Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնավանքի գյուղապետը մտքափոխվել է

Մայիս 05,2015 21:40

Դիլիջանը եւ հարակից 6 գյուղերը՝ Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը համայնքների խոշորացման ծրագրով պետք է միավորվեն, դառնան մեկ համայնք: Մայիսի 17-ին այդ նպատակով  7 համայնքներում պետք  կայանան տեղական հանրաքվեներ: Ադրբեջանից փախստականներով բնակեցված, 289 բնակիչ ունեցող Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մոտ մեկ ամիս առաջ մեր զրույցում դեմ էր արտահայտվել համայնքների խոշորացմանը, իրենց գյուղը Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն:

Նրա խոսքերով՝ իրենց գյուղը Տավուշի մարզկենտրոն Իջեւանից հեռու է 30, Դիլիջանից՝ 28 կմ, աղավնավանքցիները տարբեր կազմակերպություններում իրենց գործերը ներկայացնում, սպասարկվում են Իջեւանում: Հիմա Աղավնավանքի գյուղապետը խնդրի վերաբերյալ այլ կարծիք ունի: 2001 թվականից ՀՀԿ անդամ, արդեն մեկ տարի Աղավնավանքը ղեկավարող Վ. Գրիգորյանն ասում է, որ իրենց համայնքի տարեկան բյուջեն 5 միլիոն 100 հազար դրամ է, որը բավարարում է գյուղապետարանի աշխատակիցներին աշխատավարձ վճարելուն: Նրա խոսքերով ՝ պլանավորված է, որ համայնքների խոշորացումից հետո համայնքում ներդրումներ են լինելու, գյուղի հիմնախնդիրները կլուծվեն: Աղավնավանքի համար հատկապես կարեւոր է խմելու ջրի հիմնահարցի լուծումը:

Վ. Գրիգորյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ է, թե համայնքների խոշորացումից հետո իրենց գյուղում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով, ի՞նչքան ֆինանսական ներդրումներ են կատարվելու: Նա ասաց, որ դա իրեն հայտնի չէ եւ հավելեց՝ «հո օդում չե՞ն ասում»: Խոսքը վերաբերում էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ այլ պաշտոնատարների հավաստիացումներին, որ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների բարելավում կլինի, կստեղծվեն աշխատատեղեր:

Աղավնավանքի գյուղապետին հարցրինք, թե  համայնքների խոշորացումից հետո ինքը ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու, չէ որ 2014թ. համագյուղացիների վստահության քվեն ստանալով՝ ինքը 4 տարի պետք է պաշտոնավարի որպես համայնքի ղեկավար: Նա ասաց, որ երեւի կաշխատի որպես համայնքի վարչական ներկայացուցիչ: Եթե որեւէ համայնք մայիսի 17-ի հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկի Դիլիջանին միավորվելուն, ի՞նչ է լինելու: Վ. Գրիգորյանն ասաց, որ այդ դեպքում համայնքը չի միավորվի, հարցը կմտնի Ազգային ժողով:

Դիլիջանից 9 կմ հեռավորությամբ գտնվող Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանը ասաց, որ համայնքների խոշորացման հարցի վերաբերյալ իր կարծիքը չի պարտադրում համագյուղացիներին, թող յուրաքանչյուրն ինքը կորոշի: Նա ասաց, որ Հայաստանի անկախացումից հետո պաշտոնյաները շատ խոստումներ են տվել, ժողովուրդը թերահավատ է դարձել դրանց նկատմամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031