորում են մեր վստահորդները: Յուրաքանչյուր փաստաբանի հաջողության գրավականը ունենալ գիտելիք, փորձ, ինչո՞ւ չէ, նաև՝ հաջողություն»,- հայտնել է փորձառու փաստաբանը:

Հենրի Րեզնիկը խոսել է փաստաբանների և հաճախորդի միջև կնքվող պայմանագրի առանձնահատկությունների, ինչպես նաև փաստաբանների իրավունքների  մասին:

Անդրադարձ է եղել փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանին տույժի ենթարկելու ինստիտուտին: Խոսելով ռուսական փորձի մասին՝ Րեզնիկը նշել է,-«Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հետ կապված խորհրդի որոշումը դատական կարգով կարող է բողոքարկել միայն փաստաբանը, միայն նա ունի այդ որոշմամբ նյութաիրավական հետաքրքրություն, քանի որ այդ որոշումը միայն իրեն է ուղղված և պատասխանատվության միջոցներն էլ միայն իրեն են ուղղված: Եթե քաղաքացին գտնում է, որ փաստաբանի գործողություններից վնաս է կրել, նա կարող է փաստաբանի դեմ վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան, բայց ոչ դատական կարգով վիճարկել փաստաբանին կարգապահական պատասխանատվության չենթարկելու՝ Խորհրդի որոշումը: Սա վերաբերվում է նաև այն դեպքերին, երբ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել են պետական մարմինները»,- նշել է Մոսկվայի փաստաբանների պալատի փոխնախագահը:

Հյուրերը հետաքրքրվել են, երբ մեղադրյալի բարեկամները փաստաբանի հետ պայմանագիր են կնքում: Ինչիպիսի՞ ուժ ունի այն: Արա Զոհրաբյանը պարզաբանել է հետևյալը,-«Այն ժամանակ, երբ մեղադրյալի հարազատները փաստաբանի հետ պայմանագիր են կնքում, հիմք է տալիս, որ փաստաբանը կարողանա տեսակցել իր պաշտպանյալին: Առաջին հանդիպումից սկսած մեղադրյալի հարազատների (պատվիրատու), փաստաբանի և մեղադրյալի հարաբերությունները որոշակի առանձնահատկություններով են կարգավորվում: Մենք մեր վարքագծի կանոնագրքով արգելում ենք փաստաբանին տեղեկատվություն տրամադրել վստահորդ չհանդիսացող պատվիրատուին, եթե նրանց շահերի միջև հակասություն կա: Դեպքեր են եղել, երբ պատվիրատուն մեղադրյալի համար հատուկ փաստաբան է վարձել այն նպատակով, որպեսզի այդ մեղադրյալին պահի իր հսկողության տակ: Մենք այդ ժամանակ փաստաբանին հորդորում ենք, որպեսզի նա ղեկավարվի մեղադրյալի շահերով՚:

Րեզնիկը որպես քննարկման հիմնահարց առաջարկել է փաստաբանական գործունեությունը որպես առևտրային կամ ոչ առևտրային գործունեություն դիտարկելու հարցը և նշել, որ Ռուսաստանում այն դիտարկվում է որպես ոչ ձեռնարկատիրական գործունեություն: Ռուս փաստաբանների պատվիրակությունը մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանում հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացվածության մակարդակին: Հենրի Րեզնիկը հայտնել է, որ Ռուսաստանը այս առումով բավականին տեղեկատվություն ունի ստանալու:

Ավարտին՝ կողմերը պայմանավորվել են հետագայում էլ առիթներ ստեղծել փորձի փոխանակման համար: ՀՀ փաստաբանների պալատին Հենրի Րեզնիկը նվիրել է իր հեղինակած գրքերը և հույս հայտնել, որ դրանք պետքական կլինեն հայ փաստաբաններին:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի անունից Մոսկվայի փաստաբանների պալատին նվիրել է խորհրդանշական ժամացույց:

Հայաստանի փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031