Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի խոսնակ. «Դրանք տրաֆարետային հայտարարություններ են»

Մայիս 05,2015 20:22

«Դրանք տրաֆարետային հայտարարություններ են»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ մեկը մյուսի հետևից տարբեր երկրներ հայտարարություններ են տարածում, թե չեն ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները, այսպես պատասխանեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Չեխիան, Վրաստանը, Ուկրաինան հայտարարություններ էին տարածել, թե չեն ճանաչում ԼՂՀ ընտրությունների լեգիտիմությունը: Այսօր էլ նման հայտարարություն տարածեց Եվրամիությունը:

Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ Ուկրաինայի և Վրաստանի նման արձագանքը գուցե հասկանալի է՝ իրենց խնդիրներով պայմանավորված, սակայն ինչպե՞ս կգնահատի Չեխիայի արձագանքը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Չեխիան իներցիայով նման հայտարարություն է արել կամ ինչ-որ կերպ ադրբեջանական լոբբին է դերակատարություն ունեցել, քանի որ մշտապես Չեխիան բավականին հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել, սակայն այնուամենայնիվ սա տրաֆարետային այսպես կոչված հայտարարություն է, որը որևէ կերպ չի կարող ազդել մեր հաստատակամության վրա: Մյուս կողմից այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, եթե ասում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն, պիտի մտածեն նաև այն մասին, թե ինչ պետք է անի ԼՂՀ-ն՝ հետևի նման հայտարարություններին և պետությունը դարձնի բռնապետությո՞ւն»:

Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան

Ըստ Դավիթ Բաբայանի՝ եթե այդքան անաչառ են, ապա պիտի ասեին, թե չենք ճանաչում ԼՂ հանրապետությունը, բայց ողջունում ենք ժողովրդավարական ընտրությունները:

Փոխարենը Դավիթ Բաբայանը հարց է բարձրացնում ՝ ինչո՞ւ չեն քննադատում Ադրբեջանին բռնապետական կարգերի համար և այնտեղ անցկացնում եվրոպական  օլիմպիական խաղերը. շատերն են հիշում, թե երեսունականներին, երբ Գերմանիայում անցկացվեցին օլիմպիական խաղերը, ինչպես էին բոլորն ամաչում, որ հիտլերյան Գերմանիայում են անցկացվել այդ խաղերը: Նման հայտարարությունները պարոն Բաբայանը մեկնաբանում է որպես «Եվրոպայում  արժեքների ճգնաժամ», որը որևէ կերպ չի ազդում Արցախի վրա:

Դավիթ Բաբայանը նշեց, թե թեև Ադրբեջանը նավթադոլարներ է ծախսում, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել քվեաթերթիկներին: ԼՂՀ նախագահի խոսնակը զուգահեռ տարավ, թե Ադրբեջանն էլ ճանաչված պետություն է, բայց այնտեղ կոպտորեն խախտվում են բոլոր իրավունքները ու նշեց. «Իսկ մեր նպատակն է ունենալ ճանաչված ժողովրդավար պետություն, կարծում եմ Արցախը վաստակել է այդ իրավունքը»:

Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նման ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ նման հայտարարությունը կապում է  այն փաստի հետ, որ այդ երկրները չեն ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նա մանրամասնեց. «Դա ընդհանուր այդ քաղաքականության շարունակությունն է, չի կարելի դրա անունը դնել պրոադրբեջանական»:

Հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է արձանագրել, որ իրավիճակն ի վնաս Արցախի է աշխատում, պարոն Ենոքյանն ասաց. «Ամեն ընտրությունների ժամանակ էլ եղել է նման բան: Ասում ենք, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրների դիտորդներ, բայց նրանք անհատներ են, որոնք չունեն ճանաչված իրավական միջազգային ստատուս. նրանք ներկա են լինում ու ճանաչում, բայց պետությունները չեն ճանաչում»:

Պարոն Ենոքյանը նաև այս համատեքստում նշեց, թե Հայաստանն էլ չի ճանաչել ԼՂՀ-ն, պարզապես լռելյայն համաձայնում է. «Ղարաբաղի խնդիրն է հնարավորինս ժողովրդավար անցկացնել ընտրություններ, որ եթե որևէ պահի դրվի Արցախի ճանաչման խնդիր, ապա սա լուրջ պլյուս կլինի Արցախի համար: Ուստի այս հայտարարությունները հիմնականում Արցախի չճանաչման հետևանքն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031