Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը երեկ չի թույլատրել բուժօգնություն տրամադրեն Գոհար Ենոքյանին

Մայիս 05,2015 21:55

Aravot.am-ի հարցին, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը երեկ հանդիպել էր Գոհար Ենոքյանին, հայտնել է, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, ինչպե՞ս էր այսօր Գ. Ենոքյանի առողջական վիճակը, Գեղամ Հակոբյանն ասաց. «Ես մոտ մեկ ժամ առաջ եմ դուրս եկել մեկուսարանից, Գ. Ենոքյանի առողջական վիճակը շարունակում էր ծանր մնալ, հրավիրվել էր շտապբուժօգնության բրիգադ: Ի դեպ, նշեմ, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նրան ձերբակալելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացավ, մեր կողմից հրավիրվեց շտապ բուժօգնություն, սակայն քննիչը չթույլատրեց բժիշկները բարձրանան իր աշխատասենյակ և բուժօգնություն տրամադրեն»:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալման դեմ այսօր բողոքներ է ներկայացրել նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Գեղամ Հակոբյանն ասաց. «Բողոքներ եմ ներկայացրել տարբեր կառույցների, հատկապես ՀՀ գլխավոր դատախազին, թեպետ համոզված եմ, որ հենց նշված կառույցն է նշված ապօրինությունների գլխավոր նախաձեռնողը, սակայն դատավարական ընթացակարգերը այդ են պահանջում և հույս ունեմ, որ կսթափվեն և, ի վերջո, հաշվի կառնեն, որ ապօրինության զոհը 73- ամյա բազմավաստակ կին է և այդպիսի որոշում կայացնողների առնվազն ծնողի կամ տատիկի տարիքին է»:

Մեկ այլ բողոք էլ ներկայացվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Պաշտպանն Аravot.am-ին ասաց. «ՀՀ ԱԱԾ տնօրենից խնդրել եմ հետևողականություն ցուցաբերել՝ պարզելու համար, թե ինչ շահագրգռվածությամբ ու շարժառիթով է տեղի ունենում նման բնույթի բացահայտ ապօրինությունները, քանի որ այս վարքագիծն ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում: Սույն քրեական գործի հարուցման պահից՝ 2014թ. հունիսից, միջնորդել ենք քրեական գործի քննությունը հանձնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, սակայն արդեն իսկ հասկանալի է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը ձեռնտու չէր ինքնուրույնություն ունեցող կառուցի հանձնարարել գործի քննությունը և պետք էր ընդամենը կամակատար որևէ կառույց ընտրել: Սակայն այն, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կդառնար նման ապօրինության կամակատար՝ վեր էր երևակայության բոլոր սահմաններից, հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և այդ կառույցի ղեկավարի բարձր հեղինակությունը»:

Գեղամ Հակոբյանի գնահատմամբ՝ «Տեղի է ունեցել ապօրինի ձերբակալում, որն իրենից ենթադրում է քրեական պատասխանատվություն` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով, քանի որ առանց որևէ հիմքի ձերբակալվել է 73 ամյա կին, որը երբևէ կանչված չի եղել հարցաքննության, որևէ անգամ չի խուսափել քննությունից և որևէ առնչություն չունի նշված դեպքին և իրականության մեջ նման դեպք տեղի ունենալու փաստը որևէ կերպ հաստատված չէ»:

Aravot.am-ը վկայակոչելով «Կարո Կարապետյանին ծրագրավորել էին սպանել ոստիկանական համազգեստո՞վ. ուշագրավ մանրամասներ» հրապարակումը, համաձայն որի՝ «Գոհար Ենոքյանին ձերբակալել են նրա տունը խուզարկելուց հետո: Նույն աղբյուրները հայտնում են, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մարտական զենք, փամփուշտներ և ոստիկանական մայորի ուսադիրներ», հարցրեց, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ նույն տարածքը խուզարկվել է, այն էլ երկու անգամ:

Գեղամ Հակոբյանն այս կապակցությամբ ասաց. «Ձեր նշած հանգամանքները իրականության հետ որևէ աղերս չունեն, բացառությամբ Գոհար Ենոքյանի բնակարանում կրկնակի խուզարկություն կատարելու հանգամանքից: Ինձ համար նախ զարմանալի էր, որ քրեական գործից նման արտահոսք է տեղի ունենում: Ձեր հարցի կապակցությամբ հայտնեմ, որ Գոհար Ենոքյանի բնակության և աշխատավայրում, թե 2014թ. հունիսին կատարված և թե երկրորդ անգամ, արդեն ապօրինի` 2015թ. ապրիլին կատարված խուզարկության արձանագրությունների պատճենները մեր ձեռքի տակ են, որոնցով արձանագրված է, որ քննությանը հետաքրքրող որևէ առարկա չի հայտնաբերվել և որևէ իր չի առգրավվել: Նաև այլ քննությամբ պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե ինչ հիմքով է նույն քրեական գործի շրջանակում կրկնակի խուզարկության ենթարկվել Գոհար Ենոքյանի բնակարանը և աշխատավայրը, արդյոք քննիչը դատարանին միջնորդություն ներկայացնելիս ներկայացրել է, որ 2014թ. հունիսին ևս նույն քրեական գործի շրջանակում կատարվել է խուզարկություն և այլն: Այսինքն, ամփոփելով նշեմ, որ խուզարկությունները որևէ կապ չունեն ձերբակալման հետ: Կրկնում եմ, որ ձերբակալումը անհիմն է և ապօրինի, որի համար, անշուշտ, պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Ըստ լրատվամիջոցների՝  Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ:

Հարցին, թե Դուք եք իրականացրել Արայիկ Ենոքյանի պաշտպանությունը և մինչև վերջերս վիճարկում էիք նրա խափանման միջոցի հետ կապված հարցերը, արդյոք այդ գործը կապ ունի՞ Գոհար Ենոքյանի հետ, Գեղամ Հակոբյանն ասաց. «Այո, կապ ունեն և նույն քրեական գործի շրջանակում է տեղի ունեցել ներկայիս ձերբակալությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031